Մեր կենսախինդ Զվարթը

Հրապարակվել է 28 դեկ, 2022 թ. կարդալու ժամանակը՝ 3 րոպե
Մեր կենսախինդ Զվարթը
© Foto: Շուշանիկ Ներսեսյան

Նրա հույսով լի աչքերը փայլում են։ Սակայն միևնույն ժամանակ լցված են տխրությամբ․ նա ավելին է տեսել, քան իր տարիքի շատ կանայք։

Զվարթ Մանուչարյանը ստիպված էր լքել իր հայրական տունը 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով։ Ծագումով Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղից է, որտեղ անցկացրել է կյանքի մեծ մասը։ Մասնագիտությամբ տնտեսագետ Զվարթն ավելի քան 20 տարի աշխատել է որպես հաշվապահ Ակնաղբյուրում գտնվող իրենց խանութում։ Նա երջանիկ էր այնտեղ։ 

Երբ պատերզամը սկսվեց, Զվարթը ոչ մի կերպ չէր ուզում լքել Ասկերանը։ Նա շատ կապված է իր ծննդավայրին և չէր ուզում թողնել իր հիշողություններն այնտեղ։ Սակայն նա ստիպված եղավ հեռանալ հոկտեմբերի 23-ին և բնակություն հաստատել Երևանում։

Այս կենսախինդ կինը չի կորցրել իր հույսը։ Հավատարիմ մնալով իր անվան նշանակությանը՝ նա կարողացավ ուժ գտնել իր մեջ՝ ոտքի կանգնելու և իր ապագան Երևանում կերտելու համար։ Ծանոթանալով տարբեր ոլորտների՝ Զվարթը վերջիվերջո սկսեց զբաղվել հրուշակագործությամբ։ Նա մասնակցեց Սեդրակ Մամուլյանի խոհարարական ստուդիայի կողմից տրամադրված հրուշակագործության դասընթացին, որն իրականացվում էր Եվրոպական միության ֆինանսավորմամբ և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից իրականացվող «REACT. հակամարտությունից տուժած անձանց հումանիտար աջակցության և ինտեգրման ծրագրի» շրջանակում։ «Հրուշակագործությունն իմ մանկության երազանքն է։ Ես միշտ երազել եմ դրա մասին», նշում է Զվարթը։ Այժմ նա աշխատում է Ground Zero սրճարանում՝ որպես հրուշակագործ։ Զվարթն ուրախ է իր աշխատանքով և նպատակ ունի հետագայում հիմնել իր սեփական հրուշակարանը։ Նա հավատում է, որ նպատակասլացությունն ու աշխատասիրությունը կխթանեն իր երազանքների իրականացմանը։ 

Մինչ օրս REACT ծրագրի շրջանակում 73 շահառու ստացել է խոհարարության դասընթաց, և ևս 117-ը՝ հրուշակագործության դասընթաց Սեդրակ Մամուլյանի խոհարարության ստուդիայում։ Շեֆ-խոհարար Սեդրակ Մամուլյանը՝ Հայաստանի խոհարարական արվեստի ճանաչված ներկայացուցիչներից մեկը, նշում է. «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրության շրջանակում է։ Մեր կազմակերպությունը՝ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն, իր բնույթով ազգային գաղափարների, ազգային խոհանոցի, ազգային մշակույթի տարածման խնդիր է դրել իր առջև, և այստեղ մեր նպատակները և նման սոցիալական նախաձեռնության կողմից առաջարկվող ծառայությունը համահունչ են։ Ծրագիրը, որ մենք իրականացրել ենք, հատուկ մշակված էր։ Մշակված էր այն առումով, որ դասընթացն ավարտողները ոչ միայն կարող են հասարակական սննդի կենտրոններում ընդունվել աշխատանքի, այլև հնարավորություն ունեն զբաղվել անհատ ձեռներեցությամբ՝ ստեղծելով իրենցը։ Բացի այդ, ինչ վերաբերում է դասընթացն ավարտածներին հասարակական սննդի կետերում աշխատանքի տեղավորելուն, մենք օգտագործում ենք մեր կապերը և հաշվի առնելով մասնակիցների աշխատելաոճն ու հմտությունները, աշխատում ենք ներգրավել նրանց։ Ավարտելուց հետո մենք ոչ մի ուսանողի վերջնականապես չենք լքում, և նրանք դա գիտեն․ բոլոր հարցերով մենք սատար ենք լինում: Հետաքրքիր էր այն հանգամանքը, որ մարդիկ իմանալով որոշ հմտություններ, ծրագրի շնորհիվ ավելի հմտացան, առնչվեցին երևույթների հետ, որոնք պատրաստելիս իրենց մտքով չէր անցել, նոր հմտություններ և մթերքների ու հրուշակեղենի ավելի խորքային իմացություն ձեռք բերեցին»։ 

Այս ծրագիրը մի միջոց է տեղահանված մարդկանց օգնելու և հասարակության մեջ վերաինտեգրելու համար։ Նախագծի դասընթացավար Ռուզաննա Նահապետյանը նշում է, «Որքանով որ շփվել եմ մասնակիցների հետ, հասկացել եմ, որ բոլորն ուզում են ունենալ իրենց անձնական փոքրիկ բիզնեսը։ Դասընթացն ավարտելուց հետո՝ նրանք խոհարարական սարքավորումներ են ստացել, ինչը նպաստում է այս գաղափարի իրականացմանը։ Ես հետևում եմ նրանց սոցիալական էջերին և տեսնում, որ շատերը թխում են տանը և վաճառում դրանք։ Սա ինձ շատ է ուրախացնում։ Բոլոր մասնակիցները շատ տպավորված էին հենց Ձեր կազմակերպության աշխատանքով, որովհետև բոլոր աշխատակիցները հոգատար էին։ Այդ հոգատար վերաբերմունքից նրանք ոգևորվում էին»։

Եվրոպական միության շնորհիվ մենք օգնում ենք մարդկանց Հայաստանի 5 մարզում՝ Սյունիք, Վայոց ձոր, Կոտայք, Արարատ, Արմավիր՝ աշխատանք գտնելու և հասարակության մեջ ինտեգրվելու հարցում։ Այս նպատակով մասնագիտական դասընթացներ ենք տրամադրում խոհարարության, հրուշակագործության, կարուձևի, հաշվապահության, սոցիալական մեդիա մարքեթինգի և այլ ոլորտներում։ Մինչ օրս, շուրջ 670 շահառու ստացել է մասնագիտական դասընթաց մի շարք ոլորտներում։ 


Autor: Էլմա Վարդանյան, Հաղորդակցության գծով օգնական

Այլ հոդվածներ