ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ Միգրացիայի ոլորտի քաղհասարակության կազմակերպությունների համար
Հրապարակվել է 18 հնվ, 2024 թ. կարդալու ժամանակը՝ 3 րոպեՈւրախ ենք հայտարարել բաց մրցույթ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) համար՝ մասնակցելու կարողությունների զարգացման համապարփակ նախաձեռնությանը։ Այն կանցկացվի «Մարդը կարիքի մեջ» միջազգային կազմակերպության կողմից իրականացվող «Միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի շրջանակում։
Այս նախաձեռնության նպատակն է հզորացնել Հայաստանում ազգային և տեղական մակարդակներում գործող ՔՀԿ-ներին՝ խթանելով նրանց կարողությունները՝ միգրացիայի, ինտեգրման և սոցիալական փոփոխությունների հետ կապված մարտահրավերներին դիմակայելու և ոլորտային բացերը լրացնելու համար:
Հայաստանի 10 մարզերից և Երևանից մինչև 20 ՔՀԿ հնարավորություն կունենան ձեռք բերել և զարգացնել կարևոր հմտություններ, որոնց շնորհիվ կկարողանան ավելի արդյունավետ համագործակցել շահառուների հետ, գնահատել տեղական սոցիալական ծառայությունների կարիքներն ու ռեսուրսները, ներգրավվել քաղաքականության երկխոսության մեջ և իրականացնել փաստերի վրա հիմնված շահերի պաշտպանություն:
Բացի այդ, ակնկալվում է ստեղծել միգրացիոն ՔՀԿ-ների ամուր ցանց, որոնք կտրամադրեն որակյալ ծառայություններ միգրանտների տարբեր խմբերին:
Կարողությունների զարգացման թեմատիկ ուղղությունները
Ծրագրի շրջանակում ընտրված ՔՀԿ-ները կմասնակցեն հատուկ մշակված, թեմատիկ և իրենց կարիքներին համապատասխան աշխատարանների։ 4-5 օր տևողությամբ այս դասընթացներին զուգահեռ՝ կլինեն նաև մենթորային ուղղորդումներ՝ կազմակերպությունների կարողությունների զարգացման պլաններում վերհանված թեմաներով։ Այս մոտեցումը հնարավորություն կտա մասնակից ՔՀԿ-ներն անմիջականորեն նոր գիտելիքներ և մոտեցումներ կիրառել իրենց գործընթացներում և գործելակերպում՝ շոշափելի և կայուն արդյունքների հնարավորություն ստեղծելով։
Կարողությունների զարգացման աշխատարանների թեմաներն ընդգրկում են, բայց չեն սահմանափակվում հետևյալով․
- միգրանտների ծառայությունների մատուցման տեխնիկական հմտություններ,
- միգրանտների հետ աշխատող անձնակազմի հոգեբանական և սոցիալական պատրաստվածություն,
- միգրացիոն տերմինաբանություն,
- միգրացիոն օրենքներ և կարգավորումներ,
- ֆոնդհայթայթում,
- ծրագրի կառավարում,
- շահագրգիռ կողմերի ընդգրկում։
Գրանցված ՔՀԿ-ներ, որոնք ներգրավված են միգրացիոն ոլորտ մարտահրավերների լուծման գործընթացներում՝ միգրանտների տարբեր խմբերին ծառայությունների մատուցման և միգրացիոն քաղաքականության փոփոխությունների քարոզչության միջոցով։
Ծրագրի թիրախային կազմակերպությունների ընտրությունը կլինի մրցակցային, իսկ հայտերը կգնահատվեն հետևյալ չափանիշներով.
- Հարցազրույցներ վերջնական ընտրության համար՝ տեղում նախնական ընտրություն անցած թեկնածուների հետ,
- Մեկնարկային աշխատաժողով ընտրված մասնակիցների համար,
- ՔՀԿ-ում կարիքների և բացերի բացահայտում,
- Կարողությունների զարգացման սեմինարներ,
- Անհատական մենթորություն,
- «Չկոնֆերանս»․ ՔՀԿ-ների կողմից նախաձեռնված և նրանց կողմից առաջարկված թեմաները քննարկող համաժողով, որի ընթացքում կազմակերպությունները կկիսվեն իրենց փորձով և համագործակցային դաշտ կստեղծեն,
- Միգրացիոն ոլորտում ծրագրերի իրականացման համար ֆինանսավորման հնարավորություն։
Կարեւոր ժամկետներ
Առցանց տեղեկատվական հանդիպում` 2024թ․ հունվարի 30-ին, 16։00-17։00։
Հանդիպման Zoom հղումն այստեղ է։
Դիմելու վերջնաժամկետ` փետրվարի 15, 2024թ․
Հարցերի համար խնդրում ենք գրել հետևյալ հասցեին` grantsarmenia@peopleinneed.net.
Ինչպե՞ս դիմել
Հետաքրքրության դեպքում խնդրում ենք լրացնել հայտը:
Լրացված հայտը մինչև վերջնաժամկետը պետք է ուղարկել grantsarmenia@peopleinneed.net հասցեին՝ ուղարկվող նամակի թեմայի հատվածում նշելով “MPF_CSO capacity building”․
«Միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի նպատակն է հակազդել դեպի ԵՄ անդամ պետություններ անօրինական միգրացիային՝ ապահովելով վերադարձողների ու օտարերկրյա քաղաքացիների հաջող ինտեգրումը ՀՀ-ում։ Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ Միգրացիոն գործընկերության գործիքի (MPF) և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) միջոցով։ Ծրագիրը մի կողմից աջակցում է միգրացիայի և ինտեգրման քաղաքականությունների մշակմանն ու կատարելագործմանը, մյուս կողմից՝ ամրապնդում է ինչպես դեպի Հայաստան ներքին միգրացիայի կառավարման համար պատասխանատու պետական հաստատությունների, այնպես էլ միգրանտների տարբեր խմբերին ծառայություններ մատուցող քաղհասարակության կազմակերպությունների կարողությունները։ Ծրագրի շրջանակում մենք սերտորեն համագործակցում ենք ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի, տարածաշրջանային և տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության և մեդիա դերակատարների հետ։