«Առաքելություն Հայաստան» ՀԿ-ն աջակցել է հազարավոր տեղահանված անձանց

Հրապարակվել է 29 մյս, 2023 թ. կարդալու ժամանակը՝ 3 րոպե
«Առաքելություն Հայաստան» ՀԿ-ն աջակցել է հազարավոր տեղահանված անձանց
© Foto: Time Production for PIN

2021 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի փետրվար ամիսը «Առաքելություն Հայաստան»-ը «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության, Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության (ACTED) և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի (ՀՍԱԱ) հետ համագործակցությամբ իրականացրել է «REACT. հակամարտությունից տուժած անձանց հումանիտար աջակցության և ինտեգրման» ծրագիրը՝ Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության (ECHO) ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն էր արձագանքել Հայաստանի որոշակի շրջաններում բնակվող հակամարտությունից տուժած անձանց կարիքներին և բարձրացնել նրանց դիմակայունությունը: Արմավիրի, Լոռու և Շիրակի մարզերում բնակվող Լեռնային Ղարաբաղից տեղահանված և հակամարտությունից տուժած շուրջ 1600 անձինք օգտվել են դեպքի վարման, սոցիալ-հոգեբանական ծառայություններից և իրավական աջակցությունից:

Մենք ավելի քան 500 անձանց օգնել ենք դեպքի վարման ծառայությունների հասանելիություն ունենալ։ Մասնավորապես, Արմավիրի, Լոռու և Շիրակի մարզերում բնակվող՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված և հակամարտությունից տուժած առավել խոցելի անձանց խնդիրներին արձագանքնման մեխանիզմների և սոցիալական պաշտպանության բարելավման նպատակով «Առաքելություն Հայաստան»-ը տրամադրել է դեպքի վարման ծառայություններ` կարիքահեն ուղղորդումների, տեղեկատվության տրամադրման, խորհրդտատվությունների և միջամտությունների միջոցով։ Տրամադրված ծառայություններն օգնել են լուծել կոնկրետ խնդիրներ, ինչպիսիք են՝ մարդկանց պարենային անապահովությունը, գործազրկությունը, կացարանային խնդիրները, հագուստի, կրթության և բժշկական կարիքները, և նպաստել են ապագա հնարավորություններում նրանց ներառմանը:

Ընդհանուր առմամբ, ավելի քան 1200 անձ օգտվել է սոցիալ-հոգեբանական աջակցությունից, որը տրամադրվել է անհատական հոգեբանական խորհրդատվությունների և խմբային հանդիպումների միջոցով՝ հետկոնֆլիկտային և տեղահանման հետ կապված ծանր հոգեբանական տրավմայի դեպքերին համապատասխանորեն արձագանքելու համար։ Անհատական խորհրդատվությունները ներառել են այնպիսի միջամտություններ, որոնք ուղղված են եղել անձանց հոգեկան առողջության և սոցիալ-հոգեբանական բարեկեցության պաշտպանությանը և խթանմանը: Խմբային հանդիպումներն օգնել են հակամարտությունից տուժած համայնքներին զարգացնել գիտելիքներ ու հմտություններ՝ զգացմունքները ճանաչելու, կառավարելու և այնպիսի դժվարություններ հաղթահարելու համար, ինչպիսիք են հետտրավմատիկ սթրեսը կամ տեղահանությանը հաջորդող կորուստը և վիշտը: Մասնակիցները սովորել են նաև, թե ինչպես զարգացնել ինքնակարգավորման և միջանձնային հաղորդակցման հմտություններ: Դասընթացի նպատակն էր մեղմել խտրականությունն ու մարգինալացումը և ամրապնդել ու վերականգնել կառուցողական միջանձնային փոխհարաբերությունները:


Ավելի քան 1000 անձանց տրամադրվել են իրավաբանական ծառայություններ, որոնցից 50-ը իրավաբանական տեղեկատվություն և աջակցություն են ստացել համապատասխան փաստաթղթեր ձեռք բերելու կամ վերականգնելու համար: «Առաքելություն Հայաստան»-ը նաև տրամադրել է իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն փաստաթղթերի, իրավունքների և համապատասխան ընթացակարգերի վերաբերյալ՝ սոցիալական նպաստներից օգտվելու նպատակով։ Ավելին, իրավաբանական աջակցությունը միտված էր իրավական խնդիրների արձագանքմանը՝ միաժամանակ նպաստելով շահառուների՝ նմանատիպ խնդիրներն ինքնուրույն լուծելու կարողությունների մեծացմանը:

«Ծրագրի շրջանակում իրականացված բոլոր միջամտությունները ուղղված են եղել բնակչության շրջանում դիմակայունության խթանմանը և հիմնվել են մարդու իրավունքների, ինչպես նաև մասնակցայնության և «Մի´ վնասիր» սկզբունքների վրա: REACT Ծրագրի հաջողությունը ապահովվել է ծրագրի կոնսորցիումի անդամների և բոլոր շահագրգիռ կողմերի՝ պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ հասարակական կազմակերպությունների սերտ համագործակցությամբ»,- ասում է «Առաքելություն Հայաստան»-ի փոխնախագահ Ալլա Հարությունյանը:


«Առաքելություն Հայաստան»-ն իրականացրել է փաստերի վրա հիմնված շահերի պաշտպանություն՝ հակամարտությունից տուժած անձանց իրավունքների իրացման հիմքում ընկած խորքային խոչընդոտներըին արձագանքելու և պետական աջակցության ծրագրերին նրանց հասանելիությունը բարձրացնելու նպատակով: Մասնավորապես, շահերի պաշտպանության հանդիպումներ են անցկացվել պետական մարմինների, հատկապես՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Միասնական սոցիալական ծառայության, մարզպետարանների, համայնքների ղեկավարների և ոչ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։ Այս հանդիպումների նպատակն էր քննարկել և մշակել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած և տեղահանված անձանց ծառայություններ մատուցելու և պետական աջակցության ծրագրերին վերջիններիս հասանելիությունը բարձրացնելու մեխանիզմները։ Մասնակիցները մշակել են տեղահանված անձանց պետական աջակցության ծրագրերում առկա բացերի՝ փաստերի վրա հիմնված վերլուծություն և համապատասխան առաջարկություններ, որոնք ներկայացվել և քննարկվել են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ: Պետական աջակցության ծրագրերի մասին տեղեկատվությունը սոցիալական ցանցերի համապատասխան ալիքների և ռադիոհաղորդումների միջոցով տարածվել է հակամարտությունից տուժած անձանց և հանրության շրջանում:

«Որպեսզի մարդասիրական աջակցությունը և ծառայություններն երկարատև ազդեցություն ունենան, մենք պետք է արձագանքենք գլոբալ քաղաքականության մեջ առկա խոչընդոտներին: Հետևաբար, շահերի պաշտպանության գործիքակազմը թույլ տվեց մեզ որոշում կայացնողներին փոխանցել առկա խնդիրները և փաստերի վրա հիմնված առաջարկությունները: Մենք հետևողական կլինենք արդյունքների հարցում»,- ասում է Ալլան։

Autor: «Առաքելություն Հայաստան» ՀԿ

Այլ հոդվածներ