Երազելով ավելի լուսավոր եւ խաղաղ ապագայի մասին
Հրապարակվել է 13 հնվ, 2023 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպեԼեռնային Ղարաբաղի հակամարտությունը խորապես ազդել է տարածաշրջանում ապրող երեխաների վրա։ Լեռնային Ղարաբաղում բնակվող երեխաները ստիպված էին թողնել իրենց մանկությունը և հայտնվել անհայտության մեջ։ Նրանց համար հեռանալու ընտրությունն անգիտակցաբար էր և անհիմն՝ ի տարբերություն չափահասների, ովքեր գիտակցում էին այն վտանգը, որի առջև կանգնած էին։
Հակամարտության հետևանքները մեղմացնելու և այս երեխաներին կրկին ժպիտ պարգևելու համար՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն սահմանամերձ Գորիս համայնքում հիմնեց Մանկական զարգացման կենտրոններ, որտեղ երեխաները ստանում են սոցիալ-հոգեբանական աջակցություն տարբեր խաղերի և զբաղմունքների միջոցով։
«Այսպես էլ ապրում ենք Հայաստանում» ֆիլմաշարի շրջանակում նկարահանել ենք Մանկական զարգացման կենտրոնների առօրյան, որպեսզի ցույց տանք, թե ինչպես են 6-ից 14 տարեկան երեխաները վերսկսել իրենց կյանքը պատերազմից հետո։
Լորան, ով ապրում է Գորիսում, Մանկական զարգացման կենտրոններում հոգեբան է։ Երբ պատերազմը սկսվեց, նա կամավոր այցելում էր ապաստարաններում բնակվող մարդկանց և փորձում էր օգնել նրանց հաղթահարել սթրեսը և ազատ արտահայտել զգացմունքները։ Լորայի փորձը նույնպես նպաստեց այն գաղափարին, որ պետք է հիմնել Մանկական զարգացման կենտրոններ՝ երեխաներին և նրանց ծնողներին երկարաժամկետ աջակցություն տրամադրելու համար։ Այժմ Սյունիքի մարզի Գորիս, Վերիշեն, Խնձորեսկ, Քարահունջ, Որոտան և Շուռնուխ համայնքներում գործում է մանկական զարգացման յոթ կենտրոն, որտեղ ավելի քան 420 երեխա իր ժամանակն է անցկացնում հասակակիցների հետ։ Այս կենտրոնները հիմնվել են «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից և ներկայումս գործում են Եվրոպական միության ֆինանսավորման շնորհիվ՝ «REACT. հակամարտությունից տուժած անձանց հումանիտար աջակցության և ինտեգրման ծրագրի» շրջանակում։
Ժամանցն ու գիտելիքը երկուստեք կարևոր են Մանկական զարգացման կենտրոնների աշխատանքը կազմակերպելիս։ Երեխաները մասնակցում են բազմաժանր միջոցառումների, որոնք նրանց օրը լցնում են հետաքրքրությամբ և հնարավորություն են տալիս նրանց՝ աշխարհը բացահայտել տարբեր տեսանկյունից։ Միջոցառումները ներառում են խմբային խաղեր, ստեղծագործական աշխատանք, նկարչություն և կավագործություն, ասեղնագործություն և հելունագործություն, ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) առարկաների դասընթացներ, յոգա և մարմնամարզություն, ճամբարներ, այցելություն թանգարաններ, թատրոններ և տեսարժան վայրեր։ Ծնողները նույնպես օգտվում են զարգացման կենտրոնների ընձեռած հնարավորություններից․ նրանք ստանում են սոցիալ-հոգեբանական աջակցություն և կարողությունների զարգացման հնարավորություններ, զարգացնում են ծնողավարության հմտությունները և սոցիալիզացիայի մաս են դառնում։
Զարգացման կենտրոնների մյուս հնարավորությունը խմբավարներին տրամադրվող շարունակական վերապատրաստումն է։ Այն հնարավորություն է տալիս նրանց հարստացնել իրենց գիտելիքն ու հմտությունները երեխաների հետ աշխատելիս և դասավանդել նրանց ժամանակակից մեթոդներով։
Մանկական հիշողություններն անցյալի ամենաքաղցր ու ջերմացնող պահերն են, որոնք չեն մոռացվում։ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից հիմնադրված Մանկական զարգացման կենտրոնները լավագույնս լրացնում են այս երեխաների կյանքը՝ լցնելով պատերազմի հետևանքով առաջացած բացերը հաճելի և բարի հիշողություններով։