Բարձրորակ անվճար կրթություն 1500 աշակերտի և 150 ուսուցչի համար
Հրապարակվել է 22 ապր, 2022 թ. կարդալու ժամանակը՝ 3 րոպեԱպրիլի 5-ին, 8-ին և 11-ին «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակն ամփոփել է Լոռու, Շիրակի և Կոտայքի մարզի ուսուցիչների և աշակերտների համար անցկացվող անվճար աշխատարանների շարքը։ Նախաձեռնությունն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության «ԵՄ Քովիդ-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շրջանակում։
Աշխատարանների շարքը բխում է համավարակի բերած սահմանափակումների և դժվարությունների պայմաններում առցանց ու անվճար հայալեզու կրթական ռեսուրսների կիրառման հնարավորությունների ընդլայնման անհրաժեշտությունից և կարևորությունից։ Նպատակի ապահովման միջոցն «Այբ» կրթական հիմնադրամի՝ անվճար և շարունակական կրթություն ապահովող «Քան» հարթակի հնարավորությունների ու գործիքակազմի լիարժեք ու արդյունավետ յուրացումը, ուսուցման և ուսումնառության արդի մեթոդների կիրառումը խթանող դասընթացներն են։ Դրանք անցկացվել են Երևանից հետո ամենաշատ դպրոցներ, աշակերտներ և ուսուցիչներ ունեցող, ինչպես նաև 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո մեծ թվով տեղահանվածներ հյուրընկալած երեք մարզերում՝ ապահովելու հնարավորինս մեծ հասցեականություն առավել մեծ թվով շահառուների համար։
Ավարտական միջոցառումները կայացել են Կոտայքի մարզպետարանում, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում՝ եզրափակելով ծրագրի արդյունքները հաջորդաբար Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերի համար։ 2021 թվականի սեպտեմբերից մինչև 2022 թվականի ապրիլ ծրագրում ներգրավվել են երեք մարզի միջին և ավագ դպրոցների 1500 աշակերտ և բնագիտական առարկաների ու մաթեմատիկայի 150 ուսուցիչ։ Եզրափակիչ միջոցառումներին հավաստագրեր են ստացել դասընթացները հաջողությամբ ավարտած բոլոր ուսուցիչները։ Առաջիկայում յուրաքանչյուր մարզից կառանձնացվեն իրենց ակտիվությամբ աչքի ընկած հինգ ուսուցիչ, որոնց կտրվի «Քան» ակադեմիայի դեսպան ուսուցչի կոչում և հնարավորություն սեփական փորձառությունը փոխանցելու այլ ծրագրերի շրջանակում։
Պաշտոնապես ամփոփվել են նաև մարզերի 5-12-րդ դասարանցիների համար կազմակերպված մրցույթի արդյունքները։ «Քան»-ի հարթակում 100 հազար և ավել միավոր հավաքածները ստացել են պատվոգրեր, իսկ յուրաքանչյուր մարզից առավելագույն միավորներ հավաքած լավագույն եռյակները՝ հատուկ մրցանակներ։ Կոտայքի մարզում լավագույն քառյակը գլխավորող Մարի Մաթևոսյանը գրանցել է բոլոր մարզերի համար լավագույն ցուցանիշը՝ 7․077․880 միավոր։ Լոռու մարզում միավորների առավելագույն շեմը սահմանել է Մարիամ Յարիբեկյանը՝ 3․101․482, իսկ Շիրակի մարզում՝ Լյովա Կարապետյանը՝ 6․612․356։
Ամսի 11-ին՝ Գյումրում կայացած միջոցառման ավարտին «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը նշել է, որ անչափ ուրախ է աշխատարանների միջոցով այսքան մեծ թվով մասնակիցների համար ստեղծված հնարավորությունների համար․ «ԵՄ-ի ֆինանսավորմամբ և «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հետ համատեղ երեք մարզում ակտիվ աշխատանք ենք տարել ուսուցիչների և աշակերտների հետ, արդյունավետորեն ներդրել ինքնակրթության մշակույթը զարգացնող նոր կրթական տեխնոլոգիաներ։ Հույս ունեմ՝ աշակերտների և ուսուցիչների այս հաջողությունը բանալի կդառնա նրանց հետագա կրթական ճանապարհի համար»։
«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի «ԵՄ Քովիդ-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագրի» տարածաշրջանային ղեկավար Թինաթին Ջափարիձեն, կարևորելով ծրագիրը, նշել է․ «Մենք շատ բազմաոլորտ ծրագրեր ենք իրականացնում Հայաստանում, սակայն այս մեկն իր հետաքրքիր կողմն ունի․ սա հնարավորություն էր աշխատելու միանգամից մի քանի մարզում, այն էլ համավարակով ստեղծված իրավիճակին ի արձագանք։ Շատ ուրախ ենք մեր ներդրումն ունենալու այստեղ»։
Ծրագրի մասնակից՝ Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի ուսուցչուհի Արմինե Հովհաննիսյանը, պատմել է, որ վերապատրաստումները շատ լավ են անցել․ «Հաճույքով լսել եմ դասընթացավարներին և կատարել առաջադրանքները։ Վերջին նյութերից մեկը «Շրջված դասարան» մեթոդի մասին էր։ Այս թեմայով դասեր շատ են եղել, բայց «Այբ»-ինն իր ձևաչափով տարբերվում էր։ «Քան»-ի հարթակը հիբրիդային ձևաչափով ենք կիրառում։ Այստեղ առաջադրանքներ կատարելիս երեխաներն ազատ են տնօրինել իրենց ժամանակը, ինչը կարծում եմ՝ նպաստում է, որ ավելի հաճույքով սովորեն»։
Կոտայքի մարզը ներկայացնող երկու քույրերը՝ Մարի Մաթևոսյանն ու Արփի Մաթևոսյանն, որոնք լավագույն երկու արդյունքն են գրանցել իրենց մարզում, հավաքելով համապատասխանաբար 7․077․880 և 5.001.011 միավոր, նշել են, որ ի սկզբանե իրենց նպատակը երեք միլիոնին հասնելն էր, բայց երբ շատ արագ հատեցին այդ շեմը, շարունակեցին մինչև իրենց առավելագույնին հասնելը։
Լինելով «Այբ» կրթական հիմնադրամի էլեկտրոնային ռեսուրսների տեղայնացման ծրագիրը՝ «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակն առաջնային նպատակ ունի ապահովել հայալեզու բարձրորակ անվճար կրթություն աշակերտների և ուսուցիչների համար՝ բարձրացնելով առցանց ռեսուրսների հասանելիությունը և այդկերպ նպաստելով ինքնուրույն ուսումնառության մշակույթի կայացմանը։ 2017 թվականից ի վեր «Քան»-ը տեղայնացնում է բնագիտամաթեմատիկական, արվետի և հումանիտար գիտությունների, ձեռնարկատիրության և այլ առարկայական ոլորտների բազմաթիվ վարժություններ, տեսադասեր, հոդվածներ ու այլ կրթական նյութեր՝ բաց բոլորի համար և ամենուր։