Կանաչ կերերի արտադրություն․ նորարար սթարթափ Վերիշենում
Հրապարակվել է 28 հնս, 2023 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպեԱրցախյան պատերազմից հետո Գորիս համայնքի մի շարք բնակավայրեր կորցրեցին արոտավայրերը, ինչը հանգեցրեց նորանոր խնդիրների։ Գյուղացիները սկսեցին վաճառել խոշոր եղջերավոր անասուններին կամ մորթել դրանց՝ կորցնելով եկամուտ ստանալու միակ հնարավորությունը։ Արձագանքելով ստեղծված իրավիճակին՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հետ որոշեցինք հիդրոպոնիկ եղանակով կանաչ կերեր ստանալ և օգնել գյուղացիներին, - նշում է «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ռուզաննա Տոռոզյանը։
Տեղական կառավարման մարմինների հետ համագործակցությամբ՝ կանաչ նախաձեռնությունը թիրախավորում է համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին։ «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամը կանանց համար կազմակերպել է հիդրոպոնիկ եղանակով կանաչ կերի արտադրության և կառավարման դասընթացներ․ արդյունքում՝ նրանք ստեղծել են ֆերմերային տնտեսություն և կառավարում են այդ համակարգը։ Նորաստեղծ այս արտադրությունն ապահովում է օրական շուրջ 40 կենդանու կեր, որը տրամադրվում է համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին, այդ թվում՝ արտադրամասի աշխատակիցներին, ովքեր հերթափոխով աշխատում են օրական երկու ժամ։
Ռուզաննա Տոռոզյանը նշում է, որ այս ծրագիրը հնարավորություն է տալիս նաև համայնքում նոր մշակույթ ձևավորել, քանի որ նոր տեխնոլոգիաներն ու նորարարությունը սկզբնական շրջանում դժվարությամբ են ընդունվում տեղացիների կողմից և պնդում է, որ արդի մարտահրավերները պետք է հաղթահարել տեխնոլոգիաների աջակցությամբ։
Վերիշենում հիդրոպոնիկ եղանակով կանաչ կերերի արտադրությունը ստեղծվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի «Դիմակայուն քաղաքացիական հասարակություն» ծրագրի շրջանակում։ «Կենսունակ քաղաքացիական հասարակություն» տարածաշրջանային ծրագրի նպատակն է բավարարել առավել խոցելի խմբերի անվտանգության, սոցիալական և հոգեբանական կարիքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով սահմանամերձ տարածքներում բնակվող քաղաքացիական բնակչությանը՝ հակամարտության հետևանքները մեղմացնելու համար։
Ծրագրի շրջանակում «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն «Պահապան» հիմնադրամի, «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի և «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի հետ համատեղ 3 նախաձեռնություն է կյանքի կոչել՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի սահմանամերձ շրջաններում տուժած խոցելի խմբերին աջակցելու նպատակով։