Հուսահատության մեջ երբեք չմարող հույսը․ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հրատապ աջակցությունը տեղահանված անձանց

Հրապարակվել է 13 դեկ, 2023 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպե
Հուսահատության մեջ երբեք չմարող հույսը․ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հրատապ աջակցությունը տեղահանված անձանց
© Foto: Արազ Հաջյան

Լեռնային Ղարաբաղի սեպտեմբերյան վերջին իրադարձություններից հետո` 9 ամիս անմարդկային շրջափակման մեջ գտնվող ավելի քան 100 հազար քաղաքացի, բռնի տեղահանության արդյունքում, կանգնել են օգնության խիստ կարիքի առջև։ Հուսահատության, ցավի, անորոշության մեջ՝ անհրաժեշտ էր անհապաղ արձագանքել մարդկանց առջև ծառացած կարիքներին ու անելանելի իրավիճակին։ 

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն հումանիտար աջակցություն տրամադրող առաջին կազմակերպություններից մեկն էր, անսասան մնալով իր առաքելությանը՝ տեղահանության առաջին իսկ օրերից ձեռնամուխ եղավ տեղահանված անձանց կարիքների արագ արձագանքմանը՝ իր Club of Friends հիմնադրամի շնորհիվ հատկացնելով 40 հազար եվրո գումար։ 

Հումանիտար աջակցության այդ փուլում շեշտը դրված էր մարդկանց առաջին անհրաժեշտության սննդի փաթեթների տրամադրման վրա, որն իր մեջ ներառում է ձեթ, շաքարավազ, հնդկաձավար, ոսպ և այլն։ 1000 անուն սննդի փաթեթները, որոնք բավարար են մեկ ընտանիքի ամսական հոգսը թեթևացնելու համար, բաշխվել են Սյունիքի մարզի Տեղ, Տաթև, Սիսիան, Գորիս, Քաջարան, Մեղրի համայնքներում վարձակալությամբ կամ հյուրընկալությամբ բնակվող տեղահանված անձանց։ Ընտանիքների վերաբերյալ տեղեկատվությունը մեզ է տրամադրվել համայնքապետարաններից։ Այս ամենից բացի՝ մեր աջակցությունն ենք բերել նաև մեր հայրենակիցներին Գորիսի գրանցման կետում՝ օգնելով նրանց գրանցման հարցում և նրանց կողքին լինելով՝ ասես մենակ չլինելու խոստում տալով։ Ինչպես նաև տրամադրել ենք տեխնիկական աջակցություն՝ այս մարդկանց առանց այն էլ խարխլված կյանքը վերականգնելու բարդ ընթացքը պարզեցնելու համար։ 

Տեղահանված անձանց հետ խոսելը շատ ծանր էր։ Նրանք չէին ցանկանում բարձրաձայնել մտքերը՝ իրենց շրջապատող դաժան իրականությանը չառերեսվելու համար։


Փորձեցինք զրուցել Արցախից տեղահանված մի ուսուցչուհու հետ, ով չցանկանալով լուսանկարվել՝ մեծ ցավով էր հիշում վերջին իրադարձությունները և հազիվ էր բառեր գտնում հույզերն արտահայտելու համար։ Ստեփանակերտի հրետակոծության ժամանակ դպրոցում էր․ երեխաների սարսափահար ճիչերի լուռ վկան լինելով՝ ի զորու չէր որևէ բան անել այդ ամենը կանխելու համար։ Դուստրն այդ ժամանակ նույն դպրոցի մյուս հարկում էր, իսկ որդին քաղաքի մեկ այլ դպրոցում էր․ «Չգիտեի նորից կկարողանամ տեսնել նրան, թե՝ ոչ»։ Նա միանգամայն պարզ հիշում է, թե ինչպես էին մարդիկ խելակորույս շտապում դպրոց՝ երեխաներին փրկելու համար։ «Նրանցից ոմանք կարողացան, ոմանք՝ ոչ։ Բալիկներից մեկը չհամբերեց մոր հետ հանդիպմանն ու․․․ », - նա չի կարողանում զսպել իրեն և ավարտել նախադասությունը։

Այս պահին նրանք տեղափոխվել են Հայաստան՝ նոր կյանք սկսելու հույսով, իսկ մենք էլ փորձում ենք մեր օգնությամբ փոքր-ինչ թեթևացնել նրանց հոգսերը։

Անսասան մնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժածներին օգնելու մեր առաքելությանը՝ շարունակում ենք անել ամեն հնարավորը՝ իրենց կյանքը Հայաստանում նորից վերակառուցել ցանկացող մեր հայրենակիցներին հույս և կենսունակություն տրամադրելու համար։ 


Autor: Էլմա Վարդանյան

Այլ հոդվածներ