Աջակցելով սեպտեմբերյան հարձակումից տուժած ընտանիքներին
Հրապարակվել է 27 փտվ, 2023 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպեՎերիշենում բնակվող Բակունցների ընտանիքը հազարավոր ընտանիքներից մեկն է, որ տուժել է 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման հետևանքով։ Տիկին Զոյան առողջական խնդիրների պատճառով, այդ օրը տանը չէր գիշերում, այլ հիվանդանոցում։ Երջանիկ պատահականությամբ՝ երեք թոռները նույնպես տանը չեն եղել պայթյունի պահին․ հասցրել են մինչ այդ տեղափոխվել թաքստոց։ Տիկին Զոյայի ամուսինը՝ Ռաֆիկը պատմում է, որ ուժեղ ձայն է լսել ու անմիջապես հասկացել իրողությունը։ Սկզբից կարծել է, թե իրենց տան վրա է ընկել ականանետային արկը, ապա պարզվել է, որ դիմացի տան հատվածում էր ընկել, նշում է Ռաֆիկ Բակունցը և ցույց տալիս տարածքը։
Բակունցների տան պատուհաններն են կոտրվել․ այն արդեն հասցրել են վերանորոգել, ձմռան ցրտին դիմակայելու համար։ Ռաֆիկը պատմում է, որ իր թոռներից Մարիամը, չի հավատացել նրա պատասխանին՝ թե ուժեղ քամի է եղել, ուրիշ ոչինչ։
Սալբունցների ընտանիքը նույնպես տուժած ընտանիքներից է։ Նրանք Ակներում են բնակվում։ Թեև վերանորոգումը սկսված է, վնասները դեռ ակնհայտ նկատելի են։ Էդգարը իր կնոջ ու ծնողների հետ է ապրում այս տանը։ Նրանք նույնպես սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը կրակոցների ձայնից են արթնացնել ու հասցրել թաքնվել թաքստոցում։ Տունը լքելուն պես՝ ականանետային արկն ընկել է հենց իրենց տան վրա։ Տանիքը այրվել է, հատակը ծակվել, պատուհանները կոտրվել, սենյակում հրդեղ է բռնկվել։
«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն Եվրոպական միության հումանիտար աջակցության շնորհիվ «Արտակարգ իրավիճակների արագ արձագանքում՝ Հայաստանում համակարտությունից տուժած բնակչության համար» ծրագրի շրջանակում ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում օգնում է տուժած տեղացի, տեղահանված ու անապահով ընտանիքներին՝ վճարելով վաթսուն հազար դրամ ձմռան կոմունալ ծախսերի համար կամ տրամադրելով կանխիկ գումար։ Շահառուների ընտրությունը կատարվում է համայնքապետարանների և Միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցությամբ՝ առաջնահերթություն տալով պատերազմում զոհված կամ վիրավորում ստացած անձանց ընտանիքներին, տունը վնասված կամ կորցրած անձանց, միայնակ ծերերին, չորս և ավելի զավակ ունեցող ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող կամ վագոն-տնակներում բնակվող անձանց։ Ծրագրի շրջանակում «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից աջակցություն է ստացել շուրջ 1000 ընտանիք։
«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի «Արտակարգ իրավիճակների արագ արձագանքում՝ Հայաստանում համակարտությունից տուժած բնակչության համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության հումանիտար աջակցությամբ՝ Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության (ACTED) հետ համատեղ։