People in Need-ի աջակցությունը՝ Լեռնային Ղարաբաղից ժամանած ընտանիքներին

Հրապարակվել է 18 նոյ, 2020 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպե
People in Need-ի աջակցությունը՝ Լեռնային Ղարաբաղից ժամանած ընտանիքներին
© Foto: Շուշանիկ Ներսեսյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում Հայաստան ժամանած հազարավոր ընտանիքների համար «Մարդը կարիքի մեջ» /People in Need հասարակական կազմակերպությունը (ՀԿ) աջակցության ծրագիր է մեկնարկել: Կազմակերպությունը կշարունակի հումանիտար աջակցությունը նաև ձմռանը:

Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության արդյունքում ստեղծված մարդասիրական ճգնաժամին ի պատասխան` «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն Club of Friends  ֆոնդից 50 հազար դոլար է հատկացրել Հայաստանում մարդասիրական օժանդակության ծրագրի համար։ Մենք գործադրում ենք նաև Հարավային Կովկասում ձեռք բերված երկար տարիների մեր աշխատանքային փորձն ու ներուժը։ Մեր ընկերության հայաստանյան գրասենյակը մինչ այժմ իրականացնում էր Սյունիքի մարզում զբոսաշրջության, Շիրակի մարզում տնտեսության աճի և զբաղվածության խթանման, ինչպես նաև զարգացման այլ ծրագրեր, այդուհանդերձ մեր թիմն արագ արձագանքեց հումանիտար օգնության աշխատանքների մեկնարկին։

Լեռնային Ղարաբաղի 145 հազար բնակչության շուրջ 100 հազարը ստիպված էին լքել իրենց բնակավայրերը: Մեծամասնություն են կազմում կանայք, երեխաները եւ ծերերը, ովքեր լքելով իրենց տները՝ ապահով կացարան են փնտրում Հայաստանում:

Խնամքը կարևոր է

Այս օրերին Սյունիքի մարզի Գորիս քաղաքը դարձավ Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան տեղափոխվելու հիմնական անցակետը։ Մարդիկ տեղափոխվում էին Գորիս կամ կանգ առնում Գորիսում ու շարունակում ճանապարհը դեպի ՀՀ այլ մարզեր: Հազարավոր մարդիկ են այժմ ապրում հյուրընկալող ընտանիքներում, հյուրանոցներում, մանկապարտեզներում և այլ կացարաններում:

Հակամարտության առաջին օրերից մեր կազմակերպությունը սկսեց խնամքի պարագաներ տրամադրել: Ավելի քան 1200 ընտանիքների տրամադրել ենք խնամքի պարագաների մեծ փաթեթներ (օճառ, ատամի խոզանակ, ատամի մածուկ, լվացքի փոշի, սրբիչներ, ալկոգել, պաշտապանիչ դիմակներ եւ այլ պարագաներ): Լրացուցիչ փաթեթներ ենք տրամադրել նաև 480 երեխաների, 600 կանանց եւ 110 ծերերի անձնական խնամքի համար: Տավուշի մարզի խոցելի ընտանիքներին տրամադրել ենք նաեւ սնունդ:

Հաշվի առնելով համավարակի տարածման բարձր ցուցանիշները, COVID-19-ի կանխարգելման կանոնների մասին իրազեկման միջոցառումներ ենք նաեւ իրականացնում:

Երեխաների զարգացման կենտրոն 

Հակամարտությունից տուժած երեխաներից շատերը հոգեբանական աջակցության կարիք ունեն, այդ իսկ պատճառով «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունը Գորիսի համայնքապետարանի հետ համատեղ երեխաների զարգացման կենտրոն է ստեղծել մանկական գրադարանում։ «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վարդուհի Դադունցը նշում է. «Այստեղ երեխաները կարող են թեկուզ մի պահ մոռանալ այն ամենի մասին, ինչին ականատես են եղել վերջին շրջանում: Նրանք կարող են նկարել, մուլտֆիլմեր դիտել, խաղալ միմյանց հետ եւ պարզապես իրենց մանուկ զգալ: Առաջիկայում երեխաներին եւ նրանց ծնողներին օգնություն կցուցաբերեն նաեւ հոգեբանները»:

Մեր կազմակերպությունից բացի հարյուրավոր նախաձեռնություններ, կամավորական խմբեր, ՀԿ-ներ ու անհատներ են օգնում տեղափոխված ընտանիքներին: «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության Արտակարգ իրավիճակների ծրագրերի ղեկավար Մարեկ Շտիսը նշում է․ «Իրականացվող աշխատանքներից բացի, դիմում ենք նաեւ հումանիտար աջակցության հիմնական դոնորներին՝ ֆինանսական միջոցների ներգրավման համար: Հավանաբար, տասնյակ հազարավոր ընտանիքներ ձմռանը դեռ կշարունակեն մնալ Հայաստանում»։

«Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունն աջակցություն է ցուցաբերել Սյունիքի, Արմավիրի, Արարատի եւ Տավուշի մարզերում՝ համակարգելով աշխատանքները համայնքապետարանների հետ։


Autor: Tereza Hronová, Shushanik Nersesyan

Այլ հոդվածներ