Կախասնկերի աճեցում․ Զինայի նոր բիզնես գաղափարը

Հրապարակվել է 05 օգս, 2021 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպե
Կախասնկերի աճեցում․ Զինայի նոր բիզնես գաղափարը
© Foto: Tereza Hronová

Զինա Մանուկյանը բիզնես գաղափար ունի: Նա ցանկանում է Գյումրիում կախասունկ աճեցնել ու վաճառել: Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «COVID-19 համերաշխության ծրագրի» շնորհիվ` նրա գաղափարն իրականություն է դառնում։

27-ամյա Զինան ապրում է մայրիկի հետ․ նրանք միասին հոգ են տանում Զինայի մեկ և երեք տարեկան որդիների համար: Զինան դժվարանում է աշխատանք գտնել ու միաժամանակ խնամել նաև որդիներին: Համավարակը սկսվելուն պես, աշխատանք գտնելն էլ՛ ավելի դժվար դարձավ:

Նա տեղեկացավ Համերաշխության ծրագրի մասին, և իր սեփական ապրուստը վաստակելու երազանքն իրականություն դարձավ: «Պայքար ԿՈՎԻԴ-19-ի դեմ` կանանց ձեռներեցության խթանման միջոցով» ծրագիրը, որն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության աջակցությամբ և գործընկեր՝ «Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ի կողմից, Շիրակի մարզում օգնում է կանանց բիզնես գործունեություն ծավալել։

Դրամաշնորհային մրցույթին մասնակցել է 28 կին։ Զինան 13 հաջողակներից է, ում գաղափարը հաղթեց։ Մենթորների օգնությամբ նա մշակել է իր ստարտափի զարգացման ուղին: «Սկզբում ուզում էի բանջարեղեն աճեցնել, բայց հետո մտափոխվեցի։ Իմ բիզնեսը կախասնկերի աճեցումն ու վաճառքն է», - նշում է նա: Սնկի «ինկուբատորը» գտնվում է նրա բնակարանի նկուղում։ Նա դեռ փորձարկում է խոնավությունն ու ջերմաստիճանը: Երբ վերջնականապես բացահայտի, թե ինչպես դրանք արդյունավետ աճեցնել, կսկսի վաճառել:

«Այն շատ առողջարար է, Գյումրիի շուկաներում գրեթե չեմ հանդիպում այս սնկից, բայց մեծ պահանջարկ կա՝ հատկապես երիտասարդների շրջանում», - ասում է Զինան,

Մինչ երեխաների ծնվելը Զինան աշխատում էր որպես վարսավիր, կարում ու մատնահարդարմամբ էր զբաղվում գումար վաստակելու համար: Երեխաների ծնունդից հետո, նրա ժամանակը չէր բավարարում աշխատանքի համար: «Սկզբում մտածում էի վարսահարդարման բիզնես զարգացնելու մասին, բայց հետո կանգ առա կախասնկերի աճեցման գաղափարի վրա», - նշում է նա:

Մինչ սնկերն աճում են, Զինան մտորում է ընկերության անվանման շուրջ։


 «Կանանց իրավունքների տուն»-ը նորաստեղծ հասարակական կազմակերպություն է Գյումրիում, որը նպատակ ունի խթանել կանանց ձեռներեցությունը Շիրակի մարզում։ «Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ն մեկն է այն կազմակերպություններից, որն աջակցություն է ստացել «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից՝ «ԵՄ COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շրջանակում: Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացող ծրագրի նպատակն է հաղթահարել համավարակի բացասական հետևանքներն ու խոցելի խմբերի շրջանում նպաստել սոցիալ-տնտեսական դիմակայունությանը։ Ծրագիրն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության կողմից մի շարք երկրներում՝ այդ թվում Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում՝ Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի (NHC) ու AFEW International-ի հետ համագործակցությամբ։



Autor: Tereza Hronova

Այլ հոդվածներ