ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԴԻՄԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ

Հրապարակվել է 22 նոյ, 2023 թ. կարդալու ժամանակը՝ 8 րոպե
ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ  ԴԻՄԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ
© Foto: PIN Armenia

Սյունիքի մարզի խոցելի բնակչության համար կայուն սոցիալական ծառայությունների տրամադրում

ՆԱԽԱԲԱՆ

Սյունիքում կայուն սոցիալական ծառայությունների համակարգ զարգացնելու, ուժեղացված սոցիալական ծառայություններ մատուցելու նպատակով  «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը աջակցում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ ոլորտային բարեփոխումներ իրականացնելու գործընթացում: Ծրագիրն աջակցում է համայնքապետարանների կողմից ժամանակավոր դրամական օգնության սոցիալական ծառայությունների համակարգից անցմանը դեպի ավելի համակարգված և ավելի դիմացկուն ինտեգրված համակարգին, որը կհանգեցնի համայնքային սոցիալական ծառայությունների կայուն ֆինանսավորմանը եւ ավելի լավ կծառայի մարզի ամենախոցելի բնակչության կարիքներին՝ նպաստելով աղքատության, անհավասարության և խոցելիության մակարդակի նվազմանը:

Միտված լինելով բարձրացնելու տեղական ՔՀԿ-ների դերը որպես հիմնական դերակատարների և աջակցելու նրանց՝ տեղական համայնքների բնակչության և Լեռնային Ղարաբաղից (ԼՂ) բռնի տեղահանված անձանց համար անհրաժեշտ կարիքահեն և արդիական սոցիալական ծառայությունների տրամադրման հարցում, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն հայտարարում է «Ֆինանսական աջակցություն երրորդ կողմին» (FSTP) դրամաշնորհային սխեման՝ հնարավորություն տալով Սյունիքի մարզում գործող ՔՀԿ-ներին զարգացնել արդեն գործող կամ ստեղծել նոր տեսակի կարիքահեն սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգ:

Դոնոր՝ Եվրոպական միություն
Իրականացնող՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ
Գործընկերներ՝ «Հայկական Կարիտաս», «WINNET Գորիս» զարգացման հիմնադրամ
Ծրագրի ընդհանուր նպատակը՝ Քաղաքացիական հասարակական կազմակերպությունները ճկուն, վստահելի և հաշվետու դերակատարներ են, որոնք նպաստում են Հայաստանում աղքատության, անհավասարության և խոցելիության նվազմանը
Թիրախ համայնքներ՝ Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Մեղրի, Գորիս, Սիսիան, Տաթև և Տեղ համայնքները

1.0 Ենթադրամաշնորհային ծրագրի հայտարարման հիմնական նպատակները

Նպատակ ունենալով զարգացնելու համայնքահեն գործող կամ նոր տեսակի կայուն սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգի ստեղծումը, որն արտացոլելու է ընդունող համայնքների, ինչպես նաև և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կարիքները՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն Սյունիքի. բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում հայտարարում է դրամաշնորհային ծրագիր։

Առաջարկվող սոցիալական ծառայությունները պետք է համապատասխանեն առկա կարիքներին, որոնք բացահայտվել են Սյունիքի մարզի խոշորացված համայնքներում իրականացվող իրավիճակային վերլուծության արդյունքում, ինչպես նաև սոցիալական ծառայությունների տրամադրման վերաբերյալ ոլորտի հիմնական դերակատարների կողմից կատարված արձագանքների՝ հատկապես կապված ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հյուրընկալելու հետ:

Սյունիքի մարզի համայնքներում իրականացված իրավիճակային վերլուծության հիման վրա սոցիալական ծառայությունների տրամադրման առաջնահերթ կարիքներն են.

  • Համայնքահեն համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնի ստեղծում՝ առաջնահերթ սոցիալական ծառայությունների տրամադրման նպատակով, (հատկապես զարգացման առանձնահատկություններ, հաշմանդամություն ունեցող երեխաների համար ծառայությունների կազմակերպում, ճգնաժամայիններում գտնվող երեխաների ընտանքիների հետ վերամիավորում): Յուրաքանչյուր ծառայություն պլանավորելիս հարկավոր է նախատեսել բյուջեներ՝ կյանքի դժվարին իրավիճակի համար հիմք հանդիսացած իրավիճակի վերացման նպատակով։
  • Համայնքային սոցիալական ծառայությունների տրամադրում թրաֆիկինգի, աշխատանքային շահագործման կանխարգելման, թմրամիջոցների, հոգեմետ կամ այլ թմրեցնող նյութերի կիրառման ռիսկի կանխարգելման, տեղահանված երեխաների և համայնքի բնակիչ երեխաների հետ համատեղ խմբերի ձևավորման՝ համայնքային կյանքի զարգացման նպատակով փոքր ծրագրերի իրականացման, առաջնային բժշկական հաստատություններում մանկալքությունը կանխարգելելու նպատակով ծառայությունների մասին իրազեկման հանդիպումների կազմակերպման համար։
  • Միայնակ տարեցների կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների երկար ժամերով տնային մասնագիտացված խնամքի, սոցիալական սպասարկման և ցերակային զբաղվածության ծառայությունների ներդրում՝ իրենց մուտքը հաստատություններ կանխարգելու նպատակով։
  • «Սոցիալական տաքսի» ծառայության ներդրում, որի նպատակն է՝ սոցիալական տարբեր խոցելի խմբերի փոխադրումը նրանց անհրաժեշտ ծառայությունների տրամադրման վայրեր, այդ թվում՝ գյուղական բնակավայրերից դեպի քաղաքային համայնք, մարզկենտրոն կամ մայրաքաղաք։ «Սոցիալական տաքսի» ծառայությունը ենթադրում է նաև հարմարեցված փոխադրամիջոց հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատիվ փոխադրումն ապահովելու համար և վերապատրաստված վարորդական ծառայություն։
  • Տեղահանված անձանց և հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքների անդամների աշխատանքային նախասիրությունների և մասնագիտական կարողությունների գնահատում, ինչպես նաև համայնքի ու տեղական/միջազգային կազմակերպությունների կողմից զբաղվածության ծրագրերի մշակում։
  • Զարգացման տարիքային և հոգեբանական առանձնահատկություններ և հաշմանդամություն ունեցող երեխաների համար ծառայություններ մատուցող մասնագետների վերապատրաստում, իսկ նման ծառայություններ մատուցող կառույցների առկայության դեպքում՝ համայնքային կառույցներում առկա հաստիքակազմի և մեթոդաբանական գործիքակազմի վերանայում։ (Վերապատրաստման ծրագրերի բովանդակությունը ենթակա է ԱՍՀՆ համաձայնեցման)։
  • Արտթերապիստների և հոգեբան մասնագետների, այդ թվում հատուկ հոգեբանների և կլինիկական հոգեբանների առկայության խթանում համայնքում, հաշվի առնելով այն, որ հնարավոր է նրանց տեղափոխումն իրականացնել մոբիլ խմբերի միջոցով։ Մասնագետներին ընդգրկել շարունակական վերապատրաստման գործընթացներում՝ տարեցների, հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների անդամների, բռնության հետ կապված դեպքերի, փակ հաստատություններից վերադարձածների և մարտական գործողություններին մասնակցած անձանց հետ աշխատանքի նրբությունների վերաբերյալ։
  • Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց հրատապ ժամանակավոր կացարանների տրամադրման (առավելագույնը 2 շաբաթվա համար) կազմակերպում՝ վարձավճարների փոխհատուցման տեսքով։ Կացարանի տրամադրման այս ծառայությունը (Ճգնաժամային բնակարան) ենթադրում է սոցիալական ծառայություն մատուցողի կամ համայնքի կողմից հրատապության կարգով բնակարանի վարձակալություն 3-րդ կողմի համար՝ օրավարձի սկզբունքով, բնաիրային քարտերի տրամադրում, որից հետո պետք է կազմակերպվի ընտանիքի սոցիալական կարիքների գնահատման և հետագա ծառայությունների տրամադրման գործընթացը։
  • Փոքր համայնքային տների մոդելի հիմնում՝ ապաինստիտուցիոնալացումը խթանելու նպատակով։
  • Խոցելի խմբերի ներկայացուցիչների կորցրած կամ նվազած մասնագիտական ունակությունների լրիվ կամ մասնակի վերականգնման, մասնագիտական հմտություններն օգտագործելու նախկին կամ նոր մասնագիտությամբ աշխատանքային գործունեություն իրականացնելու համար մատչելի պայմանների ստեղծման նպատակով խորհդատվական ծառայությունների տրամադրում, այդ թվում փորձարկել ըստ գնահատված կարիքի՝ խելամիտ հարմարեցումների տրամադրման կարգը։
  • Հիվանդության (ոչ բարենպաստ ելքի կանխատեսումով) վերջին շրջանում գտնվող անձին կյանքի վերջին ամիսների, օրերի ընթացքում, իսկ անհրաժեշտության դեպքում նաև նրա ընտանիքի անդամներին տնային պայմաններում սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման ծառայության ներդրում:

Կարևոր կլինի դիտարկել առաջարկվող սոցիալական ծառայությունների կայունությունը ինչպես ֆինանսական, այնպես էլ ինստիտուցիոնալ տեսանկյունից:

Ֆինանսական կայունությունը ժամանակի ընթացքում եկամուտներ և շահույթ ստեղծելու և կառավարելու, ֆինանսավորման աղբյուրները դիվերսիֆիկացնելու (սոցիալական ձեռներեցության, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության, պետական դրամաշնորհների, այլ դոնորների, հովանավորների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ պարտավորություններով և այլ միջոցով), շահագրգիռ կողմերի հետ ամուր գործընկերային կապերի պահպանման (դոնորների, աջակիցների, կամավորների և շահառուների) և ֆինանսական կառավարման թափանցիկության և հաշվետվողականության ապահովման կարողությունն է:

Ինստիտուցիոնալ կայունությունը դա ժամանակի ընթացքում կազմակերպական կարողությունները և մշակույթը զարգացնելու և պահպանելու, թիմային հմտությունները, մոտիվացիան և նվիրվածությունը բարձրացնելու և պահպանելու, ինչպես նաև սոցիալական ծառայությունների տրամադրման շարունակական հոսքի և որակի ստանդարտների ապահովման կարողությունն է:

Դրամաշնորհային ծրագրերի ամբողջ սխեմայի բյուջեն կազմելու է մինչև 225,000 եվրո, մոտ 5 դրամաշնորհով (յուրաքանչյուրը մինչև 45,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)։ Դրամաշնորհները տրամադրվելու են Սյունիքի մարզում գործող և խոցելի բնակչությանը սոցիալական ծառայություններ մատուցող ՔՀԿ-ներին՝ բաց մրցույթի միջոցով։ Այնուամենայնիվ, նախապատվությունը կտրվի այն ՔՀԿ-ներին, որոնք ակտիվորեն ներգրավված են ծրագրի շրջանակում տեղի ունեցող կազմակերպական և տեխնիկական կարողությունների զարգացման գործընթացի մեջ:

Հայտատուները կարող են ներկայացնել մի քանի առաջարկ/գաղափար, սակայն հաղթող կարող է ճանաչվել միայն մեկը:    

2.0 Ժամանակացույց
  • Հայտերի ընդունման հայտարարության մեկնարկ՝ 22 նոյեմբերի, 2023թ.
  • Տեղեկատվական հանդիպում հետաքրքրված ՔՀԿ-ների հետ՝ 27 նոյեմբերի, 2023թ.
  • Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 10 դեկտեմբերի, 2023թ.
  • Գնահատող հանձնաժողովի կողմից հայտերի քննարկում` 18 դեկտեմբերի, 2023թ.
  • Նախնական ընտրված թեկնածուների փիթչինգ նիստ՝ 21 դեկտեմբերի, 2023թ.
  • Այցելություններ ՔՀԿ-ներ՝ 22-24 դեկտեմբերի, 2023 թ.
  • Ընտրող հանձնաժողովի կողմից վերջնական որոշման կայացում՝ 28 դեկտեմբերի, 2023թ.
  • Վերջնական որոշման հրապարակում՝ 4 հունվարի, 2024թ.
  • Դրամաշնորհային պայմանագրերի կնքում` 9-12 հունվարի, 2024 թ.
  • Ծրագրերի իրականացման ժամկետը՝ 2024 թ․ հունվարի 15-ից մինչև 2024 թ․ դեկտեմբերի 15-ը

3.0 Համապատասխանության չափանիշները
  • ՀՀ Սյունիքի մարզում գործող ՔՀԿ-ներ, որոնք ունեն սոցիալական ծառայությունների մատուցման առնվազն 1 տարվա փորձառություն։

Առաջնահերթությունը կտրվի «Գործընկերություն հանուն Սյունիքի. բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրում ներգրավված ՔՀԿ-ներին։ 

4.0 Թույլատրելի եւ անթույլատրելի ծախսերը եւ գործողությունները

4.1 Ընդունելի ծախսեր

Այս սխեմայի շրջանակում իրավասու գործողությունները ներառում են, բայց չեն սահմանափակվում հետևյալով.

  • Կապիտալ ներդրումներ ենթակառուցվածքներում
  • Սարքավորումներ կամ տրանսպորտ սոցիալական ծառայության զարգացման համար
  • Տեխնիկական և կառավարման հմտությունները բարելավելու նպատակով կարողությունների զարգացում
  • Տեխնիկական անձնակազմի/փորձագետների ներգրավման հետ կապված ծախսեր՝ հատուկ ծառայության մատուցման համար
  • Անկախ հրավիրված փորձագետների/խորհրդատուների/մենթորների ներգրավում (հիմնավորված լինենու դեպքում)
  • Ծախսեր (փոքր ծավալի վերանորոգում կամ շինարարություն)՝ կապված հատուկ կարիքներով մարդկանց (հաշմանդամներ, տարեցներ և այլն) համար մատչելիության ապահովման հետ
  • 1-ին տարվա գործառնական ծախսեր

Բոլոր ծախսերը պետք է լինեն հիմնավորված։

Ծախսեր, որոնք չեն կարող պահանջվել որպես դրամաշնորհի մաս, բայց կարող են ներառվել որպես հայտատուի համաֆինանսավորում.

  • Արտոնագրեր, հավատարմագրում կամ հատուկ թույլտվություններ ստանալու հետ կապված ծախսեր
  • Արձանագրությունների վարման և մշտադիտարկման հետ կապված ծախսեր 

4.2 Անթույլատրելի ծախսեր

  • Պարտքեր և պարտքի սպասարկման վճարներ (տոկոսներ)
  • Կորուստների, պարտքերի կամ ապագա հնարավոր պարտավորությունների տրամադրում
  • Շահառուի (ների) կողմից հայտարարված և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող մեկ այլ գործողության կամ աշխատանքային ծրագրի կողմից ֆինանսավորվող ծախսեր (ներառյալ Եվրոպական զարգացման հիմնադրամի միջոցով)
  • Հողամասերի և շինությունների գնում
  • Արտարժույթի փոխարժեքի կորուստներ
  • Երրորդ անձանց տրվող վարկեր
  • Բացառիկ ներդրումներ (բացառությամբ կամավորների աշխատանքի)
  • Պետական վարչակազմերի անձնակազմի աշխատավարձի ծախսերը, եթե այլ բան նախատեսված չէ հատուկ պայմաններում և միայն այնքանով, որքանով դրանք վերաբերում են գործունեության արժեքին, որը համապատասխան պետական մարմինը չէր իրականացնի, եթե գործողությունը չձեռնարկվեր
  • Անձնակազմի ծախսերում ներառված բոնուսներ
  • Բանկերի կամ այլ ֆինանսական հաստատությունների կողմից գանձվող բացասական տոկոսներ
  • Ցանկացած անձնական ծախս (օրինակ՝ տեղական կամ միջազգային ճանապարհածախս)
  • Անհատական հովանավորություն
  • Քաղաքական կամ կրոնական գործունեություն
  • Շրջակա միջավայրի համար վնասակար նախագծեր

5.0 Ընտրության եւ գնահատման չափանիշները

5.1. Հայտերը կընտրվեն ըստ հետևյալ չափանիշների.

  • Հայտատուի տեխնիկական փորձառությունը՝ համայնքային սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտում (ներառյալ անձնակազմը, ծրագրում ներգրաված փորձագիտական ներուժը, նյութատեխնիկական բազան, և այլն)
  • Հայտատուի ծրագրերի և բյուջեի կառավարման կարողությունները։
  • Թիրախային խմբերի և շահառուների կարիքի հիմնավորումը՝ հիմնված հավաստի փաստերի վրա։
  • Առաջարկվող սոցիալական ծառայության տրամադրման հստակ մեթոդաբանությունը, հասանելիությունն ու մատչելիությունը, թիրախ և շահառու խմբերի ներգրավման ռազմավարությունը։
  • Առաջարկվող սոցիալական ծառայության ազդեցությունը՝ շահառուների կյանքի որակի դրական փոփոխությունը։
  • Պետական կառույցների հետ համագործակցությունը՝ առաջարկվող սոցիալական ծառայությունների մատուցման գործընթացում։
  • Առաջարկվող սոցիալական ծառայության շարունակականության և կայունության մեխանիզմները։
  • Իրատեսական ֆինանսական առաջարկ (բյուջե)։

5.2. Առաջարկները պետք է.

  • Լինեն համապատասխան (պարունակեն խնդրի հստակ նկարագրությունը և լավ պատկերացումը թիրախային լսարանի վերաբերյալ - խնդրից տուժած մարդկիկ (տեղացիներ և/կամ բռնի տեղահանվածներ), հստակ, իրատեսական, չափելի նպատակներ և արդյունքներ, պարունակի ծրագրի արդյունքում հնարավոր լուծումների ուրվագծում, առավել իրագործելի լուծումների հայտարարություն;
  • Ցուցադրեն լավ պատկերացում հնարավոր ռիսկերի եւ նրանց կառավարման միջոցառումների վերաբերյալ;
  • Լինեն ներառական (նկարագրեն հստակ գործընկերային հարաբերություններ մասնավոր հատվածի և/կամ պետական մարմինների ներկայացուցիչների հետ՝ ծառայությունների մատուցման/ֆինանսավորման մեջ նրանց ներգրավվածության պարտավորությամբ, համայնքի ներգրավվածությունը, գենդերային հավասարությունը և սոցիալական ներառումը);
  • Ներառեն իրագործելիության պլան՝ դրամաշնորհային ծրագրի ավարտից հետո առաջարկվող սոցիալական ծառայությունների կայունությունն ապահովելու համար;
  • Լինեն ծախսարդյունավետ և ունենան իրատեսական բյուջե (Value for Money)՝ բյուջեի մանրամասն բացվածքով և գրավոր պարզաբանմամբ:

5.3. Հայտերը կգնահատվեն յուրաքանչյուր չափանիշներին տրված հետևյալ կշռի հիման վրա՝ 

5.4. Հատուկ չափանիշներ կարող են լինել նաև.

1. ՀԱՄԱՅՆՔԻ ՇԱՀ

  • ծրագիրը ծառայում է և ներգրավում համայնքին/համայնքի որոշակի հատվածին (ինչպես տեղացի, այնպես էլ բռնի տեղահանված բնակչության խոցելի խմբերին)
  • ծրագիրը նպաստում է գենդերային հավասարությանը
  • ծրագիրը հնարավորություն է տալիս ներառելու հատուկ կարիքներ ունեցող անձանց կամ նպաստում է այդ խմբերին:

2. ՈՐԱԿ, ԻՆՔՆԱՏԻՊՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ

  • Ծրագիրը կառավարվում է համապատասխան փորձ ունեցող կազմակերպության կողմից
  • ծրագիրը չի վնասում շրջակա միջավայրին
  • ծրագիրը ներկայցնում է կայուն սոցիալական ծառայությունների տրամադրման ֆինանսավորման մոդել

3. ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ

  • ծրագիրն արտացոլում է ոլորտային իմացություն
  • ներկայացնում է իրականացման հստակ պլան/ժամանակացույց՝ նպատակներին և արդյունքներին հասնելու համար
  • հստակ նշված է շահառուների/գործընկերների ներգրավվածությունը
  • նշված են համագործակցության եզրերը տեղական ինքնակառավարման մարմինների և/կամ մասնավոր բիզնեսի հետ

4. ԲՅՈՒՋԵԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ

  • բյուջեն իրատեսական է, և բոլոր կետերն ընդունելի են
  • ներառված են բոլոր գնվող ակտիվների/ծառայությունների բնութագրերը
  • թվարկված ակտիվների/ծառայությունների գները համապատասխանում են պահանջվող բնութագրերին:

6.0 Լրացուցիչ պայմանները

Հայտերը պետք է ներկայացվեն հայերենով։

Հայտատուները կարող են դիմել կոնսորցիումով։

7.0 Հայտերի ներկայացման մանրամասները

Հայտերը պետք է ներկայացվեն մինչեւ 2023 թ․ դեկտեմբերի 10-ի ժամը 18:00-ն՝ grantsarmenia@peopleinneed.net էլեկտրոնային հասցեով։

Գործընկերություն հանուն Սյունիքի – դրամաշնորհային ծրագիր - Տեղեկատվական հանդիպումը տեղի կունենա 2023 թ․ նոյեմբերի 27-ի ժամը 12:00-ին ZOOM-ի միջոցով՝

Միանալ Zoom հանդիպմանը

https://us02web.zoom.us/j/84054340559?pwd=cGx5RTBKTzNrR2lZZjRyUENQU1lsdz09

Meeting ID: 840 5434 0559

Passcode: 088641

Հայտերի վերաբերյալ հարցերը գրավոր տեսքով կարող են ուղարկվել մինչև 2023 թ․ դեկտեմբերի 7-ի ժամը 17:00 հետևյալ հասցեով՝ grantsarmenia@peopleinneed.net

Վերջնաժամկետից հետո ներկայացված հայտեր չեն ընդունվելու։  

8.0 Կոնտակտային տվյալներ

Հայտերի փաթեթները, ինչպես նաև բոլոր հարցերը պետք է ներկայացվեն Grants Armenia -ին՝ grantsarmenia@peopleinneed.net հասցեով։

Նախաընտրված թեկնածուները կհրավիրվեն իրենց գաղափարները/ծրագրերը ներկայացնելու Գնահատման/Ընտրող հանձնաժողովին փիթչինգի տեսքով:

Դրամաշնորհային ծրագրի հայտերի գնահատման և ընտրության գործընթացի կամ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի հետ կապված ցանկացած առաջարկ, հարց կամ բողոք կարող եք ներկայացնել «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հայաստանյան գրասենյակ՝ crm.armenia@peopleinneed.net էլեկտրոնային հասցեով, կամ կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` +374 93 68 88 70։


Հավելված 1․ Հայտաձև

Հավելված 2․ Բյուջեի ձևաչափ

Autor: PIN Armenia

Այլ հոդվածներ