Մեդիագրագիտություն․ մասնակցության հայտ

Հրապարակվել է 21 մյս, 2024 թ. կարդալու ժամանակը՝ 5 րոպե
Media Literacy training in PIN Moldova
© Foto: Shushanik Nersesyan

«Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը «Մեդիագրագիտության բարձրացում՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության դերակատարների միջոցով» ծրագրի շրջանակում հայտարարում է բաց մրցույթ ՀՀ Լոռու մարզում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) համար։ Ծրագիրն իրականացվում է Չեխիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ՝ Transition Promotion ծրագրի ներքո:                                      

Մեր մասին

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հայաստանյան ներկայացուցչությունը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հետևում է մարդասիրության, ազատության, հավասարության և համերաշխության սկզբունքներին: Մենք աշխատում ենք հումանիտար օգնության, մարդու իրավունքների, կրթության և սոցիալական աշխատանքի ոլորտներում։

Հատուկ ուշադրություն դարձնելով քաղաքացիական հասարակությանն ու ներառական կառավարմանը՝ մենք աջակցում ենք քաղաքացիական հասարակությանը պետական կառույցների հետ համագործակցության՝ մասնակցային ժողովրդավարական գործընթացները խթանելու և ներառական հանրային ծառայությունները զարգացնելու համար։

Ծրագրի նպատակը

Մեդիագրագիտության խթանումը մեծ նշանակություն ունի իրազեկ քաղաքացիական հանրույթ ստեղծելու առումով՝ պահպանելով ժողովրդավարական արժեքները, մշակութային ընկալումները, ապահովելով տնտեսական և սոցիալական բարօրություն բնակչության տարբեր խմբերում։

Ծրագրի նպատակն է․

  • Զինել ՔՀԿ-ների ներկայացուցիչներին անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով՝ կեղծ լուրերը, ապատեղեկատվությունը, մանիպուլյացիաները հայտնաբերելու և դիմակայելու համար,
  • Աջակցել նրանց հավաստի տեղեկատվության, փաստերի ստուգման աղբյուրներ ճանաչելու և հանրության լայն շրջանում տարածելու համար,
  • Ստեղծել ծանոթությունների հաստատման և համագործակցության հնարավորություն՝ համատեղ ջանքերով ապատեղեկատվական հոսքերը կոտրելու ընդհանուր առաքելության հարցում։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐ

Թիրախային վայրը` ՀՀ Լոռու մարզ

Ուղղակի թիրախային խմբեր` ՀՀ Լոռու մարզում գործող ՔՀԿ-ներ

Վերջնական շահառուներ՝ առաջնային՝ ՀՀ Լոռու մարզի բնակչություն․ 16-29 տարեկան երիտասարդների և կանանց ներգավմամբ, երկրորդային՝ Հայաստանի այլ վայրերում բնակվող անձինք։

Երկարաժամկետ արդյունք` Հայաստանյան քաղաքացիական հասարակության մեդիագրագիտության բարձրացում՝ քննադատական մտածողության կայուն ձևավորմամբ։

ՔՀԿ-ների ներգրավվածության ժամանակահատված` 2024 թվականի հուլիս ամսից մինչ 2025 թվականի հոկտեմբեր։

Մոտեցում` ծրագրի վերջնարդյունքին հասնելու համար կիրագործվի երկու փոխկապակցված բաղադրիչ։ Ծրագրի հայտաձևի նախապայմանների համաձայն՝ կազմակերպություններն միաժամանակ դիմում են ծրագրի երկու փուլերի համար: Երկրորդ փուլի համար կդիտարկվեն միայն առաջին փուլին մասնակցող և հաջողություն գրանցած կազմակերպությունները։

Բաղադրիչ 1. ՀՀ Լոռու մարզում գործող 5 ՔՀԿ-ների (յուրաքանչյուրից երկուական ներկայացուցիչ) մեդիա և տեղեկատվական գրագիտության կարողությունների զարգացում և հզորացում:

Բաղադրիչ 2. Ծրագրի երկրորդ փուլ անցած 3 ՔՀԿ-ին կտրամադրվի ենթադրամաշնորհներ՝ մեդիագրագիտության բարձրացման գաղափարներն իրագործելու համար։ Վերջիններս պետք է ուղղված լինեն ՀՀ Լոռու մարզաբնակ 180 երիտասարդների, կանանց և ընդհանուր բնակչության, այդ թվում հեռավոր և թերբնակեցված համայնքի ներկայացուցիչների շրջանում քննադատական մտածողության, տեղեկատվության, փաստերի ստուգման և այլ անհրաժեշտ հմտությունների զարգացմանն ու ամրապնդմանը։

Ընտրված ՔՀԿ-ների կարիքների վրա հիմնված կարողությունների զարգացման ծրագիր

Ծրագրի գործողություններն են․

  • դեմ առ դեմ 3 դասընթաց,
  • առնվազն 2 վեբինար՝ ոլորտային փորձագետների մասնակցությամբ,
  • ծանոթությունների հաստատման և ուսումնական միջոցառումների մասնակցություն,
  • շարունակական անհատական մենթորական աջակցություն:

Վերապատրաստման դասընթացները կընդգրկեն հետևյալ ոլորտները.

1. Մեդիա և տեղեկատվական գրագիտության բարձրացում վավերագրական ֆիլմերի և ինտերակտիվ ուսուցման մեթոդների կիրառմամբ,

2. Մեդիագրագիտության բարձրացման նախաձեռնությունների մոնիթորինգ և գնահատում՝ դրանց ազդեցությունն ու որակը բարելավելու նպատակով,

3. Նոր գաղափարների մշակում հաջողված փորձի կիրառմամբ։

Կարողությունների զարգացման աշխատարանների թեմաները ներառում են, բայց չեն սահմանափակվում հետևյալով.

  • Տեղեկատվական և մեդիա գրագիտության կոմպետենցիաներ
  • Լրատվական դաշտ, տեղեկատվական աղբյուրներ
  • Խոսքի ազատություն և դրա սահմանները
  • Թվային (առցանց) սոցիալական միջավայրում անձնական տվյալների պաշտպանություն և անվտանգություն
  • Ապատեղեկատվություն. սահմանումներ և համատեքստ (տեղեկատվական պատերազմներ, արշավներ)
  • Քարոզչական մեխանիզմներ և տեխնոլոգիաներ
  • ԶԼՄ-ներում ատելության և խտրականության դրդման նշաններ
  • Ինչպե՞ս բացահայտել, խուսափել և ստուգել ապատեղեկատվությունն ու քարոզչությունը
  • Փաստերի ստուգման գործիքներ և աղբյուրներ
  • Քննադատական մտածողություն. հարցեր տալու և վերլուծելու արվեստ
  • Մեդիա և տեղեկատվական գրագիտության նորարարական մոտեցումներ
  • «Մեկ աշխարհ դպրոցներում» մեդիագրագիտության ուսուցման նորարարական մեթոդաբանությունը*
  • Այլ՝ ըստ պահանջի:
*«Մեկ աշխարհ դպրոցներում» (One World in Schools - OWIS) ծրագրի նորարարական մեթոդաբանությունը կներառվի ՔՀԿ-ների կարողությունների զարգացման թեմաներում: Այս նորարական մոտեցման նպատակն է․ ներգրավել երիտասարդների և բարձրացնել նրանց մեդիագրագիտության հմտությունները: OWIS-ը ներկայացնում է մի շարք թեմաներ վավերագրական ֆիլմերի, ուղեկցող վարժությունների և գործնական նախագծերի միջոցով: Մեթոդաբանության հիմքում ընկած են աուդիո-վիզուալ նյութեր, հիմնականում վավերագրական ֆիլմեր, որոնք պատմում են կոնկրետ խնդիրների կամ իրավիճակների մասին։ Պատմության և աուդիո-վիզուալ փորձի համադրությունն օգնում է հանդիսատեսին կապվել գլխավոր հերոսի և ներկայացված խնդրի հետ ավելի զգացմունքային և էմպաթիկ մակարդակով, ինչը հանգեցնում է խնդիրների ավելի խորը ըմբռնմանը:

Ենթադրամաշնորհներ համայնքային մեդիա և տեղեկատվական գրագիտության նախաձեռնությունների համար

Կարողությունների զարգացման ծրագրի ավարտից հետո կիրականացվի մրցակցային սկզբունքով ընտրության գործընթաց՝ բացահայտելու լավագույն 3 ՔՀԿ-ները, որոնք կստանան ֆինանսական աջակցություն։ Այս դրամաշնորհները կտրամադրվեն ընտրված ՔՀԿ-ներին՝ ծրագրի շրջանակում վերջիններիս կողմից մշակված գաղափարները իրագործելու նպատակով:

Դրամաշնորհի ընդհանուր գումարը` 21,300 եվրոյին համարժեք ՀՀ դրամ, կբաշխվի մրցույթը հաղթահարած 3 ՔՀԿ-ների միջև: Ծրագրի իրականացման ժամանակահատվածում դրամաշնորհները կտրամադրվեն երկու փուլով։

Առաջնահերթություն կտրվի այն գաղափարներին/ծրագրերին, որոնց հիմնական թիրախն են՝ ՀՀ Լոռու մարզաբնակ անձինք, երիտասարդների ու կանանց հատուկ շեշտադրմամբ: Մշակված ծրագրերը կիրագործվեն տարբեր մոտեցումների կիրառմամբ՝ ներառելով, բայց չսահմանափակվելով ոչ-ֆորմալ կամ ինֆորմալ կրթության իրականացման սկզբունքներն ու մեթոդները, այդ թվում վավերագրական ֆիլմերի ցուցադրությունների և բաց քննարկումների կազմակերպում «Մեկ աշխարհ դպրոցներում» նորարարական մեթոդաբանության սկզբունքների օգտագործմամբ։ Այս մոտեցումները նպատակ ունեն ակտիվորեն ներգրավել բնակչությանը, որոնց հասնելն ավելի դժվար է: Ծրագրի թիրախային տարբեր տարիքային խմբերի և դժվար հասանելի վայրերում բնակվող ներկայացուցիչների ներգրավման նորարար մոտեցումերը կխրախուսվեն:

Նախաձեռնությունների առաջնահերթ ուղղություներն են.

1) ապատեղեկատվության, քարոզչության և սոցիալական մեդիայի դերի մասին իրազեկման բարձրացում,

2) քննադատական մտածողության և քննարկման հմտությունների բարելավում,

3) առկա փաստերի ստուգման գործիքների, անկախ լրատվամիջոցների և այլ գործող հարթակների մասին գիտելիքների տարածում,

4) կեղծ լուրերի բացահայտման և տեղեկատվական աղբյուրները ճշտելու գործառնական ուսուցում։

Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԴԻՄԵԼ

Ծրագրին կարող են դիմել վերջին 2-5 տարիների ընթացքում ՀՀ Լոռու մարզում գործող քաղաքացիական հասարակության կառույցները, կառույցների աշխատակիցները։

Դիմող կազմակերպությոնը պետք է ներկայացնի ապացուցված փորձառություն հետևյալ ոլորտներում.

  • Աշխատանք 16-29 տարեկան երիտասարդների հետ
  • Մեդիա և տեղեկատվական գրագիտությանն առնչվող գործունեության իրականացում
  • Գենդերային հավասարության խթանում և/կամ հատուկ թիրախավորում աղջիկներին և կանանց։

Երիտասարդների քաղաքացիական ներգրավվածության, ակտիվ քաղաքացիության խթանման և համայնքի դիմակայունության հզորացման փորձը կխրախուսվի:

ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

Հայտերի նախնական գնահատման գործընթացը կիրականացվի հատուկ կազմված փորձագիտական հանձնաժողովի կողմից՝ սահմանված ընթացակարգի և չափորոշիչների հիման վրա: Գնահատող հանձնաժողովը կարող է լրացուցիչ տեղեկություններ պահանջել հայտատուի կամ առաջարկվող գործողության վերաբերյալ:

Ծրագրի համար թիրախային կազմակերպությունների ընտրությունը կլինի մրցակցային, իսկ հայտերը կգնահատվեն հետևյալ չափանիշներով.

Ծրագրի մասնակիցների մրցութային ընտրության ընթացակարգ

Հարցազրույցներ կանցակցվեն միայն ընտրության նախնական փուլը հաղթահարած դիմորդների հետ:

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ

Դիմելու համար անհրաժեշտ է ներբեռնել և լրացնել հայտաձևը՝ ըստ սույն ձևաչափի և ուղարկել  grantsarmenia@peopleinneed.net էլ.փոստի հասցեին մինչև 10/06/2024թ․ ներառյալ, թեմայի տողում նշելով «Մեդիագրագիտության բարձրացում՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության դերակատարների միջոցով»:

Հայտերի վերաբերյալ հարցերը գրավոր տեսքով կարող են ուղարկվել մինչև 2024թ․ հունիսի 9-ը, ժամը 17:00-ը՝ grantsarmenia@peopleinneed.net էլեկտրոնային հասցեով կամ կապ հաստատել  041 54 32 08 հեռախոսահամարով:

Տեղեկատվական առցանց հանդիպում մայիսի 30-ին՝ ժամը 16:00

https://us02web.zoom.us/j/85405481953?pwd=ejA3dXRSTUZleWtZS2ZiQ1NSVEN4QT09

Meeting ID: 854 0548 1953

Passcode: 670898

Autor: PIN

Այլ հոդվածներ