Ապահովելով մանկավարժահոգեբանական աջակցություն և բարենպաստ միջավայր հակամարտությունից տուժած երեխաների համար
Հրապարակվել է 11 օգս, 2023 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպե«Հոգեբանական աջակցության տրամադրում հակակարտությունից տուժած անձանց Վայոց ձորում և անվտանգ, բարենպաստ միջավայրի ապահովում երեխաների համար». սա այն ծրագրերից մեկն է, որ վերջերս իրականացրել ենք մեր տեղական գործընկեր «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության (ԲՀԿ) հետ՝ աջակցելու Ջերմուկ, Կեչուտ, Վերնաշեն և Խնձորուտ բնակավայրերին, որոնք տուժել են 2022 թվականի սեպտեմբերյան հարձակումների հետևանքով։
Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի վրա հարձակումների պատճառով տուժել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ, կանայք, տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք։ Ֆիզիկական վնասների ու անվտանգության ապահովման կարիքներից բացի՝ տեղացիները կրել են նաև լուրջ հոգեբանական վնասներ։
Ծրագրի իրականացման ընթացքում Ջերմուկ քաղաքում, Կեչուտ, Վերնաշեն և Խնձորուտ համայնքներում անվճար հոգեբանական աջակցություն է տրամադրվել շուրջ 550 անձի։ Անհատական և խմբային աշխատանքներն ուղղված էին պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած վախերի, սթրեսների հաղթահարմանը, հակամարտությունից տուժած անձանց առաջնային հոգեբանական կարիքների բավարարմանը։
Կարևորելով համայնքներում ամենախոցելի բնակիչներին՝ երեխաներին, նրանց ծնողներին, նրանց հետ աշխատող մանկավարժներին, ինչպես նաև տրամադրվող ծառայությունների համար անհրաժեշտ և բարենպաստ միջավայրի ստեղծումը՝ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի հետ համատեղ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ վերանորոգվել ու կահավորվել են ռեսուրս կենտրոններ։ Նույնիսկ ծրագրի ավարտից հետո՝ ռեսուրս կենտրոնները հաջողությամբ շարունակում են աշխատել․ կենտրոնում իրականացվում են ինչպես հոգեբանական ծառայություններ, այնպես էլ լոգոպեդի, հատուկ մանկավարժի հետ հանդիպումներ, երեխաների զարգացմանն ուղղված խաղային հանդիպումներ։
«Կենտրոնի դռները միշտ բաց են համայնքի բոլոր բնակիչների համար», - նշում է Կեչուտի թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրեն Ստեփան Ստեփանյանը, որտեղ էլ գտնվում է կենտրոններից մեկը։ «Համայնքը տեղեկացված է ռեսուրս կենտրոնի առկայության և ծառայությունների մասին։ Կենտրոնից կարող են օգտվել անգամ ոչ դպրոցահասակ բնակիչները»։
Երեխաներին մասնագիտացված ծառայություններ մատուցելու, ինչպես նաև ծրագրի որակյալ շարունակականությունն ապահովելու նպատակով՝ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն կենտրոնների կառավարումը փոխանցել է Վայոց ձորի Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնին (ՏՄԱԿ), որի գործառույթները ԿԳՄՍ նախարարության կողմից պատվիրակված են «Մանկական զարգացման հիմնադրամին»։
«Շատ հաճախ պատերազմական իրավիճակներում կարևորելով միայն հումանիտար աջակցությունը՝ մենք մոռանում ենք հակամարտությունների արդյունքում առաջացած հոգեբանական կարիքներն ու դրանց հաղթահարման անհրաժեշտությունը։ Այս ծրագիրը հնարավորություն տվեց հոգեբանական ծառայություններ տրամադրել սահմանամերձ համայնքերում բնակվող անձանց, հատկապես՝ երեխաներին, որոնք, թերևս, ամենաշատն են կրում պատերազմի հոգեբանական հետևանքները։ Իսկ ստեղծված ռեսուրս կենտրոնները կնպաստեն ՏՄԱԿ-ի կողմից տրամադրվող ծառայությունների որակական բարելավմանը։ Այսօր էլ վստահ եմ, որ կենտրոնները երեխաների համար դարձել են ապահով և սիրելի վայր»,- նշում է «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ փոխնախագահ Ալլա Հարությունյանը։
Կեչուտ, Վերնաշեն և Խնձորուտ բնակավայրերի ռեսուրս կենտրոնները ստեղծվել են Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի «Դիմակայուն քաղաքացիական հասարակություն» տարածաշրջանային ծրագրի շրջանակում
Ծրագրի շրջանակում «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն սեպտեբերյան հարձակումներից տուժած մարզերում՝ Գեղարքունիք, Վայոց ձոր, Սյունիք, կազմակերպել էր սոցիալ-հոգեբանական դասընթացներ՝ ռազմական գործողությունների հետևանքով տուժած ընտանիքների հետ աշխատող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և պետական կառույցների շուրջ 100 ներկայացուցչի համար։ Բացի այդ, քաղհասարակության տեղական կազմակերպությունների՝ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի, «Պահապան» և «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամների հետ նախագծել և իրականացրել է համապատասխանաբար ռեսուրս կենտրոնների, խաղաթաքստոցների և հիդրոպոնիկ եղանակով կերերի արտադրության ծրագրերը։