Բրդի արժեշղթայում ձևավորվող ՓՄՁ-ներին տրամադրվել է դրամաշնորհ 31 միլիոն դրամի չափով
Հրապարակվել է 04 հոկ, 2019 թ. կարդալու ժամանակը՝ 1 րոպեԲրդի արժեշղթայում ձևավորվող ՓՄՁ-ները ստեղծելու են բրդյա տարբեր արտադրանք՝ հագուստ, ծածկոցներ, բարձ, պայուսակներ և այլ աքսեսուարներ, որոնց արտադրության համար անհրաժեշտ թելերը, բուրդն ու թաղիքը ձեռք կբերեն ծրագրի շրջանակում ստեղծված Ամասիայի բրդի գործարանից։
Հոկտեմբերի 4-ին Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող և People in Need չեխական կազմակերպության կողմից իրականացվող «ԵՄ-ն Շիրակի մարզի համար. նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի շրջանակում փոքր ու միջին 4 ձեռնարկություն ստացել են դրամաշնորհ՝ բրդի արժեշղթայում գործունեություն ծավալելու համար: Դրամաշնորհի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 31 միլիոն դրամ, ստեղծվող աշխատատեղերի թիվը՝ 24։
Նշենք, որ Ամասիա համայնքում ոչխարի բուրդն ունի բացառիկ գունային երանգավորում, ինչը բավականին հարմար է կարպետագործության, գորգագործության և գործվածքի արտադրության համար՝ առանց քիմիական ներկանյութերի կիրառման։
People in Need ՀԿ-ի hայաստանյան գրասենյակի ղեկավար Վարդուհի Դադունցը շնորհավորել է նորաստեղծ ընկերություններին հիմնադրման և ներդրումներ ստանալու համար և հույս է հայտնել, որ ստեղծվող ձեռնարկությունները հնարավորինս արագ կընդլայնեն իրենց գործունեությունը և կստեղծեն ինքնատիպ ու նորաձև արտադրանք ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայում սպառման համար:
ԵՄ համաֆինանսավորմամբ եւ ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ՝ People in Need ՀԿ-ն, «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամի, Շիրակի մարզի առեւտրարդյունաբերական պալատի եւ Ամասիայի համայնքապետարանի հետ համատեղ 2018 թ․ մարտ ամսից մեկնարկել են «ԵՄ-ն Շիրակի մարզի համար. նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության» ծրագիրը, որն ուղղված է Շիրակի մարզում բրդի արժեշղթայի զարգացմանն ու մոդերնիզացիային՝ ստեղծելով ոչխարաբուծությունից մինչև բրդյա թելի և ապրանքների արտադրության առաջխաղացման հնարավորություն։