Երեխաները պետք է անվտանգ լինեն ամենուրեք
Հրապարակվել է 01 հնս, 2023 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպե«Պահապան» հիմնադրամը ստեղծվել է մի խումբ ակտիվ մարդկանց կողմից՝ սահմանամերձ բնակավայրերում սոցիալ-տնտեսական բարեփոխումներ կատարելու, ինչպես նաև բնակչությանն անվտանգության շենքերով ապահովելու առաքելությամբ։
Եվրոպական միության և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի ֆինանսավորմամբ՝ վերջերս «Պահապան»-ը հանրային օգտագործմանը հանձնեց թվով 21-րդ «խաղաթաքստոցը», որը նախևառաջ նախատեսված է երեխաների անվտանգությունն ապահովելու համար։
«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի՝ ԵՄ ֆինանսավորմամբ ընթացող «Դիմակայուն քաղաքացիական հասարակություն» ծրագրի շնորհիվ ստեղծվել է օրինակելի մի կառույց, որը հագեցած է անհրաժեշտ բոլոր հնարավորություններով և տեղացիների գիտակից օգտագործումով։ «Սահմանից հեռու ապրող մարդկանց պետք է գիտակից դարձնենք, թե որքան կարևոր է ձեռք մեկնել այն հայրենակցին, որն ապրում է սահմանամերձ բնակավայրում։ Մայրաքաղաքից ընդամենը երկու ժամ հեռավորության վրա մարդիկ այլ գիտակցությամբ են ապրում, այստեղ ապրելով՝ նրանք պահում մեր երկրի դարպասները», նշում է «Պահապան» հիմնադրամի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ինգա Հարությունյանը։ Երեխաները խիզախ են, միշտ մեր մեջքին են կանգնած, մենք էլ՝ իրենց։ Մենք պետք է ստեղծենք այնպիսի հնարավորություններ, որ նրանք անվտանգ զգան բոլոր տարածքներում, նշում է Ինգան։
«Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունը մշտապես մարդկանց կողքին է՝ օգնելու դժվար պայմաններում հայտնված անձանց, ինչպես նաև տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ), որոնք սերտորեն աշխատում են տարբեր համայնքներում ու սրտացավ են տեղացիների խնդիրների նկատմամբ։ Մենք ուրախ ենք կրկին համագործակցել «Պահապան» հիմնադրամի հետ․ սա մեր երրորդ արդյունավետ համագործակցությունն է։ Վերջին տարիներին համատեղ տարբեր ծրագրեր ենք իրականացրել՝ՀՀ մարզերում ապրող խոցելի բնակչությանն օգնելու համար», նշում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վարդուհի Դադունցը։
ԵՄ ֆինանսավորմամբ ընթացող «Դիմակայուն քաղաքացիական հասարակություն» ռեգիոնալ ծրագրի նպատակն է բավարարել առավել խոցելի խմբերի անվտանգության, սոցիալական և հոգեբանական կարիքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով սահմանամերձ տարածքներում բնակվող քաղաքացիական բնակչությանը՝ հակամարտության հետևանքները մեղմացնելու համար։ Ծրագրի շրջանակում երեք ՔՀԿ՝ «Պահապան» հիմնադրամը, «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ն և «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամը դրամաշնորհ են ստացել՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի սահմանամերձ շրջաններում տուժած խոցելի խմբերին աջակցելու նպատակով։