Նշում ենք Մեղուների համաշխարհային օրը

Հրապարակվել է 20 մյս, 2023 թ. կարդալու ժամանակը՝ 3 րոպե
Նշում ենք Մեղուների համաշխարհային օրը
© Foto: Absolute Armenia for PIN

«Եթե մեղուները վերանան աշխարհի երեսից, չորս տարի անց կվերանա նաև մարդկությունը», - Ալբերտ Էյնշտեյն

Դժվար է հավատալ այս ամենին, բայց սա այն է, ինչով Գայանեն և իր թիմը առաջնորդվում են մեղուների հետ աշխատելիս։ Մեղուների համաշխարհային օրվա կապակցությամբ զրուցել ենք BeeLife-ի հիմնադիր Գայանեի հետ։ Արտադրամաս մտնելիս առաջին բանը որ կարելի է նկատել, այս տողերն են՝ կախված մուտքի դիմացի պատին․ այն օգնում է բոլորի ուշադրույունը սևեռել մեղուների կարևորության վրա։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալների համաձայն՝ կան շուրջ 100 տեսակի մշակաբույսեր, որոնք ապահովում են սննդի 90%-ը, իսկ այդ տեսակներից 71-ի փոշոտումն իրականացվում է մեղուների կողմից։ 

Գայանեն գտել է իր առաքելությունը մեղուների աշխարհում

Մասնագիտությամբ լեզվաբան, բայց միշտ նորը որոնող և ուսումնասիրող Գայանեն իր խաղաղությունն ու ներդաշնակությունը գտել է մեղուների աշխարհում։ Նա ամեն ինչ սկսել է զրոյից․ չուներ ոչինչ, բացի փոքր մետաղական սրճեփից, որն օգտագործում էր մեղրամոմից մոմեր պատրաստելու համար։ Մինչ այսօր սրճեփն արտադրամասում է՝ շատ տեսանելի տեղում, որն անընդհատ հիշեցնում է թե ինչ ճանապարհ է անցել Գայանեն՝ այս ամենն այսօր ունենալու համար։


BeeLife-ը սոցիալական բիզնես է․ այն հիմնադրվել է Սպիտակում։ Երբ նոր էր սկսում, Գայանեն գաղափար չուներ ինչ էր լինելու․ նա պարզապես ուզում էր մեղրամոմից մոմեր պատրաստել։ Սակայն, երբ սկսեց ավելի խորը ուսումնասիրել, հասկացավ, որ շատ բան կա սովորելու։ Մեղվապահության վերաբերյալ տեղեկատվության պակասը, մեղուների ու նրանց հիվանդությունների հետ աշխատելիս առաջացած ձախողումները հանգեցրեցին մի շարք ֆինանսական դժվարությունների։ Ի սկզբանե Գայանեն մեղվափեթակները գնել էր վարկով և դրանց կորուստն ամեն ինչ ավելի բարդացրեց։ Այդ ժամանակ էր, որ նա ինքն իրեն խոստացավ անել ավելին։

«Գիտեի, որ ինձնից շատ ջանք է պահանջվելու այս ոլորտում կրթվելու համար, և ինքս ինձ խոստացա, որ պետք է հմտանամ այս ամենում և օգնեմ մյուսներին՝ հատկապես երիտասարդ կանանց, որպեսզի նրանք էլ քայլեր անեն այս ոլորտում։ Որպես սոցիալական նախաձեռնություն՝ մենք նպատակ ունենք զարգացնել մեղավաբուծությունը մեր մարզում, նորարարություններ բերել այս ոլորտ, չունենալ մեղվաընտանիքների կորուստներ և պահպանել մեղուներին»։


Ներկայումս, մեղվամթերքի արտադրությունը նրանց աշխատանքի հիմնական մասն է։ Նրանք արտադրում են մեղր, մայրակաթ, ծաղկախյուս մեղրամոմից մոմեր, և այլն։ Բացի այդ, մեղվաբուծության ճանաչողության բարձրացման համար Գայանեն և իր թիմը կազմակերպում են դասընթացներ, ինչը մի քանի տարի առաջ տարածված չէր մարզում։ Նրանց աշխատանքի ամենահետաքրքիր և նորարարկան մասը ապիտուրիզմն է, որը հայտնի է նաև մեղվազբոսաշրջություն անվամբ։ Հայաստանում սա տուրիզմի բավականին նոր ուղղություն է, բայց շատ հեռանկարային է, ինչպես նշում է Գայանեն։ Նրանք շրջայցեր են կազմակերպում արտադրամասի տարածքում, ծանոթացնում են զբոսաշրջիկներին մեղվապահության գործընթացներին, փեթակներում մեղուների կյանքին, ինչպես նաև մեղրամոմի վերամշակման ճիշտ կանոններին։ Նրանք մասնակիցներին ներառում են նաև այս գործընթացներից շատերին՝ հնարավորություն տալով նրանց կիրառել ձեռք բերած հմտությունները գործնականում։ 

Մեղվամթերքը հայտնի է իր բժշկական նշանակությամբ և օգնում է բուժել մի շարք հիվանդություններ։ BeeLife-ը հավատարիմ է մնում այս գաղափարին և մեղվամթերք արտադրելուն զուգահեռ, տրամադրում են նաև բնական ինհալացիայի ծառայություններ։ Մարդիկ բնական ինհալացիա են ստանում՝ շնչելով մեղվափեթակի օդը։ Սա կանխարգելում է մի շարք ալերգիկ հիվանդություններ և գրեթե նոր է Հայաստանում։ 


Գայանեն իր խաղաղությունը գտավ մեղվապահության մեջ։ Նա հասկանում է իր աշխատանքի կարևորությունը և նշում է, որ «մեղուների հետ աշխատելուց հետո, մարդիկ հասկանում են՝ ինչքան կարևոր են նրանք մարդկության բարեկեցության համար՝ որպես հիմնական փոշոտիչներ և փորձում են չվնասել անգամ այն դեպքում, երբ մեղուն ներս է մտնում և նստում մուրաբայի վրա։ Սա ուղղակի աշխատանք չէ, միշտ հաճելի է աշխատել մեղուների հետ, հասկանալ նրանց աշխարհը և պատասխանատվություն կրել որպես մարդ արարած։ Պահպանելով մեղուներին՝ մենք պահպանում ենք ինքներս մեզ», ասում է Գայանեն։


«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն մեծ կարևորություն է տալիս զբոսաշրջային ծառայությունների ոլորտում փոքր ու միջին ձեռնարկատիրությունների (ՓՄՁ) հնարավորությունների ընդլայնմանը։ BeeLife«Տրանսկովկասյան արահետ․ խթանելով միջսահմանային տուրիզմը» ծրագրի շահառու կազմակերպություններից է։ Ծրագիրը ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID)-ի տարածաշրջանային Տնտեսական զարգացման, կառավարման և ձեռնարկատիրության աճի նախագծի՝ EDGE-ի կողմից։ Այն ղեկավարում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի վրաստանյան ներկայացուցչությունը՝ հայաստանյան ներկայացուցչության և Վրաստանում ու Հայաստանում գործող «Տրանսկովկասյան արահետ» ՀԿ-ների հետ համագործակցությամբ։

Autor: Էլմա Վարդանյան

Այլ հոդվածներ