Գյուղատնտեսական աջակցությունը՝ տեղահանության դժվարությունները հաղթահարելու միջոց

Հրապարակվել է 11 ապր, 2024 թ. կարդալու ժամանակը՝ 3 րոպե
Գյուղատնտեսական աջակցությունը՝ տեղահանության դժվարությունները հաղթահարելու միջոց
© Foto: Էլմա Վարդանյան

Հայացք գցելով աշխարհում տեղի ունեցող պատերազմներին՝ հասկանում ենք, որ հետագիծը նույնն է բոլոր դեպքերում․ տառապանք, ավերվածություն, մարդկային կորուստներ, տեղահանություն և անկայունություն։ Այս ամենը մեծապես անջնջելի հետք է թողնում հենց մարդկանց վրա, որոնց համար վերականգնվելը, կրկին ապրելն ու արարելն անհնար է թվում։ Ուկրաինայի շարունակվող պատերազմն էլ բացառություն չէ, որի արդյունքում հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել երկիրը և վերաբնակեցվել աշխարհի տարբեր կողմերում։ Նրանցից ոմանք հաստատվել են Հայաստանում․ նրանց շարքում և՛ ուկրաինացիներ են, և՛ հայեր, որոնք տարիներ շարունակ ապրել են Ուկրաինայում, սակայն պատերազմի հետևանքով հայրենադարձվել են։ 

Այս մարդկանց կարիքներին համապարփակ անդրադառնալու և լուծումներ առաջարկելու համար՝ նախաձեռնել ենք «PINcubator. Ուկրաինայի պատերազմից տուժած ընտանիքների աջակցության ու ինկուբացիոն ծրագիրը», որի շնորհիվ նպատակ ունենք նաև նպաստել նրանց՝ հասարակության մեջ ընդգրկմանը և հայրենաճանաչության բարձրացմանը։

Այդ ամենը հաշվի առնելով՝ ծրագրում ներառել ենք թե՛ հումանիտար և թե՛ բիզնես աջակցության բաղադրիչները՝ ներառյալ մասնագիտական կրթության և վերապատրաստման, ինչպես նաև լեզվի դասընթացներ, իսկ մեջ գործընկեր «Առաքելություն Հայաստան» կազմակերպությանը վստահել ենք սոցիալական բաղադրիչը՝ մեր աջակցությունը հնարավորինս ընդգրկուն և թիրախային դարձնելու համար։

Ռոմանը և Հայկը մեր ծրագրի մասնակիցներից են, որոնք բացի հումանիտար աջակցությունը, ստացել են նաև գյուղատնտեսական բիզնես աջակցություն՝ իրենց ներկայացրած գաղափարների իրականացման համար։

Ռոմանը եւ իրականություն դարձած 1100 հավերի բիզնես գաղափարը

Հայկական անուններ ունեն Ռոմանի ու Օլենայի երեխաները․ Նազելի, Արտյոմ, Արամ, Արման, Լևոն, Եվա․․․ Ծնվել և մեծացել են Ուկրաինայում, սակայն 2022 թվականի Ուկրաինայի պատերազմի հետևանքով տեղափոխվել են Հայաստան և այժմ ապրում են Հրազդանում։


Դժվարությամբ են խոսում կամ հասկանում հայերեն, սակայն դպրոց են հաճախում և ճանաչում են տառերը, իսկ ավագ դուստրն արդեն համալսարան է ընդունվել։ Ռոմանը մեծ հույս ունի, որ ժամանակի ընթացքում կկարողանան խոսել և ազատ շփվել այստեղի ընկերների հետ։

Փոքրիկ Եվան նույնպես հայերեն չէր խոսում, սակայն մեզ ժպիտով դիմավորեց և իր ներկայությամբ լցրեց ողջ օրը։ Նա մեծ ոգևորությամբ եղբայրների հետ օգնում է Ռոմանին ու Օլենային հավերին կերակրելիս կամ հավկիթները հավաքելիս։ Համբերատարությամբ օգնում են մեկը մյուսին՝ նոր միջավայրին հարմարվելու և հետագա նպատակներին հասնելու համար։

Հաշվի առնելով, որ Ռոմանն Ուկրաինայում արդեն իսկ ուներ թռչնաբուծությամբ զբաղվելու փորձ՝ մենք նույնպես փորձել ենք աջակցել նրանց և ծրագրի շրջանակում տրամադրել ենք 1100 հավ։ Այժմ հավկիթներն իրացնում են շուկայում և մատակարարում են խանութներին։


Խոսելու դժվարությունն այլեւս խոչընդոտ չէ

Այս ժպտերես դեմքով փոքրիկը Արթուրն է, ով հոր կողքից հեռու չէր գնում․ օգնում էր նրան, փորձում ներկա լինել բակում տեղի ունեցող ցանկացած գործողության․․․ Չնայած նրան, որ սկզբում փոքր-ինչ ամաչում էր մեզնից, այնուամենայնիվ ընկերացավ և սկսեց պատմել՝ ինչ է սիրում անել և ինչպես է կերակրում կովիկներին։ Հաճելի էր տեսնել, թե ինչպես էր արտաբերում բառերն ու նախադասությունները՝ լոգոպեդի հետ տարվող աշխատանքների շնորհիվ։

Արթուրը Արարատի մարզում բնակություն հաստատած Հայկի երեխաներից մեկն է, ովքեր վերջերս են Հայաստան տեղափոխվել Ուկրաինայի պատերազմի հետևանքով․․․ Երեխաներից երկուսը՝ 9-ամյա Մարիամը և 7-ամյա Գրիգորը դպրոց են գնում, սովորել են տեղի առօրյային։

Չեն վախենում դժվարություններից․ ամեն ինչ սկսել են զրոյից և որոշել զբաղվել անասնապահությամբ, քանի որ տեղանքը նպաստավոր է։ Հույս ունեն ժամանակի ընթացքում ունենալ սեփական արոտավայրը՝ կենդանիներին առավել լավ պայմաններով ապահովելու և արտադրությունը մեծացնելու համար։

People in Need-ի PINcubator ծրագրի շրջանակում ստացել են 3 կով՝ որպես բիզնես աջակցություն, կենցաղային տեխնիկա և որոշ պարագաներ։ Այդ ամենից զատ՝ մեր գործընկեր «Առաքելություն Հայաստան» կազմակերպության կողմից ստացել են սոցիալ-հոգեբանական աջակցություն՝ ներառյալ լոգոպեդի ծառայություն։


Ծրագրի շրջանակում՝ 435 անհատ ստացել է հումանիտար և զարգացման աջակցություն։ 21 մասնակցի տրամադրել ենք բիզնես աջակցություն՝ իրենց բիզնես գաղափարները կյանքի կոչելու և հետագայում սեփական եկամուտ ունենալու համար։ Այս մասով առանձնահատուկ կարևոր է նաև ծրագրի մյուս բաղադրիչը, որը 19 անհատի հնարավորություն է տվել անցնել մասնագիտական կրթության և վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև տրամադրել համապատասխան սարքավորումներ՝ ինքնուրույն կայանալու և սեփական խնդիրներին համապատասխան արձագանք տալու համար։ 

Autor: Էլմա Վարդանյան

Այլ հոդվածներ