Կանայք, որոնք չեն նահանջում․ լքելով Ուկրաինան պատերազմի հետեւանքով՝ բիզնես են հիմնում Հայաստանում
Հրապարակվել է 29 հլս, 2024 թ. կարդալու ժամանակը՝ 3 րոպեՃակատագիրը միշտ չէ, որ բարեհաճ է եղել Գոհարի և Նատելլայի հանդեպ։ Տարիներ առաջ նրանք բարեկեցիկ կյանք ստեղծելու համար բնակություն էին հաստատել Ուկրաինայում, աշխատանք գտել և հարմարվել տեղի իրականությանը։ Սակայն, Ուկրաինայի պատերազմի արդյունքում կորցրին ստեղծածը և վերադարձան հայրենիք։ Նրանց օգնելու նպատակով հայտարարված SOS Ուկրաինա ֆոնդհայթայթման շնորհիվ՝ հնարավորություն ենք տվել ստեղծել սեփական բիզնես և ոտքի կանգնել։
«Ես երբեք հողի հետ գործ չեմ արել։ Այս գյուղում բնակություն հաստատելուց հետո տեսա, թե ինչպես են մարդիկ աշխատում ու գումար վաստակում․ որոշեցի ինքս էլ փորձել», - ասում է Նատելլա Սվիչկարը, ով երևանամերձ մի գյուղում հսկայական ջերմոց է բացել։ Մինչև պատերազմի սկսվելը՝ Նատելլան ապրում էր Ուկրաինայում։ Նա Հայաստան այցելության էր եկել, երբ պատերազմը սկսվեց, և այլևս չկարողացավ վերադառնալ։ Այս պահին փորձում է վերսկսել իր կյանքը՝ այստեղ ոչինչ չունենալով․ երկու դուստրը Գերմանիայում են, իսկ նա կորցրել է ապրուստի միջոցները։
Նա շատ ուրախ էր, երբ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից դրամաշնորհի և բիզնես աջակցության առաջարկ ստացավ։
Ելակների ու լոլիկի առաջին բերքն արդեն երևում է․ նախատեսում է վաճառել դրանք։
Գոհար Պողոսյանի բիզնեսը նույնպես ծաղկում է։ Նա Ուկրաինայից վերադարձել է հայրենի Կարմիրգյուղ։ Կար անել գիտեր, ուստի որոշեց իմացած գիտելիքները գործի դնել և գումար վաստակել։
Հայաստանում վերաբնակվելը հեշտ չէր Գոհարի համար, ուստի նա փնտրում էր ոչ միայն գումար վաստակելու միջոց, այլ նաև մի բան, որը նրան հաճելի կլինի։
Դստեր հետ միասին՝ նա դիմեց «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ին բիզնես աջակցություն ստանալու նպատակով, և ահա թե ինչպես սկիզբ դրվեց նրա «Մեջիք» (հեղ․՝ կախարդանք) կոչվող արտադրությանը։ «Մոտ երկու տարի աշխատել ենք, սակայն չենք կարողացել այս քանակի արտադրանք տալ», - ասում է Գոհարը։ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի շնորհիվ՝ նրանք ձեռք են բերել կարի մեքենաներ և հնարավորություն են ունեցել նոր կտորներ գնել։
Ընդհանուր առմամբ, ծրագրի բյուջեն կազմում էր 610,310 եվրոյին համարժեք դրամ, ինչը մեզ հնարավորություն տվեց աջակցել 435 անձանց՝ նրանց տրամադրելով օգնության տարբեր տեսակներ՝ ներառյալ մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, բիզնես դրամաշնորհներ, հումանիտար և սոցիալ-հոգեբանական աջակցություն։ Բիզնես դրամաշնորհների համար հատկացվել է 86,000 եվրոյին համարժեք դրամ։
Այս երկու բիզնես նախաձեռնություններից բացի՝ աջակցել ենք նաև Mets&More հացաբուլկեղենի արտադրամասին, նպաստել ենք Տավուշի մարզում էկոլոգիապես մաքուր մսի արտադրությանը, ինչպես նաև դրամաշնորհ հատկացրել ուկրաինական ապխտած դելիկատեսների բիզնեսին, երեք մարզերում օգնել ենք ջերմոցների ստեղծմանը և ավելին։ Այսպիսով, ծրագրի շրջանակում 19 ընտանիք ստացել է բիզնես դրամաշնորհներ, որոնք ընդգրկում են մի շարք ոլորտներ՝ գյուղատնտեսական բիզնեսից մինչև ՏՏ ծառայություններ։