Միջազգային մարդասիրական կազմակերպությունները կոչ են անում բացել Լեռնային Ղարաբաղի մարդասիրական ճանապարհը և հայտնում են վերահաս հումանիտար աղետի մասին
Հրապարակվել է 03 օգս, 2023 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպե«Մարդը կարիքի մեջ», Action Against Hunger և «Աշխարհի բժիշկներ-Ֆրանսիա» հասարակական կազմակերպությունները մտահոգություն են հայտնում Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման մասին, որը սպառնում է Լեռնային Ղարաբաղում 120,000 քաղաքացիների կյանքին ու առողջությանը։
Միջանցքի շահագործումն արգելափակվել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից սկսած և վիճակն ավելի լարվել 2023 թվականի հունիսի 15-ին, երբ դադարեցվեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև խոցելի բնակչության և մարդասիրական ապրանքների փոխադրումն իրականացնող միակ միջազգային կազմակերպության գործունեությունը։ Մինչ օրս մարդկանց տեղաշարժը կամ ապրանքների տեղափոխումը արգելված է։ Մոտ 8 ամիս տևողությամբ շրջափակումն առաջացրել է կենսական նշանակության ապրանքների՝ պարենի, դեղորայքի և վառելիքի իսպառ բացակայություն՝ հանգեցնելով լուրջ հումանիտար ճգնաժամի։ Էլեկտրամատակարարման կանոնավոր ընդհատումներն ազդում են բժշկական հաստատությունների, դպրոցների, մակապարտեզների գործունեության վրա։ Բացի այդ, շարունակական լարվածությունը, բռնությունը, քաղաքական անկայունությունը և անվտանգային իրավիճակի վատթարացումը բնակչության շրջանում հանգեցնում է անորոշության և անհանգստության աննախադեպ աճին՝ բնակչության շրջանում առաջացնելով լուրջ հոգեբանական խնդիրներ և վատթարացնելով վերջիններիս կյանքի որակը։
Լեռնային Ղարաբաղի մարդասիրական ճանապարհը խիստ կարևոր է՝ քաղաքացիական կարիքները բավարարելու և հումանիտար ճգնաժամը կանխարգելելու համար։ Հարյուրավոր մարդիկ չեն կարողացել վերադառնալ իրենց տուն՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Շրջափակումն ազդում է նաև գյուղատնտեսական և մարդկանց կենսագործունեությունն ապահովող այլ տեսակի աշխատանքների վրա՝ լրջորեն կրճատելով հազարավոր տնային տնտեսությունների եկամուտները և ֆինանսական հոսքերը։
Մենք կոչ ենք անում կատարել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը՝ Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, որը ենթադրում է ապրանքների (սննդամթերք, հիգիենայի պարագաներ, դեղորայք, վառելիք) ապահով և անարգել փոխադրում, ինչպես նաև բնակչության, այդ թվում՝ անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդների ազատ տեղաշարժ։ Մենք դիմում ենք միջազգային հանրությանը շտապ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու ներկայիս իրավիճակը, այլապես այն շատ արագ կարող է վերածվել լայնամասշտաբ հումանիտար ճգնաժամի։