Մարդկային պատմություն - «Ապրես ծրագիր ջան, լրիվ ջահելացել եմ»
Հրապարակվել է 16 հնվ, 2023 թ. կարդալու ժամանակը՝ 3 րոպեՏիկին Ալվարդը տեղահանված այն անձանցից մեկն է, ով ընդգրկվել է Եվրոպական միության հումանիտար աջակցության շնորհիվ ընթացող «REACT. հակամարտությունից տուժած անձանց հումանիտար աջակցություն և ինտեգրում» ծրագրում։
Պատերազմի առաջին օրվանից տիկին Ալվարդը հարկադրաբար լքել է իր տունը և Արցախի Շահումյանի շրջանի Խարխափութ գյուղից տեղափոխվել Վարդենիս, որտեղ այսօր ապրում է իր ամուսնու՝ Ռազմիկի հետ։
Լինելով մասնագիտությամբ մանկավարժ, հայոց լեզվի և գրականության մասնագետ՝ երկար տարիներ զբաղեցրել է Խարխափութի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնը։ Վերջին տարիներին ամուսնու հետ զբաղվել է իրենց փոքրիկ տնտեսությամբ՝ խնամել ընտանի կենդանիների, մշակել սեփական բանջարանոցը, պատրաստել քաղցրավենիք՝ օգտվելով բնության ընձեռած բարիքներից։
Տիկին Ալվարդն այն եզակի անհատներից է, ով չնայած հուսահատությանն ու անօգնականության զգացմանը, այնուամենայնիվ, իր մեջ ուժ գտավ փորձելու իրեն անծանոթ ոլորտում։ Ինչպես ինքն է նշում․ «Սկզբնական շրջանում բավականին երկմտում էի, քանի որ շատ հուսալքված վիճակում էի գտնվում։ Ինձ չէի պատկերացնում ֆիզիկական ակտիվություն պահանջող ձեռքի աշխատանք իրականացնելիս, քանի որ ես մշտապես եղել եմ գիտության ոլորտում։ Միևնույն ժամանակ հասկանում էի, որ անհրաժեշտ է որևէ աշխատանքով զբաղվել»։
Այսօր հայացք գցելով անցած երկու տարիների փորձառությանը՝ տիկին Ալվարդն առանց վարանելու նշում է. «Անկասկած կրկին կդառնայի այս ամենի մասը, քանի որ ես հնարավորություն ստացա հագեցնել առօրյաս, ձեռք բերեցի լայն ծանոթությունների շրջանակ։ Կրկին համոզվեցի, որ անկախ տարիքից և կյանքում հանդիպող դժվարին իրավիճակներից, մարդը մշտապես կարող է վերագտնել իր նպատակներն ու ապրելու իմաստը»:
Տիկին Ալվարդը պատմում է, որ սկզբնական շրջանում տարեց ամուսիններով շատ միայնակ էին զգում, շփման շրջանակը շատ սեղմ էր և դեռևս ծանր հիշողությունների ազդեցության տակ էին, իսկ դասընթացն ու հանդիպումները հոգեբանի և սոցիալական աշխատողի հետ օգնեցին նորից արժեքավոր մարդ զգալ և գիտակցել այլոց ձեռք մեկնելու հարցում սեփական օգտակարությունը: Այս առնչությամբ նա ասում է. «Կենտրոնում անցկացրած նույնիսկ երկու ժամը օրս հագեցած է դարձնում և չեմ զգում անջրպետ իմ և այլոց միջև։ Ընդհուպ մինչև ամուսինս է ներգրավվում այդ հանդիպումներում. նրա կյանքում ևս ակնհայտ դրական փոփոխություններ են տեղի ունեցել»:
Վերջին շրջանում տիկին Ալվարդն ընդգրկվել է նաև 3-ամսյա կար ու ձևի դասընթացներում և շնորհիվ իր խիստ պարտաճանաչության, դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո սկսել է վճարովի աշխատանքային փորձ ձեռք բերել «Աստղավարդ» ՀԿ-ի կարի արտադրամասում։ Այժմ նա արդեն իր աշխատանքն ունի և զբաղվում է հագուստի, խոհանոցային իրերի մոդելավորմամբ, կարում բեմական հագուստներ, ինչպես նաև կատարում է հագուստի վերանորոգում:
Տիկին Ալվարդը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և մարտահրավերների հանդիպած անձանց խորհուրդ է տալիս երբեք չհուսահատվել և հավատալ սեփական ուժերին, պատրաստ լինել փոփոխություններին և մշտապես ձգտել սովորելու նորը, ինչպես, որ ինքն է անում այժմ՝ տեսելով դրա պտուղները։
Տիկին Ալվարդի սոցիալական աշխատող Մելանյան այսօր` շուրջ մեկ տարվա աշխատանքից հետո, նշում է․ «Ես ականատես եմ եղել նրա վերափոխմանը, անգործությունից մինչև ակտիվություն, հուսահատությունից մինչև խիզախություն։ Տիկին Ալվարդը լուսավոր, հաստատակամ և պայքարող կնոջ վառ օրինակ է, ով չնայած մի շարք դժվարությունների, շարունակում է լավատեսորեն և վստահ քայլերով առաջ գնալ և իրականացնել իր առաքելությունը: Ալվարդն օրինակ է շատերի համար, ովքեր ևս գտնվել ու գտնվում են նմանօրինակ դժվարին իրավիճակներում, օրինակ՝ հասկանալու, որ ոչ մի իրավիճակում չպետք է հուսահատվել, փոխարենը՝ փորձել ելքեր գտնել»։
Այս պատմությամբ այսօր կիսվում ենք Ձեզ հետ և մեջբերում տիկին Ալվարդի՝ հաճախ հումորով արտաբերվող խոսքերը. «Ապրես ծրագիր ջան, լրիվ ջահելացել եմ»:
«REACT. հակամարտությունից տուժած անձանց հումանիտար աջակցության և ինտեգրման ծրագիրը» իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից և Տեխնիկական համագործակցության և զարգացման գործակալության, «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» ու «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ների հետ գործընկերությամբ։