Ամփոփվեց «Ճամպրուկ 2023» լրագրողական մրցույթը
Հրապարակվել է 20 դեկ, 2023 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպեՄիգրանտների միջազգային օրը՝ դեկտեմբերի 18-ին, տեղի ունեցավ «Ճամպրուկ» ամենամյա լրագրողական մրցույթի մրցանակաբաշխությունը:
Բազմամյա ավանդույթով հերթական մրցանակաբաշխությունն այս տարի կազմակերպվել էր ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ), ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, «Մարդը կարիքի մեջ» միջազգային հասարակական կազմակերպության, ՄԱԿ-ի Փախստականների գործակալության ու Միգրացիայի միջազգային կազմակերպության համատեղ ջանքերով:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՄՔԾ պետ Արմեն Ղազարյանը, Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության ներկայացուցիչ Կավիտա Բելանին, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վարդուհի Դադունցը և ՄՄԿ ներկայացուցիչ Մարկո Պելեգրինին։
Ներկայացված ավելի քան հարյուր նյութերից գնահատող հանձնաժողովն առանձնացրել էր լավագույնները: Հանձնաժողովը բաղկացած էր կազմակերպիչ կողմերի մեդիա մասնագետներից:
Այսպիսով, գլխավոր մրցանակին արժանացավ Արմինե Ավետիսյանը՝ «Երազում էի անհոգ կյանքի մասին, խաբվեցի». ԱՄՆ անօրինական արտագաղթող հայերի մասին» նյութով:
Երկրորդ մրցանակին արժանացավ Մայա Խաչատրյանը՝ «Քարերը հայերեն են խոսում». հայ փախստականների ու բռնի տեղահանվածների պահանջն ու պետության քայլերը» ռեպորտաժով:
Երրորդ մրցանակին արժանացավ Անահիտ Հարությունյանը՝ իր «Դու չես գնում պապայիդ տուն, գնում ես օտար երկիր․․․» նյութով։
Եվս յոթ լրագրողական նյութերի հեղինակներ արժանացան խրախուսական մրցանակների.
- Թագուհի Մելքոնյան. «Աֆրիկյան երկրներից դեպի Հայաստան քաղաքացիների աննախադեպ հոսք կա․ ինչո՞վ են նրանք զբաղվում այստեղ»
- Միլենա Խաչիկյան. «Արցախցիները, որոնք Հայաստանում հաշվառվել են սեպտեմբերի 19-ից հետո, կօգտվեն աջակցության ծրագրերից»
- Լիլիթ Շահվերդյան. «Ապրել հանուն հիշողության. ինչպե՞ս է հայերի ընտանիքը դուրս եկել ԼՂ-ից»
- Արմինե Սիմոնյան. «Ինչպես են արցախցիները տեղավորվել Տեղում»
- Նինա Շահվերդյան և Շողեր Սարգսյան. «ԻՆԱԴՈՒ» փոդքասթ
- Լուսինե Մանվելյան. «3762 ընտանիք օգտվել է 2020-ին Արցախի շրջաններից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրից»
- Մերի Բոյաջյան և Էլիզա Մաթևոսյան. «Միգրացիան օրակարգային հարց է»: Աղջիկներին մրցանակը հանձնեց «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը:
«Ճամպրուկ» մեդիա մրցույթի նպատակը թեմատիկ լուսաբանման ոլորտում լավագույն փորձը խրախուսելն է։ Հայաստանում փախստականների, տեղահանված անձանց և միգրանտների ու նրանց ինտեգրման գործընթացների վերաբերյալ գրագետ և ազդեցիկ մեդիա բովանդակությունը քաջալերելով՝ համակազմակերպիչ կառույցները ոգեշնչում են լրագրողներին՝ առավել ընդգրկուն, ճշմարիտ և անաչառ մոտեցումներ ցուցաբերելու տեղահանված անձանց և միգրանտների վերաբերյալ լրագրության, նրանց առջեւ ծառացած խնդիրների լուսաբանման գործում։
«ՃԱՄՊՐՈՒԿ» լրագրողական մրցույթը իրականացվում է 2010 թվականից։ Այս տարի լրագրողական մրցույթը իրականացվում է Եվրոպական միության Միգրացիոն գործընկերության գործիքի (MPF) միջոցով ֆինանսավորվող ՄՔՄՄԿ-ի, ՄԱԿ ՓԳՀ-ի, ՄՄԿ-ի եւ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի համաֆինանսավորմամբ։