Խթանելով միջսահմանային տուրիզմը
Հրապարակվել է 01 հնվ, 2023 թ. կարդալու ժամանակը՝ 3 րոպեՀայաստանում քայլարշավային նոր արահետներ են ստեղծվում, որոնք խթան են հանդիսանում զբոսաշրջության զարգացման համար։ Քայլարշավների ընթացքում զբոսաշրջիկները զրուցում են տեղացիների հետ, տեղեկանում իրենց ավանդույթների և զբոսաշրջային ծառայությունների մասին։
Շարունակելով արահետաշինության փորձը՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն Վրաստանում և Հայաստանում նախաձեռնել է տարածաշրջանային ծրագիր՝ ընդլայնելու Տրանսկովկասյան Արահետ զարգացող նախաձեռնությունը։ «Տրանսկովկասյան արահետ․ խթանելով միջսահմանային տուրիզմը» ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID)-ի տարածաշրջանային Տնտեսական զարգացման, կառավարման և ձեռնարկատիրության աճի նախագծի՝ EDGE-ի կողմից։
«Տրանսկովկասյան արահետ․ խթանելով միջսահմանային տուրիզմը» ծրագիրը ղեկավարում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի վրաստանյան ներկայացուցչությունը՝ հայաստանյան ներկայացուցչության և Վրաստանում ու Հայաստանում գործող «Տրանսկովկասյան արահետ» ՀԿ-ների հետ համագործակցությամբ։ Ծրագրի շնորհիվ Վրաստանում և Հայաստանում ստեղծվել են նոր արահետներ․ Արագվի (122կմ), Ախալքալաքի (200կմ), Լոռի (110) և Շիրակ (102 կմ)։ Նորաստեղծ արահետները նոր գրավչություն են Կովկասում՝ Վրաստանում և Հայաստանում նոր այցելուներ ներգրավելու համար։ GPS տվյալները հասանելի են այստեղ։
Ծրագրի առանցքում մի կողմից արահետների հետազոտումն (scouting) ու ստեղծումն է, մյուս կողմից՝ զբոսաշրջային ծառայությունների ոլորտում փոքր ու միջին ձեռնարկատիրությունների (ՓՄՁ) հնարավորությունների ընդլայնումը։ Հայկական 20 ՓՄՁ ներկայացուցիչների համար կազմակերպվել էր մարքեթինգի դասընթաց։ Շահառուները դասընթացավարի հետ մշակել են մարքեթինգային պլան և բիզնեսի զարգացման ռազմավարություն։ Մենք նաև աջակցել ենք շահառուներին գովազդային նյութերի ստեղծման հարցում։
Ծրագրի շահառուներից մեկը Գոհարն է։ Գոհարը նկարչուհի է և խեցեգործ։ Նա մանկուց զբաղվում է խեցեգործությամբ և պատրաստում է գեղեցիկ հուշանվերներ։ Նա Հացիկ գյուղում մի հարմարավետ և հյուրընկալ արհեստանոց ունի, որը կոչվում է հենց իր անունով։ Հացիկը մի վայր է, որն արժե այցելել այս արհեստանոցի և պատմական վայրերի համար։ Գյուղը հայտնի է նաև «Ծակքար» ուխտատեղիով։ Նրա կողքին է գտնվում նաև «Յոթ եղբայր» գերեզմանը, որը նույնպես սրբավայր է։
Գոհարի արհեստանոցում այցելուները կարող են պատրաստել խեցեգործ իրեր և նկարել։ Գոհարը լսողության դժվարություն ունի և այցելուների հետ հաղորդակցվում է նաև թուղթ ու գրիչի միջոցով կամ ընտանիքի անդամների օգնությամբ։ Հասմիկը Գոհարի քույրն է։ Նա ռեաբիլիտոլոգ է և համատեղությամբ նաև Գոհար բրենդի մենեջերը։ Հասմիկը շատ շնորհակալ է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությանը՝ իրենց բիզնեսի առաջընթացի խթանման հարցում։ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի այս ծրագիրը մի հնարավորություն էր հանդիպել նոր հետաքրքիր մարդկանց և ընկերանալ նրանց հետ, ինչպես նաև ստանալ աջակցություն մարքեթինգի հարցում», նշում է Հասմիկը։
Ծրագրի հիմնական նպատակներից է մարդկանց հետ անմիջական շփումը և կատարված աշխատանքների հետագա կայուն զարգացումը։ Այդ նպատակով՝ ծրագիրն իրականացնող գործընկեր «Տրանսկովկասյան Արահետ» ՀԿ-ն իրականացրել է արահետաշինության դասընթաց Լոռու և Շիրակի մարզերի 16 տեղացի ակտիվիստների համար։
Վրաստանում տեղական ակտիվ խմբերը (ՏԱԽ) և Հայաստանում Կանանց Ռեսուրս կենտրոնը (WINNET) կարևոր դեր են խաղում թիրախ մարզերում հանրային, մասնավոր և քաղհասարակության շահագրգիռ կողմերին միավորելու գործում։
«WINNET Վանաձոր» ՀԿ-ի համահիմնադիր Արևիկ Եղիազարյանը նշում է․ «Մարքեթինգի դասընթացը սոցիալական ձեռնարկատիրական գաղափարներ մշակելու նոր հեռանկարներ տվեց՝ զբոսաշրջիկների համար կազմակերպելու տարբեր վարպետության դասեր մեր շահառու կանանց և երեխաների ներգրավմամբ: Վերապատրաստման ընթացքում ձեռք բերված գիտելիքների հիման վրա ծառայությունները ձևավորվեցին և մշակեցինք մարքեթինգային ռազմավարություն, որը մեզ համար ուղեցույց կլինի այս գործընթացում: Բացի այդ, փորձագետի անհատական խորհրդատվության շնորհիվ՝ մենք կատարելագործեցինք ռազմավարությունը և նոր գաղափարներ առաջացան, թե ինչպես կարելի է կազմակերպությունն ավելի կայուն դարձնել սոցիալական ձեռնարկության միջոցով՝ աջակցելով կանանց և երիտասարդներին: Absolute Armenia-ի այցելությունն ու բլոգը լրացուցիչ խթան էր այս գործընթացում, և շատ մարդիկ սկսեցին հետաքրքրվել մեր ծառայություններով»։
Ծրագրի շրջանակում «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն նախաձեռնել էր նաև եռօրյա ճանաչողական այց դեպի Լոռու և Շիրակի մարզեր։ Ինը զբոսավար, տուր օպերատորներ և լրագրողներ շրջեցին մարզերում և բացահայտեցին տեղական նոր զբոսաշրջային վայրեր, որոնք անցնում են նորաստեղծ արահետներով։ Այցի մասնակիցները հանդիպեցին նաև Լոռու և Շիրակի տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակների (DMO) անդամների հետ։ Վերջիններս ներկայացրին իրենց ծառայությունները տուր օպերատոներին և փորձեցին գտնել համագործակցության եզրեր։