Լեգենդների արահետ, Տաթև-Խուստուփ հատված` արկածներին ընդառաջ

Հրապարակվել է 16 մրտ, 2021 թ. կարդալու ժամանակը՝ 4 րոպե
Լեգենդների արահետ, Տաթև-Խուստուփ հատված` արկածներին ընդառաջ
© Foto: ARK Armenia

​Լեգենդների արահետը կարելի է դրախտ համարել արկածների սիրահարների համար։ Քայլել լեռներով և անտառներով, հատել լեռնային գետերը, գիշերել վրանում և առավոտյան արթնանալ ծագող արևի ճառագայթի մեղմ հպումից՝ արդեն իսկ հրաշալի արկածներ են։

Բացի այդ, Լեգենդների արահետն առաջարկում է ձեզ արկածային զբոսաշրջության մեծ ընտրություն։

​Ձիարշավներ

Տանձավեր գյուղում ձեզ համար ձիարշավ կկազմակերպեն Բագրատ Հակոբյանը կամ Միքայել Շելեմետևը։ Դուք կարող եք արշավել դեպի «Կախարդական անտառ»՝ գողտրիկ անտառի խորքում հետաքրքիր լենդ-արտ արվեստի գործերի հավաքածու, Աշխարհատես գագաթ, Մաճ հինավուրց գյուղատեղի։

Բեխ գյուղից ձիարշավներ կազմակերպվում են հիմնականում դեպի Բեխի անապատ հինավուրց մենաստան։ Այստեղ ձիարշավ կազմակերպելու համար կարող եք դիմել Դավիթ Հակոբյանին կամ հարցուփորձ անել Բեխ գյուղում։ Այստեղ արդեն երկար տարիներ գյուղացիները համագործակցում են հնեաբանական արշավախմբի հետ, որն ամեն տարի օգոստոս ամսին պեղումներ է անում Բեխի անապատում։ Գյուղացիներն ունեն մեծ փորձ արշավախմբի անդամներին և հյուրերին ձիով տեղափոխել Բեխ գյուղից Բեխի անապատ։

Վաչագան և Բաղաբուրջ գյուղերից ձիարշավները հիմնականում կազմակերպվում են դեպի Խուստուփի գագաթ։

Խուստուփի լանջին ձիավարություն, արշավ և դասական շրջագայություններ կազմակերպելու համար կարող եք դիմել Աշոտ Հարությունյանին կամ Էրիկ Ղոնյանին։


​Լեռնային հեծանիվներ

Լեռնային հեծանիվներ վարձակալելու համար դուք կարող եք դիմել Բագրատ Հակոբյանին Տանձավեր գյուղում կամ Ալեն Մարտիրոսյանին Կապանում։ Հեծանիվով արահետներ բարձրանալը բավականին դժվար է, այդ պատճառով խորհուրդ ենք տալիս ամենագնաց մեքենայով հեծանիվը բարձրացնել բավականին բարձրադիր կետ՝ Խուստուփի գագաթ կամ ստորոտ (Նավչա) և այնտեղից իջնել զառիթափն ի վայր։


​Ջիպինգ տուր

Լեգենդների արահետ, Տաթև-Խուստուփ հատվածի հարակից տարածքն իդեալական է ամենագնացներով լեռնային տուրերի համար։ Ամենագնացով հնարավոր է անցնել որոշ միջգյուղային ճանապարհներով, որոնք ամբողջովին համընկնում են Լեգենդների արահետի սեգմենտների հետ, օրինակ՝ Տանձավեր – Անտառաշատ։ Ամենագնաց մեքենայով կարելի է անցնել Բաղաբուրջ-Խուստուփ սեգմենտի երկու երրորդը (մինչև 2000 մետր բարձրություն)։ Շատ հետաքրքիր ամենագնացային ուղղություններ կան Լեգենդների արահետի վրա գտնվող գյուղերից դեպի մոտակա սարերը, օրինակ՝ Անտառաշատից դեպի Տափասար։ Ամենագնաց մեքենա վարձակալելու համար դիմեք Բագրատ Հակոբյանին Տանձավեր գյուղում, Աշոտ Հարությունյանին կամ Էրիկ Ղոնյանին Վաչագան գյուղում, Դավիթ Հակոբյանին և Ալեն Մարտիրոսյանին արահետի մյուս սեգմենտների համար։


​Ծանոթություն Մետաքսի Ճանապարհի հինավուրց կամուրջների հետ

Մետաքսի ճանապարհի հինավուրց կամուրջները գտնելը և նրանց հետ ծանոթանալն ինքնին շատ հետաքրքիր արկած է։ Լեգենդների արահետի վրա գտնվող առաջին կամուրջին կարող եք մոտենալ Օխտար կամ Վանեկ գյուղերից։ Կամուրջը կառուցվել է դեռևս 18-րդ սկզբին Աճանան գետի վրա Վանեք բնակավայրի մերձակայքում, Օխտար գյուղի դիմաց՝ 11-րդ դարում կառուցված ավերակի կամրջի արևելյան կողմում: Այն ունի տեղական բազալտից կարմրավուն և կապտավուն 110 սրբատաշ քարեր: Կամուրջը գտնելու համար անհրաժեշտ է իջնել Օխտար գյուղի կանգառից հարյուր մետր դեպի գետ։ Երկրորդ կամուրջը գտնվում է առաջին կամրջից մեկ կմ դեպի արևելք՝ Աճանան գետի հոսանքով ներքև։ Մետաքսի ճանապարհի երրորդ կամուրջի հիմքերը կարելի է տեսնել Բաղաբերդ ամրոցի մոտակայքում։ Այն գտնելու համար պետք է Գիրաթաղի խաչմերուկից քայլել մոտ 150 մետր դեպի արևելք, այնուհետև դուրս գալ մայրուղուց և հին ճանապարհով իջնել դեպի Ողջի գետը։ Կամուրջի հիմքերը տեսնելու համար պետք է մտնել մասնավոր այգի, սակայն դա թույլատրելի է, համաձայն պատմական հուշարձանների մասին օրենքի։ Ողջի գետի ափին կարելի է տեսնել հինավուրց կամուրջի հիմքերը, ինչպես նաև քարե պահակատունը։ Այստեղ եղել է մաքսային անցակետ, որը հսկում էր միջնադարյան Կապան մտնող կամուրջը։ Հին կամուրջ կա նաև Վաչագան գետի վրա, նույնանուն գետի մոտ։ Այս կամուրջը կառուցվել է XIX դարում, սակայն իր կառուցման տեխնոլոգիայով չի տարբերվում միջնադարյան կամուրջներից։ Այս կամուրջը գտնվում է Լեգենդների արահետի վրա, Վաչագան-Բաղաբուրջ սեգմենտում։


Լեգենդների արահետի արկածային մեծ ներուժն օգտագործելու համար խորհուրդ ենք տալիս օգտվել զբոսավարների ծառայություններից, որոնք այդ թվում կարող են առաջարկել արկածային քվեստ տուրեր։ Քվեստի մեկնարկային կետը Սվարանց գյուղն է, իսկ վերջնակետը՝ Վահանավանքը։ Զբոսաշրջիկները Տաթևում բաժանվում են խմբերի և հատուկ ուղղություններով տեղափոխվում Վահանավանք: Հաղթող է ճանաչվում այն խումբը, որն առաջինն է հասնում վերջնակետին: Խաղի ընթացքում նախատեսվում են տարբեր բարդությունների առաջադրանքներ, որոնք կպահանջեն որոշակի ֆիզիկական և մտավոր ունակություններ։ Քվեստը կազմակերպելու համար դիմեք Ալեն Մարտիրոսյանին։


Այստեղ կգտնեք ձեր սրտի ուզած զբաղմունքը՝ անցեք Մետաքսի ճանապարհի կամուրջներով և պատկերացրեք, թե ինչ են զգացել միջնադարյան վաճառականները, բարձրացեք լեռները, կանգնեք գագաթին և արծվի թռիչքի բարձրությունից նայեք աշխարհին, ձիով շրջեք գեղեցիկ հովիտներում, լեռնային հեծանվով իջեք զառիթափն ի վար, լեռնագնաց մեքենայով շրջեք լեռներում և լրացրեք ձեր ադրենալինի պակասը։ Ամրապնդեք ձեր կոլեկտիվի թիմային ոգին, մասնակցելով գիդերի կազմակեպած քվեստ տուրերին։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «ԱՐԿ» բնապահպանական հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

Լեգենդների արահետը ստեղծվել է Եվրոպական միության և People in Need կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության «ԵՄ-ն զբոսաշրջության զարգացման համար․ արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակում` «ԱՐԿ» բնապահպանական ՀԿ-ի հետ գործընկերությամբ։

Կապ՝ վերոնշյալ մասնագետների հետ

  • Դավիթ Հակոբյան՝ տեղական էքսկուրսավար-ուղեկցորդ, ձիարշավ, վարպետաց դասերի և ջիպինգ տուրերի կազմակերպում, հեռ․՝ +37493049808
  • Բագրատ Հակոբյան՝ ձիարշավ, լեռնային հեծանիվի վարձակալություն (Տանձավեր), հեռ․՝ +374 77899110
  • Ալեն Մարտիրոսյան՝ լեռնային հեծանիվի վարձակալություն, (Խուստուփ, Կապան), ջիպինգ և քվեստ տուրի կազմակերպում, հեռ․՝ +374 98346834
  • Աշոտ Հարությունյան՝ ձիարշավ, ամենագնացի վարձակալություն, ջիպինգ (Խուստուփ, Վաչագան), հեռ․՝ +374 44444407
  • Էրիկ Ղոնյան՝ ձիարշավ, ամենագնացի վարձակալություն, ջիպինգ (Խուստուփ, Վաչագան) հեռ․՝ +374 94227089
  • Ռազմիկ Մարգարյան ՝ ջիպինգ տուր Կապանի շրջակայքում, հեռ․՝ +374 94620039
  • Գրենիկ Զալազարյան՝ ամենագնացով և ձիով արշավ դեպի Խուստուփի լանջ, հեռ․՝ +374 93747481
  • Պալոմա Ռուբիո անգլերեն, իսպաներեն լեզուներով էքսկուրսավար-ուղեկցորդ (Տանձավեր, Կախարդական անտառ), հեռ․՝ +374 93941906  


Autor: ARK Armenia

Այլ հոդվածներ