Կապանի հոգևոր ժառանգությունը

Հրապարակվել է 30 մրտ, 2021 թ. կարդալու ժամանակը՝ 3 րոպե
Կապանի հոգևոր ժառանգությունը
© Foto: ARK Armrenia

Հայաստանն առաջին քրիստոնեական պետությունն է, և արդեն շուրջ 1700 տարի է այդ կրոնի շուրջ ձևավորվել և ձևավորվում է մշակույթ, որն իր արտահայտությունն է գտնում ճարտարապետության, քանդակագործության, երաժշտության, գրականության մեջ։ Քրիստոնեական մեծ ժառանգություն կա նաև Կապան աշխարհում։ Բացի այդ, այստեղ են եղել 3 վանքերը՝ Վահանավանքը, Երիցվանքը և Բեխի անապատը։ Հալիձորի բերդը, ի սկզբանե, ստեղծվել է որպես վանք, բայց հետո փոխել է իր նշանակությունը։ Համայնքի տարածքում գտնվում են հարյուրավոր հին խաչքարեր և այժմ այդ արվեստն ապրում է նոր վերածնունդ։ 


Վահանավանք

Կապանի ամենահայտնի վանքը, որը միաժամանակ գտնվում է Լեգենդների արահետի վրա, Վահանավանքն է՝ Կապան քաղաքի կենտրոնից 9 կմ դեպի արևմուտք։ Վանական համալիրի առաջին կառույցը՝ սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, կառուցվել է 911 թվականին՝ Տաթևի վանքի հանդիսավոր օծումից հինգ տարի անց։ Կառուցումը հովանավորել է Սյունիքի իշխան Ձագիկի որդի Վահան Սյունին, ով, տպավորված լինելով Տաթևի վանքով, որոշում է վանք հիմնել Սյունիքի մայրաքաղաք Կապանում և եկեղեցուն է նվիրաբերում հսկայական կալվածքներ։ Վանքը հասանելի է ոչ միայն քայլարշավողների, այլ նաև ավտոբուսով ճանապարհորդող խմբերի համար։ 

Հալիձորի բերդ

Հալիձորի բերդը, նախապես եղել է կուսանաց անապատ և այստեղ ընդօրինակվել են ձեռագրեր: Քանի որ բնականից տեղանքը լավ պաշտպանված էր, այդ պատճառով հետագայում՝ Դավիթ-Բեկի օրոք, անապատը վերակառուցվում և դառնում է ամրոց: Ամրոցն ունի երկու եկեղեցի: Միջնաբերդում է գտնվում Սուրբ Մինաս եկեղեցին, որը կառուցված է սրբատաշ քարերով: Համալիրում թե´ տեղադրությամբ և թե´ չափերով գերիշխողը Ս.Աստվածածին եկեղեցին է, որը կառուցվել է XVII դ.։ 1727թ. թուրքերը պաշարում են Հալիձորը և աստիճանները մոտեցնելով բերդի պարիսպներին՝ փորձում են մտնել ներս: Բերդի քիչ թվով հայ ռազմիկները, բնակիչների օգնությամբ, ոչ միայն պարսպից ցած են նետում գրոհայիններին, այլև աննկատ դուրս գալով բերդից՝ հարմար դիրքից անցնում են հակահարձակման: Խուճապի մատնված թշնամու զորքը, մեծ կորուստներ տալով, դիմում է փախուստի: Հալիձորի բերդը մեր պատմության մեջ խորհրդանշում է ուժ և անառիկություն: Հալիձորի բերդը հասանելի է քայլարշավողների համար։ Ոտքով Վահանավանքից այստեղ կարելի է հասնել 2 ժամվա ընթացքում։ Այնտեղ կարելի է հասնել նաև ամենագնացով (Կապանից`20 րոպե)։ 

Բեխի անապատը գտնվում է Կապան քաղաքի Բեխ թաղամասից 4 կմ հարավ-արևելք՝ բարձր լեռան արևելյան լանջին, անտառի մեջ։ Կառուցվել է 10-րդ դարում, վերակառուցվել է Արիստակես վարդապետի կողմից 17-րդ դարի 20-ական թվականներին։

Անապատը, որը տեղացիները անվանում են «Նապատ», հասանելի է միայն քայլարշավողների համար՝ Բեխ և Վաչագան գյուղերից։ Արահետը բավականին դժվար վերելք է և պահանջում է միջին և բարձր ֆիզիկական պատրաստվածություն։ 

Երիցվանքը գտնվում է Լեգենդների արահետից դուրս՝ Արծվանիկ գյուղից արևելք, բարձր սարահարթի վրա։ Սա 5-11-րդ դարերի ճարտարապետական հուշարձան է, որը հիմնադրել է Սյունյաց մետրոպոլիտ Երիցակը 5-րդ դարում։

Եկեղեցին հետագայում, հավանաբար պաշտպանական նպատակով, շրջափակվել է կրկնակի պատերով։ Երբեմնի համալիրից պահպանվել են պարիսպների հետքերը և մատուռի ավերակները։ Երիցվանք կարելի է գնալ ամենագնացով (Կապանից` 30 րոպե), կամ քայլել Արահետի վրա գտնվող Տանձավեր կամ Վերին Խոտանան գյուղերից։

Բացի վերը նշված վանքերից Կապանի համարյա յուրաքանչյուր գյուղում կա կանգուն եկեղեցի, կամ եկեղեցու փլատակներ։

Տանձավեր գյուղում ու նրա շուրջը կան մի շարք քրիստոնեական հուշարձաններ:

Տանձավերում են գտնվում 15-րդ դարի Սուրբ Ստեփանոսի անունը կրող միանավ եկեղեցու ավերակները։

Գյուղի պարծանքն է համարվում 1705 թվականին կառուցված Սուրբ Աստվածանի անունը կրող եռանավ բազիլիկ եկեղեցին, որը խորհրդային տարիներին դարձրել էին հացահատիկի պահեստ, իսկ շրջակա միջնադարյան գերեզմանոցի քարերը օգտագործվել էին որպես շինանյութ և կամ ոչնչացրել։

Անտառաշատ գյուղում կան միանավ բազիլիկ կառուցվածքով երկու եկեղեցի։ Վերջիններս, հավանաբար, կառուցվել են մինչև 17-րդ դարի երկրորդ կես, և երկուսն էլ կրում են Սուրբ Հռիփսիմե անվանումը:  

Կապանի հոգևոր ժառանգությունը դժվար է պատկերացնել առանց Մովսես Խոտանանցու, ով ծնվել է Վերին Խոտանան գյուղում և ում գերեզմանը ևս գտնվում է այդ գյուղում։ Մովսես Խոտանացին նաև հայտնի է Մովսես Տաթևացի անունով։ Նա Աստվածային շնորհք ուներ ու տասնհինգ տարեկանից փոքր էր, երբ նրան տվեցին քահանայության աստիճան և օրհնեցին կուսակրոն աբեղա։ 1623թ. Մովսես Տաթևացին ձեռնադրվեց եպիսկոպոս Մելիքսեթ կաթողիկոսի օրհնությամբ: 1627 թվականին Պարսից շահ Աբբաս I-ից ստանում է Սբ. Էջմիածնի վանքի լուսարարի պաշտոն և վանքը նորոգելու թույլտվություն-հրովարտակ։ 1627 թվականի հունիսից վերանորոգում է Սբ. Էջմիածնի վանքը, Վեհարանը, օժանդակ կառույցները և պարիսպները։ 1629 թվականի 13-ին հունվարի օծվում է «ընտրյալ կաթողիկոս»։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «ԱՐԿ» բնապահպանական հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:Լեգենդների արահետը ստեղծվել է Եվրոպական միության և People in Need կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության «ԵՄ-ն զբոսաշրջության զարգացման համար․ արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակում` «ԱՐԿ» բնապահպանական ՀԿ-ի հետ գործընկերությամբ։

Autor: ARK Armenia

Այլ հոդվածներ