Մեկնարկել է Միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակը. տեղի է ունեցել առաջին համակարգող հանդիպումը

Հրապարակվել է 21 հնս, 2024 թ. Կարդալու ժամանակը՝ 2 րոպե

Հունիսի 18-ին տեղի է ունեցել Միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակի առաջին համակարգող հանդիպումը, որին մասնակցել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Dialogue platform at the Ministry of Internal Affairs of Armenia
© Foto: PIN

Մասնակցում էին նաև ՆԳՆ Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը, «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վարդուհի Դադունցը, նախարարությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ու շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ։

Արմեն Ղազարյանն իր խոսքում ընդգծել է Միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակի կարևորությունը. այն թույլ կտա շահագրգիռ կողմերի հետ ակտիվ քննարկումների շնորհիվ կոորդինացնել միգրացիոն քաղաքականության մշակման գործընթացը։
(© PIN)

Անդրադառնալով դեռևս 2021 թվականին Կառավարության կողմից ընդունված Միգրացիոն քաղաքականության մշակման հայեցակարգին՝ Արմեն Ղազարյանը նշել է հարթակի օգնությամբ թիրախային ուղղություններով իրականացվող աշխատանքների շուրջ կառուցողական երկխոսություն ծավալելու անհրաժեշտությունը։

Արմեն Մկրտչյանն անդրադարձել է ՆԳ նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման ՝ Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության ձևավորման և միգրացիոն ոլորտում վարչության առջև դրված խնդիրներին։

Նա մատնանշել է աշխատանքային հանդիպումների շարունակականության անհրաժեշտությունը՝ կարևորելով համատեղ քննարկումների ընթացքում փորձագիտական ներուժի մեկտեղման, տեղեկատվության փոխանակման և մարտահրավերների հաղթահարման հնարավորությունները։

IMG_0057.JPG - Dialogue platform at the Ministry of Internal Affairs of Armenia (© PIN)


Վարդուհի Դադունցը կարևորել է միգրացիոն քաղաքականության մշակման աշխատանքներում շահագրգիռ կողմերի հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ երկխոսության հարթակը կնպաստի արդյունավետ քաղաքականության և ծրագրերի իրականացման աշխատանքներին։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են Միգրացիոն քաղաքականության պլատֆորմի նպատակն ու խնդիրները։ Ներկայացվել են նաև Միգրացիոն հոսքերի կառավարման, ինտեգրման և վերաինտեգրման, հարկադիր միգրանտների զանգվածային ներհոսքի ճգնաժամային կառավարման քաղաքականության և Հայաստան-Սփյուռք համագործակցության 2023-2033 թթ. ռազմավարությունը։

Հանդիպման ավարտին մասնակիցները նախանշել են երկխոսության հարթակի առաջիկա քայլերը։

Նշենք, որ երկխոսության հարթակը բաց է ոլորտի շահագրգիռ բոլոր կողմերի համար: Հարթակի աշխատանքներում ներգրավվել ցանկացողները կարող են դիմել Ներքին գործերի նախարարարություն:

Հեղինակ՝ ՀՀ Ներքին գործերի նախարարություն

Այլ հոդվածներ