Կայուն կենսապահովում և շրջակա միջավայր

Կայուն կենսապահովում և շրջակա միջավայր

ԵՄ-ն Շիրակի մարզի համար․ նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության

Ամասիայի բրդի գործարան

Եվրոպական միության, ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ և մեր գործընկերներ Ամասիայի համայնքապետարանի, «Կանանց Զարգացման Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի և Շիրակի մարզի առևտրաարդյունաբերական պալատի  հետ համատեղ և մշակել ենք Շիրակի մարզում բրդի արժեշղթայի զարգացմանն ու մոդերնիզացիային ուղղված ծրագիրը՝ ստեղծելով նաև  ոչխարաբուծությունից մինչև բրդյա թելի և ապրանքների արտադրության առաջխաղացման հնարավորություն։ Մշակել ենք բրդի արտադրության և արհեստների զարգացման նախաձեռնություն, որը նպաստում է մարզում աշխատատեղերի ստեղծմանը և փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացմանը, խթանելով բնակչության՝ մասնավորապես կանանց զբաղվածության և ՓՄՁ-ների տնտեսական մրցունակության բարձրացմանը։ 


Որպես ծրագրի հիմնական արդյունք, Ամասիա համայնքում հիմնադրվել է Ամասիայի բրդի գործարանը։ Տեղացի և օտարերկրյա մասնագետները դասընթացներ են անցկացրել ապագա աշխատակիցների և հետաքրքրվող անձանց համար, ովքեր բրդի գործարանի և բրդի արժեշղթայում գործող ՓՄՁ-ների շնորհիվ ապահովվում են մշտական աշխատանքով։

Ծրագրի ընթացքում բրդի արժեշղթայում 6  նոր փոքր ձեռնարկություն է նաև հիմնադրվել։

Այս ծրագիրը  մեծապես նպաստում է որակյալ բրդյա թելերի և ապրանքների արտադրությանը, իսկ ստեղծվող ապրանքները համապատասխանեցվում են տեղական փորձին և միջազգային շուկայի պահանջներին, ինչպես նաև նորաձևության միտումներին: 

                                                                                                                                   ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ





ԵՄ-ն զբոսաշրջության զարգացման համար․արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում 

Լեգենդների արահետ

Այս ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ Գորիս և Կապան համայնքներում՝ ընդգրկելով քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, գյուղական համայնքներում առկա քաղաքացիական խմբերին, անհատական կամ ընտանեկան փոքր ձեռնարկատիրություններին։ 

Ծրագրի հիմնական շահառուները գյուղական համայնքների բնակիչներն են, ովքեր, որպես կանոն, նախկինում չեն մասնակցել տուրիզմի ենթակառուցվածքների զարգացման գործընթացներին։ 


Ծրագրի շրջանակում կառուցվել է 200 և ավելի կմ երկարությամբ Լեգենդների արահետ՝ Խնձորեսկից մինչև Խուստուփ, որը նպաստում է հարակից տարածքների գրավչության ու պատմական վայրերի բացահայտմանը, ինչպես նաև զարգացնում այլընտրանքային՝ էկո տուրիզմը՝ հնարավորություն տալով գյուղական համայնքներին տևականորեն օգտվել զբոսաշրջիկների աճող ներհոսքից:

Գորիս և Կապան համայնքներն իրար կապող քայլարշավային այս արահետն ուսումնասիրվել, քարտեզագրվել և նշագրվել է  համայնքաբնակների, ուսանողների, կամավորների և մասնագիտացված ընկերությունների հետ համատեղ։

Համագործակցելով Գորիսում և Կապանում գործող թանգարանների հետ,  հավաքագրվել են տեղի լեգենդները, պատմական իրադարձությունները և ավանդույթները՝ զբոսաշրջիկների համար նոր հետաքրքրություն առաջացնելու համար։ Լեգենդների մասին պատմող գրքույքը լույս է տեսել 5 լեզուներով (հայերեն, անգլերեն, չեխերեն, ռուսերեն և ֆրանսերեն):

Ստեղծվել է ուղեցույց քարտեզ, որը քայլ այլ քայլ նկարագրում է քայլարշավային ուղիներն ու առկա տուրիստական հետաքրքրություններն ու ծառայությունները։ Վաճառվում է HIKE Armenia գրասենյակում և Cartisan.org կայքում։ 

Գորիսի և Կապանի 30-ից ավելի բնակիչներ, ակտիվ խմբեր արդեն դրամական և խորհրդատվական աջակցություն են ստացել ու ստեղծել համայնքային նախաձեռնություններ և ընտանեկան ձեռնարկատիրություններ։

Ծրագրի իրականացման գործընկերն է ԱՐԿ բնապահպանական ՀԿ-ն։

                                                                                                                                  ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ 




Կարդալ ավելին Փակել

Նախկին ծրագրերը

Կրճատե՛նք, վերաօգտագործե՛նք, դառնա՛նք բնության ընկերը

Կրճատե՛նք, վերաօգտագործե՛նք, դառնա՛նք բնության ընկերը

Իրականացրել ենք պլաստիկ տոպրակների օգտագործման նվազեցմանն ուղղված «Կրճատե՛նք, վերաօգտագործե՛նք, դառնա՛նք բնության ընկերը» ծրագիրը Հայաստանում Բրիտանիայի դեսպանատան ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն էր վարքային փոփոխությունների միջոցով նվազեցնել պլաստիկ տոպրակների կիրառումը ու ձեռք բերել նոր սովորույթ. օգտվել բազմակի օգտագործման տոպրակներից՝ հնարավորինս շատ հրաժարվելով պլաստիկ տոպրակների կիրառումից: 

Խրախուսելով հանրության լայն զանգվածներին՝ կրճատել պլաստիկ տոպրակների օգտագործումը և գնումներ կատարելիս հնարավորության դեպքում հրաժարվել վերջիններից, պատրաստել ենք նաև հետաքրքրաշարժ կոլորիտով գրպանի, թեթև տոպրակներ թե՛ կանանց, և թե՛ տղամարդկանց համար:
 
Ծրագրի շրջանակում Սյունիքի մարզում անցկացվել է հետազոտություն, որի արդյունքների հիման վրա էլ ձևավորվել են տեղեկատվական արշավներն ու տոպրակների դիզայնը։ Հետազոտությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ։

Բազմակի օգտագործման տոպրակներ են փոխանցվել նաև գործընկեր կազմակերպություններին՝ խրախուսելու սովորույթ դարձնել վերջիններիս օգտագործումը։  Պլաստիկ տոպրակների կրճատման իրազեկության արշավին միացել  են նաև հայտնի դերասաններ, սյունեցի սիրված ուսուցիչներ, բժիշկներ և այլ քաղաքացիներ:

Պատրաստվել է նաև սոցիալական գովազդ հանրության լայն շրջանակներին տեղեկացնելու պլաստիկ տոպրակների վնասակարության ու դրանցից հնարավորինս հրաժարվելու մասին։