«Մայրենի 1» եւ «Մաթեմատիկա 1» աշխատանքային գիրք-տետրերի մեթոդական ուղեցույց
Ուսումնական նյութերի հարմարացումներ․ Ակնհայտ է, որ ուսուցիչները (որքան էլ հմուտ են ու փորձառու) դժվարություններ են ունենում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք (այսուհետ՝ ԿԱՊԿ) ունեցող երեխաների հետ աշխատելիս: Ճիշտ է, նրանք փորձում են որոշ մեթոդական հնարներ ու միջոցներ կիրառել. դյուրացնել, պարզեցնել, երբեմն, պարզապես, պակասեցնել այս երեխաներին տրվող դասագրքում առկա առաջադրանքները, սակայն միշտ չէ, որ այդ աշխատանքը բերում է ցանկալի արդյունքի: Պատճառները շատ են ու բազմազան: Կարծում ենք՝ առանձնահատուկ մեթոդական հնարների կիրառման անհրաժեշտություն կա կրթության առանձնահատուկ պայմանների տարբեր կարիքներ ունեցող երեխաների դեպքում, սակայն, խնդիրն առավել է ընդգծվում մտավոր զարգացման դժվարություններ ունեցող երեխաների ուսուցման ընթացքում: Հատկապես խիստ կարևոր են ուսումնառության առաջին օրերը, երբ դրվում են այն հիմքերը, որոնք որոշիչ դեր պիտի կատարեն երեխայի ողջ դպրոցական ուսուցման և, ընդհանրապես՝ կյանքի համար: Հանրակրթական դպրոցի առաջին դասարանի մայրենիի և մաթեմատիկայի աշխատանքային գիրք-տետրերի մշակման գործընթացում հաշվի են առնվել սովորողների գիտելիքների և կարողությունների ձևավորման ժամանակակից մոտեցումները, որոնց հիմքում ընկած է ուսուցման շտկող-զարգացնող ուղղվածության սկզբունքը: Ուսուցչի սույն մեթոդական ուղեցույցում ներկայացված թեմաները և ընդգրկված առաջադրանքների մեթոդական մշակումները խարսխվում են նշված սկզբունքի վրա: