Հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմանների բարելավում և հարմարեցում. նոր սոցիալական կարիքների հետազոտություն Սյունիքի մարզում
Սույն հետազոտությունը ներկայացնում է Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան և Կապան բազմաբնակավայր համայնքներում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմանների ֆիզիկական, ֆունկցիոնալ և անվտանգային խոչընդոտների ամբողջական, տվյալահեն գնահատում՝ որպես «Տնային պայմանների բարելավման և հարմարեցման» նոր սոցիալական ծառայության ձևավորման հիմք։ Հետազոտությունը հիմնված է միջազգային լավագույն փորձի, Հայաստանի իրավական դաշտի և դաշտային դիտարկումների վրա՝ հնարավորություն տալով բացահայտելու հիմնական խնդիրները, համակարգային բացերը և քաղաքականության բարելավման ուղղությունները։
Հետազոտությունն իրականացվել է Գորիս, Կապան և Սիսիան համայնքներում՝ ներառելով 122 տնայց և 14 փորձագիտական հարցազրույց։ Տվյալները հավաքագրվել են խառը մեթոդաբանությամբ՝ կառուցվածքային հարցաշարերով, դիտարկման քարտերով, փորձագիտական հարցազրույցներով և փաստաթղթային վերլուծությամբ։ Ընտրանքը շերտավորված է ըստ անձի ֆունկցիոնալ սահմանափակումների (ԱՀԿ ՖՄԴ համատեքստում), տարիքային խմբերի, բնակության վայրի և հաշմանդամության խմբերի ծանրության աստիճանների՝ ապահովելով ներկայացուցչական պատկեր մարզի բազմազան պայմանների մասին։
Սույն հետազոտությունն իրականացվել է «Հանրային խորհրդատվության և հետազոտությունների կենտրոն» ՀԿ և կոնսորցիումի գործընկեր «Դարման» սոցիալ-առողջապահական ՀԿ կողմից իրականացվող «Իմ հարմար տունը» նոր սոցիալական ծառայություն հաշմանդամություն ունեցող անձանց համար ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ ընթացող «Գործընկերություն հանուն Սյունիքի. բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն՝ Եվրոպական միության «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում և «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի ու «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի համագործակցությամբ։
Սույն փաստաթուղթը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվությունը կրում են «Հանրային խորհրդատվության և հետազոտությունների կենտրոն» և «Դարման» սոցիալ-առողջապահական ՀԿ-ները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կամ համագործակից կազմակերպությունների՝ «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի ու «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի տեսակետները:
Հետազոտոիւթյան հեղինակային իրավունքը պատկանում է «Հանրային խորհրդատվության և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ին և «Դարման» սոցիալ-առողջապահական ՀԿ-ին և ենթակա է հանրայնացման Ծրագրի Համաձայնագրով նախատեսված պայմաններով, կամ կազմակերպությունների կողմից: Փաստաթղթից օգտվելիս պատշաճ հղումը պարտադիր է: