Գորիսի և Կապանի 15 բնակիչ դրամաշնորհ են ստացել ԵՄ կողմից

Հրապարակվել է 04 հլս, 2019 թ. կարդալու ժամանակը՝ 1 րոպե
Գորիսի և Կապանի 15 բնակիչ դրամաշնորհ են ստացել ԵՄ կողմից
© Foto: Շուշանիկ Ներսեսյան

Գորիսի և Կապանի բիզնես ծրագրերի 15 ներկայացուցիչ օրերս «ԵՄ-ն զբոսաշրջության համար․ Արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակում գործարար դրամաշնորհ են ստացել, որոնք կուղղեն իրենց համայնքների տնտեսական զարգացմանը, միաժամանակ ապահովելով նաեւ 20 աշխատատեղ: Բիզնես ծրագրերի հեղինակները կմասնակցեն նաեւ կարողությունների զարգացման տարբեր միջոցառումների՝ բիզնեսի կայունության և զարգացման համար: Դրամաշնորհների ընդհանուր գումարը կազմում է շուրջ 44 միլիոն դրամ:  

«Մենք շատ ոգևորված ենք զբոսաշրջային այս նոր հնարավորություններով, որոնք Սյունիքի մարզն ավելի հետաքրքիր են դարձնելու՝ օգնելով ստեղծել եկամուտ և նոր գործարար հնարավորություններ տարածաշրջանի գյուղական համայնքների համար», - նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը 15 ենթադրամաշնորհային պայմանագրերի ստորագրման արարողության ժամանակ:


«ԵՄ-ն զբոսաշրջության համար․ Արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի համայնքների կայուն զարգացմանը, հնարավորություններ ստեղծել համայնքահեն զբոսաշրջության զարգացման համար եւ նվազեցնել աղքատությունը։ Ծրագիրը մեկնարկել է 2018 թ. մարտ ամսին եւ իրականացվում է մի քանի ուղղություններով այդ թվում՝ Գորիս եւ Կապան համայնքներն իրար կապող Խնձորեսկից Խուստուփ հատվածում 300 կմ երկարությամբ քայլարշավային արահետի ուղենշում, քարտեզագրում եւ նշագրում, քայլուղու հարակից գյուղական բնակավայրերի մասին ավանդույթների եւ պատմությունների հավաքագրում, համայնքներում ձևավորված ակտիվ խմբերի հետ անմիջական աշխատանք եւ դրամաշնորհներ բիզնես գործունեության, համայնքային նախաձեռնության և փառատոնների իրականացման համար», նշում է People in Need հասարակական կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Վարդուհի Դադունցը:


«ԵՄ-ն զբոսաշրջության համար․ Արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագիրը իրականացվում է People in Need հասարակական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի իրականացման գործընկերները Կապանում՝ «ԱՐԿ» բնապահպանական, Գորիսում՝ Գորիսի Զարգացման կենտրոն հասարակական կազմակերպություններն են: Ծրագիրն իրականացվում է նաև համայնքների, Զբոսաշրջության պետական կոմիտեի, տեղական և միջազգային համախոհ կազմակերպությունների հետ անմիջական համագործակցությամբ: 

Autor: Շուշանիկ Ներսեսյան

Այլ հոդվածներ