Արեւելյան գործընկերության երկրներում պայքարում ենք COVID-19-ի ազդեցության դեմ

Հրապարակվել է 13 նոյ, 2020 թ. կարդալու ժամանակը՝ 3 րոպե
Արեւելյան գործընկերության երկրներում պայքարում ենք COVID-19-ի ազդեցության դեմ
© Foto: Shushanik Nersesyan

Արևելյան գործընկերության երկրներում COVID-19 համավարակի հետևանքները կանխելու և խոցելի խմբերի շրջանակում սոցիալ-տնտեսական կայուն զարգացմանը նպաստելու համար կարևոր է տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և անկախ լրատվամիջոցների աջակցությունը։ Այս մարտահրավերը լուծելու նպատակով՝ «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության ֆինանսավորմամբ մեկնարկում է նոր ծրագիր։ 

Տարբեր երկրներում այս ծրագրով ֆինանսավորվող նախաձեռնությունների թիրախային խմբերն են, օրինակ՝ Հայաստանում խոցելի խմբերի ներկայացուցիչները՝ այդ թվում կանայք, ովքեր կորցրել են աշխատանք, Վրաստանում ներքին տեղահանված անձինք և էթնիկ փոքրամասնությունները, ովքեր իրավաբանական և այլ ծառայությունների կարիք ունեն, ինչպես նաև Մոլդովայում քաղցկեղով տառապող երեխաներն ու նրանց ընտանիքները, որոնք չունեն համավարակից պաշտպանվելու միջոցներ։


«ԵՄ COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագիրն իրականացնում է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունը՝ Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի (NHC) ու AFEW International-ի հետ համագործակցությամբ։ Եվրոպական միության աջակցությամբ երեք կազմակերպությունները միավորել են ջանքերը` Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում և այլ երկրներում մեկնարկելու միջոցառումների շարք ՝ COVID-19 համավարակի ազդեցությունը նվազեցնելու նպատակով։

«Մենք կարևորում ենք տեղական ՔՀԿ-ների, վերահսկողական (watchdog) նախաձեռնություններ իրականացնողների և անկախ լրագրողների դերը ծառայությունների մատուցման, համայնքների համախմբման, իրազեկության բարձրացման, հանրային քաղաքակականության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու և մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության գործում, ինչպես այժմ, այնպես էլ հետհամավարակի շրջանում», - նշում է ՄԿՄ-ի տարածաշրջանային ծրագրի ղեկավար Դորոտա Սուրոնովան։

COVID-19 ազդեցությունը նվազեցնելու նպատակով ՄԿՄ-ն դրամաշնորհներ կտրամադրի խոցելի խմբերի հետ աշխատող ՔՀԿ-ներին՝ նպաստելով նաև տվյալ կազմակերպությունների կարողությունների զարգացմանը։

«Թիրախային տարբեր խմբերի հետ աշխատանքը հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու նրանց կարիքների մասին», - նշում է Դ․ Սուրոնովան։ «Դրամաշնորհառուներից հավաքագրված տեղեկատվությունը ծառայությունների և խոցելի բնակչության կարիքների յուրահատուկ քարտեզագրում է, որը հետագայում կարելի է օգտագործել օգնությունն ավելի թիրախային դարձնելու համար»:

Հուլիսին ՄԿՄ-ն մեկնարկեց դրամաշնորհների առաջին փուլը, որն ուղղված էր տնտեսության վերականգնմանը, կրթությանը, սոցիալական պաշտպանությանը և ծառայություններին։ Ընտրվեցին ինը կազմակերպություններ Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում։ Առաջիկայում կմեկնարկի նաև դիմում-հայտերի ընդունման երկրորդ փուլը:


Հայաստանում People in Need-Ի կողմից ընտրված ծրագրերը


Կանանց իրավունքների տուն ՀԿ-ն իրականացնում է «Պայքար COVID-19-ի դեմ՝ խթանելով կանանց ձեռներեցությունը Շիրակի մարզում» ծրագիրը, որի նպատակն է մեղմել կորոնավիրուսի հետևանքները և խոցելի խմբերի շրջանում ապահովել սոցիալ-տնտեսական կայուն զարգացում: Թիրախային խումբ ընտրվել են կանայք, ովքեր ունենալով ձեռագործ աշխատանքի և այլ հմտություններ, համավարակի պատճառով կորցրել են աշխատանքը, բայց միաժամանակ ունեն նաև հիմնական սարքավորումների կարիք ու ցանկանում են բիզնես հիմնել: Այդ նպատակով կկազմակերպվեն կարողությունների զարգացման դասընթացներ Շիրակի մարզի 18-45 տարեկան 25 կանանց համար, նրանցից 10-ը կստանան ենթադրամաշնորհներ բիզնես հիմնելու համար։


Լոռու մարզի «Հայ մայրեր» ՀԿ-ն նախաձեռնել է «Մասնագիտություն՝ հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի hամար» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական աջակցություն ցուցաբերել մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամություն ունեցող 20 երեխաների մայրերին՝ տրամադրելով նրանց մասնագիտական դասընթացների մասնակցության հնարավորություն վարսահարդար կամ մատնահարդար դառնալու համար։ Բացի այդ, շահառուներին կտրամադրվեն անհրաժեշտ տեխնիկական ռեսուրսներ և սարքավորումներ, որպեսզի նրանք մասնագիտացված դասընթացն ավարտելուց հետո անմիջապես սկսեն աշխատել: Սա կանանց համար հնարավորություն է լինել ֆինանսապես անկախ և ավելի ինքնավստահ, միաժամանակ աստիճանաբար հաղթահարելով խոցելիությունն ու ընկճվածությունը։


«Միհր ստեղծագործողների միություն»-ն իրականացնելու է «Հոգատարության շրջան» ծրագիրը, որը կաջակցի COVID-19-ի պատճառած դժվարություններից առավել խոցելի անհատներին։ Թիրախային խմբերն անօգնական միայնակ տարեցներն են, հաշմանդամ հարազատներ ունեցող ընտանիքները, աշխատանքը կորցրած խոցելի կանայք և երիտասարդ արվեստագետները։ Ծրագրի նպատակն է պատրաստել սննդի ձմեռային պաշարներ Լոռու մարզի Ահնիձոր, Քարինջ, Ազնվաձոր, Նոր Խաչակապ, Չկալով, Արդվի, Մղարթ, Ձորագյուղ, Աքորի, Կաճաճկուտ գյուղերում անապահով տարեցների և հաշմանդամ հարազատներ ունեցող ընտանիքների համար: Ծրագրի շրջանակում միմյանց կաջակցեն անմիջապես խոցելի խմբերը՝ կիրառելով «հավասարը հավասարին» ուսումնական մեթոդը։ Գործազուրկ կանանց կտրամադրվի համապատասխան գիտելիքներ և սարքավորումներ չիր պատրաստելու և բազմակի օգտագործման պայուսակներ կարելու նպատակով․ աշխատանքի դիմաց նրանք նաև փոխհատուցում կստանան։ Ծրագրի ավարտին նրանք որոշակի հմտություններ ձեռք կբերեն և կկարողանան պահպանել սարքավորումները, ինչը հնարավորություն կընձեռնի նրանց շարունակել գումար աշխատել։ Արվեստագետներն օգնելու են պատրաստված ձմեռային պաշարների ստեղծարար փաթեթավորման հարցում, ինչպես նաև տարեցների և հաշմանդամ հարազատներ ունեցող ընտանիքների համար բեմական ներկայացումներ կպատրաստեն՝ որպես հոգեբանական աջակցություն։



Դորոտա Սուրոնովա, dorota.suranova@peopleinneed.cz (Չեխիա)

Շուշանիկ Ներսեսյան, shushanik.nersesyan@peopleinneed.cz (Հայաստան)

Ռամազ Չիչինաձե, ramaz.chichinadze@peopleinneed.cz (Վրաստան)

Նատալիա Ռոտարու natalia.rotaru@peopleinneed.cz (Մոլդովա)

Autor: People in Need

Այլ հոդվածներ