Ինձ իմ հայրենակիցների տեղում էի զգում եւ հասկանում էի, որ կարող եմ օգնել նրանց

Հրապարակվել է 18 օգս, 2022 թ. կարդալու ժամանակը՝ 3 րոպե
World Humanitarian Day: Cover photo
© Foto: Laura Arshakyan

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անջնջելի հետք է թողել բոլորիս վրա։ Այդ ժամանակից ի վեր, Արփինե Մկրտչյանը դարձել է հումանիտար աջակցության ոլորտի աշխատակից, որպեսզի կարողանա ինչ-որ բան փոխել պատերազմից հետո։

Արփինեն 45 տարեկան է․ ընտանիքի և որդու հետ ապրում է Հայաստանի սահմանամերձ Գորիս համայնքում, որը կանոնավոր կերպով ենթարկվում էր գնդակոծությունների և հարձակումների՝ ստեղծելով մշտական վտանգի մթնոլորտ։ Պատերազմի ժամանակ Արփինեն գիտակցեց մշտական հոգատարության և աջակցության կարևորությունը նրանց նկատմամբ, ովքեր դրա կարիքն ունեն։

Արփինեն աշխատել է կրթական ոլորտում շուրջ 25 տարի։ Սակայն երկու տարի առաջ նա փոխեց իր մասնագիտական ուղղվածությունը և միացավ մեզ՝ աշխատելու հումանիտար աջակցության ոլորտում։ «Միշտ աշխատել եմ պետական ոլորտում և երբեք չեմ պատկերացրել ինձ՝ որպես հասարակական կազմակերպության աշխատակից։ Սակայն պատերազմից հետո ես հոգեբանական ծանր ապրումներ ունեցա և ինձ հայրենակիցներիս տեղը զգացի, որոնք տեսել էին տեղահանություն և զոհեր։ Ես հասկացա, որ պետք է ապրումակցել և օգնել նրանց։ Այսպիսով, ես սկսեցի աշխատել «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ում, որն ինձ հնարավորություն տվեց անելու այն, ինչ առաջ հնարավորություն չեմ ունեցել։ Օգնելով մարդկանց՝ ես լավ եմ զգում։ Դա իմ էներգիայի աղբյուրն է, որը ոգեշնչում է ինձ անել ավելին»։

Արփինեն իր կարիերան սկսել է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ում որպես համայնքային օգնական, իսկ այժմ աշխատում է որպես մասնագիտական ուսուցման գծով խորհրդատու։ Նա պատասխանատու է շահառուների մասնագիտական խորհրդատվության հարցում․ օգնում է նախընտրած աշխատանքի համար համապատասխան դասընթացներ ստանալ, ինչպես նաև աջակցում է նրանց աշխատանքի որոնման գործընթացում՝ համաձայն իրենց հետքրքրությունների ու գիտելիքի։


Մարդասիրական օգնության համաշխարհային օրվա՝ օգոստոսի 19-ի շրջանակում, մեր այն հարցին, թե ինչ է նշանակում լինել հումանիտար աջակցության ոլորտի աշխատակից, և որոնք են այս ոլորտի ամենամեծ մարտահրավերները, Արփինեն պատասխանեց, «Ես սովորեցի լսել և ապրումակցել միաժամանակ․ 25 տարի այլ ոլորտում լինելով՝ չեմ զգացել այն, ինչը հիմա եմ զգում։ Այժմ հասկանում եմ, թե որքան կարևոր է լսել մարդկանց՝ նրանց վիշտն ու զգացմունքները կիսելու, ապրումակցելու համար։ Ինչ վերաբերում է մարտահրավերներին՝ կարծում եմ, որ մեծագույն մարտահավերը մարդուն հասկանալն է՝ հասկանալ օգնելու համար։

Հումանիտար աջակցության ոլորտի աշախատակից լինելը հանգեցնում է որոշ դժվարությունների, երբ այն պետք է համատեղել ընտանիքի հետ։ Սակայն Արփինեի պարագայում այդպես չէ, քանի որ նա սիրում է իր աշխատանքը։ Դրական էմոցիաներով լի օրը նպաստում է նրա ընտանիքի բարեկեցությանը, քանի որ նա գնահատում է սիրելիների հետ անցկացրած յուրաքանչյուր պահը։ Սիրում է նրանց հետ կիսել այն, ինչ զգացել է օրվա ընթացքում։

«Երբ օրվա ավարտին ինքնաբավ ես, նշանակում է հաջողել ես քո գործում։ Նշանակում է, որ լավագույն աշխատանքային օրդ է։ Աշխատանքից հետո ես նախընտրում եմ լինել իմ ընտանիքի, ընկերների և հարազատների հետ։ Սիրում եմ նաև կարդալ. hատկապես սիրում եմ կարդալ պատմություններ իմ հայրենի Քարահունջ գյուղի մասին», - նշում է Արփինեն։ 

Ընդհանուր առմամբ, հումանիտար աջակցության ոլորտի աշխատակիցները պետք է մեծապես գնահատվեն, քանի որ նրանք վտանգում են իրենց կյանքը՝ փրկելու և աջակցելու մյուսներին՝ տրամադրելով կենսական աջակցություն նրանց, ովքեր բախվում են հակամարտությունների, տարերային կամ տեխնածին աղետների և աղքատության։

Global Humanitarian Overview-ի համաձայն՝ 2022 թվականին շուրջ 274 միլիոն մարդ, հումանիտար օգնության և աջակցության կարիք կունենա։ Այդ թիվը նախորդ տարվա համեմատ աճել է, ինչը 235 միլիոն էր։ Բարեբախտաբար, Հայաստանը հումանիտար աջակցության կարիք ունեցող երկրների տասնյակում չէ։ Սակայն, 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո՝ հումանիտար աշխատանքը և աշխատակիցների արժեքը ավելի շատ սկսվեց գնահատվել։ 

Autor: Էլմա Վարդանյան, Հաղորդակցության գծով օգնական