ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու People in Need-ը նախաձեռնել են «ՄԿՈւ համակարգ. մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով երկօրյա աշխատաժողով

Հրապարակվել է 22 մյս, 2021 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպե
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու  People in Need-ը նախաձեռնել են «ՄԿՈւ  համակարգ. մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով երկօրյա աշխատաժողով
© Foto: People in Need

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը People in Need կազմակերպության հետ համատեղ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ մայիսի 21-ին և 22-ին իրականացնում են միջին մասնագիտական կրթության և մասնագիտական ուսուցման (ՄԿՈՒ) աշխատաժողով` «ՄԿՈւ համակարգ. մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով։

Աշխատաժողովին մասնակցել են ԿԳՄՍ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության, Էկոնոմիկայի նախարարությունների կրթական ենթակառուցվածքների, Հայաստանի գործատուների հանրապետական միության, ինչպես նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և տեղական ու միջազգային կառույցների ներկայացուցիչները։


Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկան ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, People in Need կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վարդուհի Դադունցը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշում է․ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կարևորում է նման աշխատաժողովների կազմակերպումը, որովհետև այն հնարավորություն է ստեղծում ոչ միայն ամփոփելու ոլորտում իրականացված ծրագրերի արդյունքները և ապահովել գործընկերների միջև տեղեկատվության փոխանակումը, այլև հիմքեր ստեղծում աշխատաշուկա-կրթություն կապերի ամրապնդման ու մրցունակ մասնագետների ուսուցման գործընթացը թիրախային՝ գործատուների իրական կարիքներին համապատասխան դարձնելու համար»։

People in Need կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վարդուհի Դադունցը նշում է․ «Մենք աջակցում ենք Շիրակի մարզում ագրո և տեքստիլ ոլորտների կրթության որակի բարելավմանը, կարևորելով գործատուների հետ սերտ համագործակցությունն աշխատանքի վրա հիմնված մոդելի կիրառմամբ՝ ի նպաստ հմուտ մասնագետների պատրաստմանը։ Վստահ ենք, որ դրական փոփոխություններն առաջիկայում նկատելի կլինեն և կդառնան զարգացման մոդել նաև ՀՀ մյուս մարզերի ՄԿՈւ-ների համար»։


Երկօրյա աշխատաժողովի նպատակն է ներկայացնել միջին և նախնական մասնագիտական կրթության համակարգի մարտահրավերներն ու գործատուների ներգրավվածության լավագույն փորձը, բացահայտել աշխատաշուկայի և կրթության կապերի զարգացման հիմնախնդիրները, ինչպես նաև նախանշել զարգացման այն ուղղություններն ու մեխանիզմները, որոնք կնպաստեն Հայաստանում տնտեսության և տարածքային համաչափ զարգացմանը, մրցունակ կադրերի պատրաստմանը և աղքատության հաղթահարմանը: Համաժողովի առաջնահերթություններից է նաև կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը, հետագա ծրագրերի սինխրոնացումն ու համագործակցային նոր հնարավորությունների ուրվագծումը:

«ՄԿՈւ համակարգ. մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով երկօրյա աշխատաժողովը Եվրոպական միության ֆինանսավորմամբ ընթացող «Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրի մաս է կազմում։ 2019 թվականից People in Need չեխական կազմակերպությունը կրթական մի շարք միջոցառումներ է իրականցում Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանի, Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարանի, Արթիկի պետական քոլեջի և Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջի մասնագիտացումները բարելավելու և աշխատանքի վրա հիմնված ուսուցման մասնագիտացումներ մշակելու համար։ 



Autor: Shushanik Nersesyan