People in Need-ի համահիմնադրի ու գործադիր տնօրենի այցը Հայաստան

Հրապարակվել է 02 սեպ, 2021 թ. կարդալու ժամանակը՝ 4 րոպե
People in Need-ի համահիմնադրի ու գործադիր տնօրենի այցը Հայաստան
© Foto: PIN

Հայաստանում People in Need-ն (PIN) իր գործունեությունը սկսել է 1988 թվականին՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, երբ հիմնադիրները դեռ պաշտոնապես չէին գրանցել կազմակերպությունը: PIN հայաստանյան ներկայացուցչությունը հիմնվել է տարիներ անց՝ 2003-ին՝ աջակցելու համայնքային և գյուղական տուրիզմի զարգացմանը, քաղաքացիական կրթությանն ու երիտասարդների հզորացմանը, միգրանտների ինտեգրմանն ու աշխատատեղերի ստեղծմանը: Այսօր հայաստանյան ներկայացուցչությունը գրասենյակներ ունի Երևանում, Գյումրիում ու Գորիսում, որտեղ աշխատում են տեղացի ավելի քան 50 մասնագետներ, իրականացնելով հումանիտար և զարգացման ծրագրեր։ PIN միջազգային թիմն ավելի ընդարձակ է․ ավելի քան 2000 աշխատակից ու կամավոր 30-ից ավելի երկրներում։ 2021 թվականի հուլիս ամսին PIN-ի համահիմնադիր ու գործադիր տնօրեն Շիմոն Պանեկն այցելել էր Հայաստան՝ ծանոթանալու ընկերության ընթացիկ աշխատանքներին։


PIN-ը մեկնարկել էր հումանիտար աջակցության տարբեր ծրագրեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում տեղահանված ընտանիքներին օգնելու համար։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ PIN-ը Սյունիքի, Վայոց Ձորի, Արմավիրի և Արարատի մարզերում օգնել է շուրջ 10 000 շահառուի՝ տրամադրելով նրանց խնամքի պարագաներ, անկողիններ ու վերմակներ։

Հայաստանի 8 մարզում և Երևանում PIN-ն աշխատել է նաև 45 բժշկական կենտրոնների ու կացարանների հետ՝ տրամադրելով նրանց համավարակի կանխարգելման միջոցներ։ Շ․ Պանեկն Գորիսում ու Արմավիրում հանդիպել է նաև տեղահանված ընտանիքների հետ, լսել նրանց պատմությունները․ նրանք վստահ չէին, թե որքան ժամանակ հնարավորություն կունենան ապրել տրամադրված կացարաններում, կամ արդյոք ի վիճակի կլինեն գտնել ապրուստի այլ վայր։ 

Շնորհիվ Եվրոպական միության հումանիտար օգնության՝ PIN-ը 4200 ընտանիքների եռամսյակային կոմունալ ծախսերն է հոգացել և շուրջ 500 ընտանիքի համար էլ էկո-վառելանյութ ապահովել։

ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ՝ PIN-ը Գորիս քաղաքում, Հարթաշեն, Վերիշեն, Քարահունջ, Որոտան ու Խնձորեսկ գյուղերում հիմնադրել է նաև մանկական զարգացման 7 կենտրոն, որոնք հոգեբանական ու կրթական ծառայություններ են մատուցում տեղացի ու տեղահանված 450 երեխաների ու նրանց ծնողների համար։ Այս կենտրոնները մեծ օգնություն են ծնողների ու երեխաների համար․ տանը իզոլացված լինելու փոխարեն նրանք կենտրոներում հաղթահարում են սթրեսը, խաղում հասակակիցների հետ, սովորում և գիտելիքներ կիսում միմյանց հետ։ 

Լեգենդների արահետ․ տուրիստական նոր հնարավորություններ Սյունիքի մարզում

Եվրոպական միության, PIN-ի, ԱՐԿ էկոլոգիական ՀԿ-ի և մյուս գործընկերների ու կամավորների հետ համատեղ ջանքերի շնորհիվ՝ ստեղծվել է Լեգենդների արահետը․ տուրիստական նոր երթուղի հարավային Հայաստանում։ Իր այցի շրջանակում Շ․ Պանեկն արշավել է Լեգենդների արահետով։ Սյունիքի մարզը տուրիստներին առաջարկում է գեղեցիկ տեսարաններ, քայլարշավներ, տեղական սննդի տեսականի ու պատմական գանձեր։

Լեգենդների արահետը Տրանսկովկասյան Արահետի մաս է կազմում և առաջարկում է մարզային տուրիզմի զարգացման մի շարք հնարավորություններ։ Տրանսկովկասյան արահետն իր հերթին սկիզբ է առնում հյուսիսային Վրաստանից։ Սյունիքի մարզում ավելի քան 30 անհատ կամ նախաձեռնող խումբ ֆինանսական աջակցություն է ստացել՝ Լեգենդների արահետի շրջակայքում տուրիստական ծառայություններ ստեղծելու նպատակով։ 

Շ․ Պանեկը Հայաստանում հանդիպել է նաև բարձրաստիճան պաշտոնյաների ու դոնոր կազմակերպությունների ղեկավարների հետ՝ քննարկելու PIN-ի ծրագրերը, որոնք ընթանում են տարբեր ոլորտներում։ Նա հատկապես կարևորել է քաղհասարակության զարգացումը և աշխատատեղերի ստեղծման հնարավորությունները։

 Հմտություններ ու կայուն աշխատատեղեր 

2018 թվականից PIN-ը իր գործընկերների հետ իրականացրել է «ԵՄ-ն Շիրակի մարզի համար. նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության» տարածքային զարգացման պիլոտային երկամյա ծրագիր։ Եվրոպական միության ու ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ իրականացված այս ծրագրի նպատակն է Ամասիայի բրդի գործարանի հիմնադրմամբ զարգացնել բրդի արժեշղթան։ 

PIN-ը ծրագրի իրականացման գործընկերների՝ Ամասիայի համայնքապետարանի, «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամի և Շիրակի մարզի առևտրաարդյունաբերական պալատի հետ համատեղ ստեղծել է «Ամասիայի բրդի գործարան» ՓԲԸ-ն, որտեղ գործարար Կարեն Գոմցյանը ներգրավվել է որպես ներդրող ու նորաստեղծ ընկերության տնօրեն՝ պատասխանատվություն վերցնելով ապահովելու գործարանի արտադրության շարունակականությունը՝ պահպանելով աշխատատեղերն ու գործունեությունը բրդի արժեշղթայում:

Շ․ Պանեկն այցելել է Ամասիայի բրդի գործարան։ Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին, Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանին, Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանին, գործարար Կարեն Գոմցյանին ու մյուս գործընկերներին համատեղ արդյունավետ աշխատանքի ու ծրագրի շարունակականությունն ապահովելու համար։ Շ․ Պանեկը նշել է․ - «Սա իդեալական օրինակ է, թե ինչպես պետք է հասարակական կազմակերպությունն աշխատի․ բարեհաջող ընթացք ու շարունակականության ապահովում»։ 

Նա նաև հանդիպել է ծրագրի գործընկեր «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչներին․ քննարկվել են ռազմավարական համատեղ ուղղություններն ու բրդի արժեշղթայի զարգացմանն ուղղված, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավորությունները։ 

Շիրակի մարզում բրդի արժեշղթայի զարգացմանը զուգահեռ PIN-ը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացնում է նաև միջին մասնագիտական կրթության ու ուսուցման (ՄԿՈւ) ծրագիր՝ ուղղված տեքստիլ ու ագրո ոլորտների զարգացմանը։ PIN-ն օգնում է ՄԿՈՒ հաստատություններին ստեղծել աշխատանքի վրա հիմնված (ԱՀՈՒ) մոտեցմամբ կարճաժամկետ ու երկարաժամկետ դասընթացներ՝ զարգացնելով նոր հմտություններ ու մրցունակ աշխատուժ։ ՄԿՈՒ հաստատությունները համագործակցում են նաև բիզնես ոլորտի հետ՝ ապահովելով ուսանողների՝ կրթությունից դեպի աշխատաշուկա սահուն անցումը։ 

Շիմոն Պանեկը հանդիպել է Ամասիայի պետական արհեստագործական ուսումնարանի և Արթիկի պետական քոլեջի ղեկավարության ու ուսանողների հետ, քննարկել նոր դասընթացների ու մասնավոր ոլորտի հետ համագործակցության մարտահրավերներն ու ձեռք բերված հաջողությունները։

Աջակցում ենք քաղհասարակության զարգացմանը

PIN-ը սերտ համագործակցում է Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ (ՔՀԿ)՝ խոցելի հասարակության կարիքները բացահայտելու և նրանց օգնելու համար։ «ԵՄ COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շրջանակում PIN-ն աշխատում է 17 ՔՀԿ-ների հետ՝ օգնելու համավարակից տուժած քաղաքացիներին։ Ծրագրի առանցքում դրված են կրթական, հոգեբական և սոցիալ-տնտեսական խնդիրների բարելավումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած ընտանիքների աջակցությունը։

Ծրագրի մասնակիցները՝ «Արմավիր Զարգացման կենտրոն», «Պահապան», «Հայ առաջադեմ երիտասարդություն», «Քեզ հետ» ՀԿ-ների ու «Դասավանդի՛ր, Հայաստան» և «ԱՅԲ» կրթական հիմնադրամների ներկայացուցիչները Շ․ Պանեկի հետ հետ  հանդիպման ընթացքում ներկայացրել են կրթական ոլորտում իրենց փորձը։ 

Պանեկն այցելել է նաև Արմավիրի մարզ՝ հանդիպելու «Արմավիր Զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող ՄԿՈՒ զարգացմանն ուղղված ծրագրի մասնակիցներին։ 

Քաղհասարակության մյուս ծրագիրը Հայաստանում «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագիրն է, որն օգնում է ՔՀԿ-ներին մշակել իրենց առաքելությունը, տեսլականն ու ստրատեգիան։ Ծրագրի շրջանակում ՔՀԿ-ները ստանում են նաև ֆինանսական փոքր աջակցություն՝ արշավների իրականացման համար։ Ծրագրում ընդգրկված են 15 կազմակերպություն։ 


Autor: Շուշանիկ Ներսեսյան