Պարզեզված ուղեցույց՝ ՀՀ զբոսաշրջության ոլորտում գործող բիզնեսների և մասնագետների համար
Պարզեցված ուղեցույց ՀՀ զբոսաշրջության ոլորտում գործող բիզնեսների և մասնագետների համար
Զբոսաշրջության ոլորտի իրավական համակարգը փոխվում է։ «Զբոսաշրջության մասին» ՀՀ նոր օրենքը և դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերը բիզնեսից պահանջում են ոչ միայն գրանցված լինել, այլև շարունակաբար ապահովել և փաստաթղթավորել համապատասխանությունը։
Ուղեցույցը օրենսդրական պահանջները ներկայացնում է պարզ և կիրառելի ձևով՝ «ո՞ւմ է վերաբերում, ի՞նչ է պահանջվում, ինչո՞վ է հաստատվում, ի՞նչ պետք է անել և ի՞նչ ռիսկ կա չկատարելու դեպքում» տրամաբանությամբ։
Ուղեցույցում կգտնեք՝
- կարևոր ժամկետների ժամանակացույց,
- գործունեության դասակարգման և ծանուցման քայլերը (notify.tourism.gov.am),
- պահանջները հյուրանոցային ծառայություն մատուցողների, տուրօպերատորների, գործակալների, զբոսավարների և ուղեկցորդների համար,
- պայմանագրերի, երաշխիքի, գովազդի, գնի և հյուրերի անձնական տվյալների վերաբերյալ պահանջները,
- զբոսավարների և ուղեկցորդների որակավորման նոր համակարգը, ներառյալ ապահովագրությունը՝ որոնողափրկարարական աշխատանքների և ուղղաթիռով էվակուացիայի ծածկույթով,
- հյուրանոցների որակավորման և զբոսաշրջային ավտոբուսների պարտադիր որակավորման մասին տեղեկատվություն,
- բողոքների քննության կարգը և վերահսկող մարմինների իրավասությունները,
- բիզնեսի 21 կետանոց ստուգաթերթ և հիմնական իրավական ակտերի քարտեզ։
Ուղեցույցը հատկապես կարևոր է Սյունիքի համար, որտեղ զբոսաշրջային առաջարկի զգալի մասը կապված է քայլարշավի, լեռնագնացության, քարանձավային տուրիզմի և այլ ակտիվ ծառայությունների հետ։
Ուշադրություն։ Ուղեցույցը տեղեկատվական նյութ է և չի փոխարինում կոնկրետ իրավիճակի համար իրավաբանական խորհրդատվությանը կամ իրավական ակտի պաշտոնական տեքստին։ Փոփոխությունները ստուգեք arlis.am կայքում։
Ծրագրի մասին
Ուղեցույցը պատրաստվել է «Սյունիքի տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակ» ՀԿ-ի համար՝ «Քաղաքացիական կրթություն և քաղաքականության երկխոսություն զբոսաշրջության ոլորտում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղաքացիական հասարակություն» (ԿԱՆՔ) ծրագրի շրջանակում։
ԿԱՆՔ ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից։ Ծրագիրը նպատակ ունի ամրապնդել քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում՝ որպես դիմակայուն, անկախ և վստահելի դերակատար ժողովրդավարական կառավարման, հանրային քաղաքականությունների մշակման և համայնքային հզորացման գործընթացներում։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Սյունիքի տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակ» ՀԿ-ն և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։