Պրահայում «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի «Մեկ աշխարհ» փառատոնին ներկայացված է «Սեւ այգի» ֆիլմը

Հրապարակվել է 13 մրտ, 2025 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպե

 «Մարդը կարիքի մեջ» չեխական կազմակերպության նախաձեռնած 27-րդ ամենամյա «Մեկ աշխարհ» ֆիլմերի միջազգային փառատոնի «Տեղեկացված լինելու իրավունք» (Right to know) անվանակարգում այս տարի ներկայացված է ֆրանսահայ ռեժիսոր Ալեքսիս Փազումյանի «Սև այգի» ֆիլմը, որը պատմում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին։

Պրահայում «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի «Մեկ աշխարհ» փառատոնին ներկայացված է «Սեւ այգի» ֆիլմը
© Foto: Շուշանիկ Ներսեսյան

«Սեւ այգի» ֆիլմը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղի երեք սերունդների պատմությունը։ Ֆիլմում պատկերված են պատերազմի հետքերը, գյուղի բնակչության վերադարձն ու կյանքը, ինչպես նաև 2020 թվականի պատերազմի ազդեցությունը։ Պատմությունները ցույց են տալիս հակամարտության անվերջ ցիկլը, մարդկանց կյանքի և կորստի ողբերգական իրականությունը։

Ցուցադրություններին կհաջորդեն քննարկումներ, իսկ մարտի 15-ի ցուցադրությանը ներկա կլինի նաև ֆիլմի հեղինակ Ալեքսիս Փազումյանը։

Տոմսերը հասանելի են առցանց։ Փառատոնի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հասանելի է կայքում։

«Մեկ Աշխարհ» մարդու իրավունքների միջազգային կինոփառատոնը չեխական «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության ծրագրերից մեկն է։ Փառատոնը ստեղծվել է 1999-ին և ներկայացնում է մարդու իրավունքների մասին ֆիլմեր Չեխիայի տարբեր քաղաքներում և դպրոցներում։ Այս տարի փառատոնի շուրջ 100 ֆիլմ ցուցարդվում են մարտի 12-ից մինչև մարտի 27-ը Չեխիայի 57 քաղաքներում։ ՅՈւՆԵՍԿՕ-ն ճանաչել է «Մեկ Աշխարհ» կինոփառատոնի ջանքերը որպես մարդու իրավունքների իրազեկման ոլորտի ներդրում։
«Մեկ Աշխարհ»-ը մարդու իրավունքներին նվիրված աշխարհի ամենամեծ կինոփառատոնն է։ Կազմակերպիչներն ապահովում են փառատոնի հասանելիությունը նաև տեսողության, լսողության, շարժունակության և մտավոր դժվարություններ ունեցող մարդկանց համար։

«Մարդը կարիքի մեջ» չեխական ՀԿ-ն, որը պաշտոնապես հիմնադրվել է 1992-ին Չեխիայում և այսօր գործում է շուրջ 40 երկրում, Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2003 թվականից, սակայն կազմակերպության աջակցությունը հայ ժողովրդին սկիզբ է առել դեռևս 1988-ին՝ Սպիտակի երկրաշարժից հետո։ 1990-ականներին «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն նախաձեռնել է SOS Karabakh արշավը՝ օգնելու պատերազմի հետևանքով տուժած բնակչությանը։

Այսօր «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի աշխատանքը Հայաստանում ներառում է մարդասիրական աջակցություն, քաղաքացիական կրթություն, կանանց հզորացման, միգրանտների և տեղացիների տնտեսական ինտեգրմանն ուղղված աշխատանքներ։ 2020 թվականից իրականացնում է լայնամասշտաբ ծրագրեր՝ օգնելու ԼՂ-ից տեղահանված անձանց։ Միայն 2024 թվականի ընթացքում «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն աջակցել է 7,000-ից ավելի ընտանիքների՝ հասնելով ընդհանուր առմամբ 30,000 մարդու Հայաստանի բոլոր մարզերում։ Կազմակերպությունն ունի 30-ից ավելի տեղական ՀԿ-ների հետ համագործակցություն և աջակցություն է տրամադրում տարեցներին, հաշմանդամություն ունեցող երեխաներին և այլ խոցելի խմբերին։

Author: «Մարդը կարիքի մեջ» ՀԿ

Այլ հոդվածներ