Ներառական ձեռնարկատիրության խթանում Հայաստանում

«ՄԻՏՔ» կրթական-երիտասարդական նախաձեռնություն ՀԿ

Ձեռնարկատիրական գործունեությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման համար. այն հանդես է գալիս որպես նորարարությունների, աշխատատեղերի ստեղծման և կայուն տնտեսական աճի խթան։ Հետխորհրդային տնտեսությունից դեպի առավել ընդգծված շուկայական համակարգի սահուն անցման համար ձեռնարկատիրական մշակույթի խթանումն էականորեն նպաստում է ավելի արդյունավետ արձագանքել սոցիալ-տնտեսական բազմաթիվ մարտահրավերներին և բարելավել երկրի քաղաքացիների կյանքի ընդհանուր որակը։

Իրականացված բազմաթիվ հետազոտություններ հստակ արձանագրում են, որ ձեռնարկատիրությունը կենսական դեր ունի տնտեսական աճի ու նորարարությունների խթանման, ինչպես նաև սոցիալական ու անձնական հաջողությունների ապահովման գործում՝ արդի մրցակցային միջավայրում հանդես գալով որպես դինամիկ, բազմակողմ գործընթաց: Միաժամանակ հարկ է նշել, որ աշխատաշուկայում անմրցունակ (գործազուրկ) մարդիկ հաճախ հակված են հանդես գալու ձեռնարկատիրական նախաձեռնություններով (խոսվում է գործազրկության և ձեռնարկատիրության դրական կորելյացիայի մասին), ինչն իր հերթին դրական ազդեցություն է ունենում զբաղվածության հնարավորությունների ընդլայնման վրա։ Գործազուրկ և սոցիալապես խոցելի խմբերին պատկանող անհատներին ձեռներեցության մեջ հաջողության հասնելու համար իրագործվում է աջակցող քաղաքականություն, մշակվում և ներդրվում են համապատասխան ծառայություններ և ինստիտուցիոնալ շրջանակներ՝ բիզնես սկսելու և զարգացնելու համար տրամադրելով անհրաժեշտ ծրագրային գործիքներ, ուսուցում և ռեսուրսներ:

«ՄԻՏՔ» կրթական-երիտասարդական նախաձեռնություն ՀԿ-ն, իրականացնելով «Զարգացման ուղի․ ինքնազբաղվածության խթանում տեղահանված անձանց համար» ծրագիրը, նպատակ ունի բարելավել բռնի տեղահանված անձանց տնտեսական կայունությունը և ընդհանուր բարեկեցությունը՝ խթանելով կայուն և աջակցող միջավայր ինքնազբաղվածության զարգացման համար։

Սույն ձեռնարկը պատրաստվել է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի «Միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի շրջանակում: Այն համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ Միգրացիոն գործընկերության գործիքի (MPF) շրջանակում և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) միջոցով։ Ձեռնարկի բովանդակության համար պատասխանատվություն է կրում «ՄԻՏՔ» հասարակական կազմակերպությունը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի և Եվրոպական միության տեսակետները։

Վերոհիշյալ ծրագրի շրջանակում մշակվել է սույն ուղեցույցը, որի նպատակն է վերլուծել նմանօրինակ ծրագրերի գոյություն ունեցող լավագույն փորձը ՀՀ-ում, նպաստել նմանօրինակ աջակցության ծրագրերի ինստիտուցիոնալիզացիային։ Ուղեցույցը մշակվել է ՀՀ միասնական սոցիալական ծառայության հետ համագործակցությամբ։

 

Ներբեռնել