Վերահսկելով համավարակի տարածումը
Հրապարակվել է 14 հոկ, 2021 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպե«Հումանիտար աջակցություն հակամարտությունից տուժած խոցելի բնակչության համար» ծրագրի շրջանակում «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների աջակցությանը զուգահեռ համավարակի կանխարգելմանն ուղղված աշխատանքներ է տարել նաև մայրաքաղաքի ու մարզերի բժշկական կազմակերպություններում ու կացարաններում։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ Հայաստանի 45 բժշկական կազմակերպություններում ու տեղահանված ընտանիքներին հյուրընկալող կացարաններում և հյուրանոցներում իրականացվել է կարիքի գնահատում, ապա ուսումնասիրելով համաճարակային պայմաններն ու վարակի հսկողության ռիսկերը, անց է կացվել վարակի հսկողության հիմնահարցերի ու հիգիենայի վերաբերյալ դասընթացներ ավելի քան 350 մասնակիցների համար։ Իրականացվել է համավարակի կանխարգելմանն ուղղված հանրային իրազեկման արշավ և տրամադրվել է ախտահանման ու համավարակի կանխարգելման համար անհրաժեշտ պարագաներ (հեղուկ օճառ, ռետինե ձեռնոցներ, դիմակներ, դիմավահաններ, միանգամյա օգտագործման բժշկական խալաթներ, ձեռքերի մաքրող միջոցներ և այլն)։
Համագործակցելով ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) ու Համաճարակաբանների նախաձեռնող խմբի 9 փորձագետների հետ` «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն թիրախավորել է հանրապետության առավել խոցելի հաստատություններ՝ համավարակի ռիսկերի գնահատման ու հետևանքները նվազեցման համար։
ՀՎԿԱԿ-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ մասնագետ Շողիկ Ավետիսյանը նշում է, - «Առողջապահության նախարարությունը վերջին տարիներին վարակի հսկողության ուղղությամբ աշխատանքներ տանում է, բայց այնուամենայնիվ այս ծրագիրն իր ուրույն տեղն ունի հատկապես թիրախային նոր խմբեր ներառելու համար։ Այս ծրագրի շնորհիվ մենք կարողացանք աջակցել մայրաքաղաքի, ինչպես նաև մոտ և հեռու մարզերի (Արմավիր, Արարատ, Կոտայք, Գեղարքունից, Արագածոտն, Վայոց Ձոր, Տավուշ և Սյունիք) այն պոլիկլինիկաներին, առողջության առաջնային պահպանման կազմակերպություններին և բժշկական կենտրոններին, որոնք նախկինում չէին ապահովվել բավարար դասընթացներով ու անհրաժեշտ խնամքի պարագաներով։ Ծրագրի մասնակից բուժհաստատություններում բավարար չէր աշխատակազմի անհատական պաշպանիչ միջոցները, ախտահանիչները։ Շատ էին նաև այն դեպքերը, երբ բուժանձակազմը երկար ժամանակ ուսուցանում չէր անցել»։
«Այս ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները հիմք են հանդիսացել ներկայացնել համապատասխան գերատեսչություններին՝ մշակելու իրավական ակտեր, որպեսզի առողջապահական կազմակերպություններում և բժշկական կազմակերպություններում առաջնորդվեն դրանցով։ Կարևորում ենք նաև միջազգային ուղեցույցների համապատասխանեցումը տեղային պայմաններին՝ կազմակերպություններում ներդնելով իրավական ակտերը, որպեսզի յուրաքանչյուր բուժաշխատողի համար այն պարտադիր ուղեցույց հանդիսանա։ Դեռ հսկայական աշխատանքների կարիք կա․ պարտադիր է շարունակել վարակի վերաբերյալ ուսուցումը, հասանելի և շարունակական դարձնել ամբողջ բուժանձակազմի համար, ավելին՝ ընդօրինակել միջազգային մոտեցումները, ըստ որի մասնագետները վերապատրաստում են անգամ պացիենտների ընտանիքի անդամներին», նշում է Շողիկ Ավետիսյանը։
«Հումանիտար աջակցություն հակամարտությունից տուժած խոցելի բնակչության համար» ծրագիրն իրականացվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության կողմից։ Ծրագրի շրջանակում անմիջական հումանիտար օգնություն (մեծահասակների, կանանց և երեխաների խնամքի պարագաներ, մահճակալ, վերմակ) է ստացել շուրջ 10 000 շահառու և հանրային առողջապահության ու համավարակի կանխարգելման ուղղված հատուկ միջոցառումներ ու պարագաներ են ստացել 45 հաստատություն ՀՀ 8 մարզում և Երևանում։