ՔՀԿ-ների հաղորդակցության և նրանց նկատմամբ հանրային վստահության վերաբերյալ պատմույթների ուսումնասիրություն
Հայաստանի համայնքահեն միջավայրում քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ-ները) շարունակում են զբաղեցնել առանցքային և բազմաշերտ դեր: Տեղային սոցիալական ծառայությունների, հումանիտար աջակցության, կրթական և ներառական միջամտությունների, ինչպես նաև խոցելի խմբերի պաշտպանության ոլորտներում ՔՀԿ-ները ստեղծում են այն լրացուցիչ կարողությունները, որոնք պետական համակարգը, հատկապես ճգնաժամային պայմաններում, ամբողջությամբ ապահովել չի կարող։ Սակայն նրանց գործունեությունն այսօր գտնվում է փոխակերպման մի կետում, որտեղ ակնհայտ է դառնում ոչ միայն հատվածական համագործակցության նախկին հաջողությունների ամրագրումը, այլև համագործակցության նոր աստիճանի հասնելը՝ համայնք–պետություն–քաղաքացիական հասարակություն եռանկյան ներսում։
Սույն վերլուծությունը նպատակ ունի համադրելու երեք տարբեր մարզերում՝ Լոռի, Շիրակ, Սյունիք, իրականացված ֆոկուս խմբային քննարկումների, համայնքային հանդիպումների և առցանց անանուն հարցումների արդյունքները՝ բացահայտելու համար, թե ինչպես են ՔՀԿ-ները ընկալում իրենց դերակատարությունը, և ինչպես է այդ ընկալումը արտացոլվում ու երբեմն վերաիմաստավորվում համայնքային էկոհամակարգի մյուս դերակատարների՝ ՏԻՄ-երի, մարզային պետական մարմինների, սոցիալական ծառայությունների, մասնավոր ոլորտի, մեդիայի, ակադեմիական ու փորձագիտական համայնքի ներկայացուցիչների և համայնքի բնակիչների, այդ թվում՝ խոցելի խմբերի կողմից։
Ուսումնասիրությունը կառուցված է մեթոդաբանական այն մոտեցման հիման վրա, որի նպատակն է ոչ միայն հավաքել կարծիքներ, այլ դուրս բերել համակարգային օրինաչափությունները, ուժեղ ու թույլ կողմերը, համագործակցության մեխանիզմների բացերը և «վստահության ճարտարապետության» կառուցակարգերը համայնքներում։ Հետազոտությունը ներառում է ինչպես դիսկուրս-նարատիվ (խոսույթ-պատմույթ) վերլուծություն, այնպես էլ համայնքային դերակատարների դիրքորոշումները համադրելու մեթոդ՝ թույլ տալով վեր հանել ոչ միայն անմիջական արձագանքները, այլև դրանց խորքային տրամաբանությունը։
Մարզային հանդիպումների ընթացքում ձևավորված պատկերը միաժամանակ բազմազան և միահյուսված է․ այն ցույց է տալիս, որ ՔՀԿ-ները իրենց տեսնում են որպես համայնքային սոցիալական միջավայրը «համակարգող, լրացնող և աջակից» դերակատարներ, սակայն հաճախ գործում են ռեսուրսային սահմանափակումների, նախագծային անկայունության և «փխրուն» վստահության պայմաններում։ Մյուս կողմից՝ համայնքային և պետական դերակատարները ՔՀԿ-ներին դիտարկում են որպես անհրաժեշտ, սակայն ոչ միշտ համակարգված գործընկերներ, որոնց ներգրավվածությունը, ըստ նրանց գնահատման, երբեմն կարող է լինել իրավիճակային, ընդհատվող կամ ոչ տեղայնացված։
Այս վերլուծությունը փորձում է վերծանել այդ երկկողմանի պատկերացումը՝ ցույց տալով, թե որտեղ են ավելի տեսանելի շերտավորվում համագործակցության հաջողությունները, որտեղ են առկա ինստիտուցիոնալ և հաղորդակցային սահմանափակումները, ինչպիսի ռիսկեր են բերում տվյալների փոխանակման բացերը, և ինչու է կարևոր վերանայել պետություն–ՔՀԿ–ՏԻՄ հարաբերության մշակույթը՝ այն տեղակայելով ոչ թե վերահսկողական կամ միակողմանի և ոչ օբյեկտիվ քննադատության, այլ որոշ հարցերում համատեղ պատասխանատվության, փոխադարձաբար կառուցողական քննադատության և գործընկերային փոխազդեցության տրամաբանության մեջ։
Վերջապես, ուսումնասիրությունը նպատակ ունի նաև կամրջելու համայնքային մակարդակում արձանագրված դիտարկումները ավելի լայն ռազմավարական համատեքստի հետ՝ ցույց տալով այն հնարավորությունները, որտեղ ՔՀԿ-ները կարող են դառնալ ոչ միայն ծառայություններ մատուցող, այլ նաև համայնքային զարգացումը, սոցիալական պաշտպանությունն ու ներառականությունը, ինչպես նաև ընդհանուր կայունությունն ու դիմակայունությունը ձևավորող համակարգային դերակատարներ։ Ներկայացված վերլուծությունը միաժամանակ քարտեզագրում է առկա մարտահրավերները և ընդգծում համագործակցության այն ուղղությունները, որոնք կարող են փոխակերպել համայնքային միջավայրի գործող տրամաբանությունը՝ ուժեղացնելով քաղաքացիական հասարակության միասնությունը, ազդեցությունը և հանրային վստահությունը։
ՔՀԿ-ների հաղորդակցության և նրանց նկատմամբ հանրային վստահության վերաբերյալ պատմույթների ուսումնասիրությունը իրականացվել է «Մեդիագրագիտության բարձրացում՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության դերակատարների միջոցով» ծրագրի շրջանակում, որը իրականացնում է «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունը՝ Չեխիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության Transition Promotion Programme-ի աջակցությամբ (2024-2025)։