Աշխատատեղերի ստեղծում՝ շնորհիվ արհեստի

Հրապարակվել է 17 դեկ, 2021 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպե
Աշխատատեղերի ստեղծում՝ շնորհիվ արհեստի
© Foto: PIN

Մերի Մելիքյանը (Կոշտոյանը) եւ Հասմիկ Խաչատրյանը ձեռներեցներ են. Եվրոպական միության ֆինանսավորման շնորհիվ նրանք «ԵՄ-ն Շիրակի մարզի համար. նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի շրջանակում բիզնես են հիմնել: Նրանք երկուսն էլ օգտագործում են Ամասիայի բրդի գործարանի թելերն ու գործվածքները եւ պատրաստում իրենց սեփական ապրանքանիշները:

Թաղիքե հագուստ, աքսեսուարներ, հողաթափեր ու այլ իրեր պատրաստելու համար Մերին օգտագործում է տեղական բուրդ: Նա աշխատում է իր՝ անվանական «Մերի Կոշտոյան Արտ Ստուդիո»-ում: Իր բիզնեսն արդյունավետ վարելու համար՝ նա մասնագիտական դասընթացների է հաճախել ու ստացել ֆինանսական աջակցություն: Մերին նկարչուհի է. շատ է սիրում նկարել ու ստեղծել թաղիքե պարագաներ։

Հասմիկ Խաչատրյանը Գյումրիում դերձակ է. մինչ «ԵՄ-ն Շիրակի մարզի համար. նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության» ծրագրին մասնակցելը, նա հիմնականում կարում էր կանանց եւ երեխաների համար:

Հասմիկը՝ ԵՄ ֆինանսավորման շնորհիվ, կարողացավ ընդլայնել կարի ծառայություններն ու նոր աշխատակիցներ ներգրավել իր արտադրամասում: Ինչպես Մերին՝ Հասմիկը նույնպես օգտագործում է Ամասիայի բրդի գործարանի բուրդը: Նրա ստեղծած արտադրանքը մեծ պահանջարկ ունի թե՛ անհատական, եւ թե՛ մեծածախ պատվերների համար: Պատերազմի ժամանակ նա սկսեց պատրաստել նաեւ բրդյա վերմակներ ու գլխարկներ: «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության մեկ այլ ծրագրի շրջանակում տեղահանված հազարավոր հայրենակիցներ բրդյա վերմակներ են ստացել, որոնք արտադրված են Ամասիայի բրդով ու Հասմիկի ընկերությունում։ 

«ԵՄ-ն Շիրակի մարզի համար. նոր աշխատատեղեր՝ շնորհիվ բրդի արտադրության» ծրագիրն իրականացվել է 2018-2020 թվականների ընթացքում Եվրոպական միության եւ ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից: Ծրագրի իրականացման գործընկերներն են Ամասիայի համայնքապետարանը, «Կանանց Զարգացման Ռեսուրս կենտրոն» հիմնադրամը և Շիրակի մարզի առևտրաարդյունաբերական պալատը։

Շիրակի մարզի բրդի արժեշղթայում այս ծրագրի շնորհիվ ստեղծվել է փոքր ու միջին վեց ձեռնարկություն (ՓՄՁ): ՓՄՁ-ներն օգտագործում են ծրագրի շրջանակում ստեղծված Ամասիայի բրդի գործարանի արտադրանքը եւ պատրաստում այլ պարագաներ՝ ապահովելով նոր աշխատատեղեր Շիրակի մարզում։

Շիրակի մարզը հայտնի է ոչխարաբուծությամբ ու բրդյա իրերի արտադրությամբ, որն իրենից տեղական մշակույթի մաս է կազմում: Ամասիայի բուրդն էլ ունի բացառիկ գույներ. այն հնարավորություն է տալիս ստանալ գույների լայն տեսականի՝ առանց քիմիական ներկանյութերի: Ամասիայի բրդի գործարանի եւ վեց ՓՄՁ-ների հիմնադրմամբ՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն նպատակ ունի նպաստել Շիրակի մարզի աշխատատեղերի ստեղծմանն ու արհեստագործական ոլորտի մրցունակության բարձրացմանը: Գործընկերների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն խթանում է նաեւ մարզում կանանց զբաղվածությանը։


Autor: Շուշանիկ Ներսեսյան

Այլ հոդվածներ