Մանկական զարգացման կենտրոնների պատմությունն ու սերունդները

Հրապարակվել է 29 մյս, 2025 թ. կարդալու ժամանակը՝ 3 րոպե

2020 թվականից ի վեր մանկական զարգացման կենտրոնները դարձել են մոտ 800 տեղահանված և տեղացի երեխաների համար կարևոր միջավայր Գորիսում։ Այս կենտրոնները տրամադրում են կրթական, ժամանցային և հոգեսոցիալական նշանակալի աջակցություն, որն անհրաժեշտ է երեխաներին՝ տրավմաները հաղթահարելու և ճգնաժամի պայմաններում զարգանալու համար։

Մանկական զարգացման կենտրոնների պատմությունն ու սերունդները
© Foto: Շուշանիկ Ներսեսյան

44-օրյա պատերազմն աննկարագրելի ցավ և անորոշություն էր բերել համայն հայությանը։ Գորիսը, գտնվելով ամենամոտը Լեռնային Ղարաբաղին, մեծ թվով տեղահանված անձանց էր ընդունում համայնքում։ Համայնքի հետ համատեղ մենք աշխատում ենք աջակցել պատերազմից տուժած երեխաներին և նրանց ծնողներին։

Դաշտային աշխատանքների ընթացքում մենք ականատես էինք լինում ոչ միայն պատերազմի ծանր հետևանքներին, այլև այլ մարտահրավերների. համավարակի պատճառով փակված ժամանցային կենտրոնները, հյուրընկալող ընտանիքների ընդլայնված կազմը և մեծահասակների անհանգստությունն ու տրավմաները ազդում էին երեխաների վրա։ Ռազմաճակատից եկող լուրերի ծանր ազդեցության տակ ծնողները հաճախ չէին կարողանում իրենց հույզերը վերահսկել կամ ժամանակ հատկացնել երեխաներին։ Դրան զուգահեռ՝ երեխաներն էլ զրկված էին խաղալու, սովորելու և երեխա զգալու հնարավորությունից։

Գորիսի համայնքապետարանի հետ սերտ համագործակցության արդյունքում 2020 թվականի 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերից ստեղծվեցին մանկական զարգացման կենտրոնները՝ աջակցելու տեղահանված և տեղացի երեխաներին։ Այս կենտրոնները նպաստում են երեխաների իմացական,հուզական և սոցիալական զարգացմանը՝ ապահովելով նրանց անվտանգ և հոգատար միջավայր և առավել կարևոր են համայքների համար, քանի որ փոքր քաղաքներում կամ գյուղական ու սահմանամերձ վայրերում երեխաների ոչ ֆորմալ կրթության, ժամանցային և հոբեբանական աջակցության հնարավորությունները սակավ են ու երբեմն նաև բացակայում են։

Տարիների ընթացքում Գորիս խոշորացված համայնքում և Մարտունիում հիմնեցինք այսպիսի կենտրոններ։ Մինչ այս պահը Հայաստանում «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի Մանկական զարգացման կենտրոնները ֆինանսավորվել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Եվրոպական միության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Start Network-ի, ինչպես նաև «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության Club of Friends հիմնադրամի կողմից՝ տեղական համայնքների հետ համագործակցությամբ։

Այս կենտրոնների մեծ մասը արդեն շուրջ հինգ տարի է, ինչ հյուրընկալում են տեղացի և տեղահանված երեխաներին։ Միջավայրը այնքան ջերմ է ու ոգևորող, որ կենտրոնները կարծես թե երկրորդ տուն են դարձել երեխաների համար։ Մեր թիմը կենտրոնների համակարգողների հետ համատեղ մի շարք գործիքներ ու կրթական նյութեր են մշակել հանդիպումներն առավել արդյունավետ անցկացնելու ու դիմակայուն սերունդներ ձևավորելու համար։

16-ամյա Ինգան տեղահանվել է Քաշաթաղի շրջանից 2020 թվականին և տեղափոխվել Գորիս։ Նա արդեն շուրջ հինգ տարի է, ինչ մշտապես հաճախում է կենտրոն․ արդեն որոշել է, որ միջազգային հարաբերությունների ուղղությամբ է կրթությունը շարունակելու։

«Երբ 2020-ին սկսեցի հաճախել, կենտրոնն ինձ օգնեց ադապտացվել նոր միջավայրին և ձեռք բերել ընկերներ», - պատմում է Ինգան։ Նրա 12-ամյա քույրը՝ Միլենան նույնպես կենտրոնի սաներից է։

18-ամյա Մանե և Նարե զույգ քույրերը նույնպես կենտրոնի առաջին սաներից են։ Նրանց քույրերը՝ 16 ամյա Ռիտան և 9-ամա Զինան ևս հաճախում են կենտրոն։ Թեև մանկական զարգացման կենտրոն հաճախելը զույգ քույրերի նախապատվությունն է, այնուհանդերձ նրանք տարբեր մասնագիտություններ են ընտրել։ Այժմ Մանեն սովորում է Գորիսի պետական քոլեջի նախադպրոցական կրթության բաժնում, իսկ Նարեն՝ Գորիսի պետական համալսարանի կերպարվեստի բաժնում։ Չնայած ուսանողական զբաղվածությանը, նրանք շարունակում են պարբերաբար այցելել կենտրոն՝ ընթերցանության, նոր գիտելիքներ ձեռք բերելու և երեխաներին օգնելու համար։

2023 թվականի տեղահանության օրերին նրանք և կենտրոնի մյուս սաները կամավոր մասնակցում էին Գորիսի գրանցման կենտրոնի աշխատանքներին՝ աջակցելով տեղահանվածներին, զբաղեցնելով փոքրիկներին մեր մանկական անկյունում։ Հիմա էլ, այս կենտրոնների ավագ սաները հաճախ են օգնում կենտրոնների համակարգողներին, մոտիվացնում մյուս սաներին ու ուղղորդում նրանց կենտրոնի առօրյա աշխատանքներում։


2023 թվականի հոկտեմբեր ամսից կենտրոնները համաֆինանսավորվում էին Եվրոպական միության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի, 2024 թվականի սեպտեմբերից՝ միայն ՅՈՒՆԻՍԵՖԻ կողմից։ Ներկայումս մանկական զարգացման կենտրոններ են գործում Գորիսում (2 կենտրոն), Վերիշենում, Խնձորեսկում և Շուռնուխում, եվ եվս մեկ կենտրոն Մարտունիում՝ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի աջակցությամբ։

Այս կենտրոնները շարունակում են լինել կարևոր օղակ տեղահանված և տեղացի երեխաների համար՝ ապահովելով նրանց կրթական, սոցիալական և հուզական աջակցություն՝ արտակարգ իրավիճակներում ավելի կայուն ու անվտանգ մանկություն ապահովելու նպատակով, ինչպես նաև ձևավորելով նոր դիմակայուն սերունդ։ 


Author: Շուշանիկ Ներսեսյան