#WHD Մարդասիրության համաշխարհային օր

Հրապարակվել է 18 օգս, 2021 թ. կարդալու ժամանակը՝ 3 րոպե
#WHD Մարդասիրության համաշխարհային օր
© Foto: Շուշանիկ Ներսեսյան

Անի Ամիրաղյանն աշխատում է «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունում 2021 թվականի մայիս ամսից: Նա թեժ գծի և տվյալների բազայի օգնական է․ պատասխանատու է համայնքի արձագանքման և հետադարձ մեխանիզմի (CFRM) միջոցով ստացված զանգերի և գրանցումների համար: Նա նաև հետևում է տվյալների բազայի թարմացումներին և օգնում համայնքային աշխատակիցներին: Օգոստոսի 19-ին Մարդասիրության համաշխարհային օրվա կապակցությամբ մենք խոսել ենք Անիի հետ նրա աշխատանքի և մոտիվացիայի մասին։

 Հարցին, թե ինչու՞ է նա միացել «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հումանիտար օգնության հայաստանյան թիմին, Անին պատասխանում է․ «Վստահ եմ, որ իմ գործընկերներից շատերն ինձ հետ կհամաձայնեն, որ մարդասիրությունն աշխարհում ամենագեղեցիկ և ամենակարևոր երևույթներից մեկն է։ Այն վեհ գիտակցումը, որ դու կարևոր ու մեծ առաքելության մի մասն ես կազմում, ինձ դրդեց դիմել այս աշխատանքի համար։ Իմ երկիրն հիմա ապրում է շատ դժվար ժամանակներ, և ինչպես հայրենիքը սիրող ցանկացած քաղաքացի, պարտքս եմ համարում օգնել կարիքի մեջ գտնվող հայրենակիցներիս։ Իսկ «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունը տալիս է ամենալավ հնարավորությունը՝ դրա իրագործման համար»։

«Մեր թիմում բոլորս շփվում ենք կարիքավոր մարդկանց հետ, ովքեր խոցելի են և հաճախ ենթարկվում են հոգեբանական սթրեսի: Մենք լսում ենք նրանց պատմությունները, կարեկցում և ապրումակցում ենք նրանց: Այդ ամենից հետո շատ դժվար է տուն գնալ և դադարել մտածել այն ամենի մասին, ինչ լսել և ականատես ենք եղել օրվա ընթացքում», - ավելացնում է նա:

«Մարդը կարիքի մեջ» չեխական կազմակերպությունը գործում է Հայաստանում 2003 թվականից՝ աջակցելով գյուղական զբոսաշրջության, մասնագիտական կրթության զարգացմանը, երիտասարդների հզորացմանը, միգրանտների ինտեգրմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը: Հայաստանյան գրասենյակն ընդլայնվել է 2020 թվականին՝ մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով՝ Եվրոպական միության մարդասիրական օգնության, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի «Club of friend» հիմնադրամի միջոցներով: «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հումանիտար աջակցության ծրագրերը Հայաստանում սկսվեցին Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունից անմիջապես հետո: Այդ ժամանակից ի վեր մենք աշխատում ենք համայնքներում` աջակցելու բռնությունից փախած և Հայաստան տեղափոխված հազարավոր մարդկանց:

Ըստ տարբեր աղբյուրների, Հայաստանում կան մոտավորապես 37,000 տեղահանվածներ, ովքեր կորցրել են իրենց տները Լեռնային Ղարաբաղում և ապրում են ապաստարաններում, վարձակալված բնակարաններում կամ հարազատների տներում: «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն հումանիտար օգնություն է տրամադրել տեղահանվածներին՝ նրանց տրամադրելով տարատեսակ ծառայություններ և հիգիենայի պարագաներ:

Անին ասում է․ «Ունենալով ամենօրյա շփում ամենատարբեր բնավորությունների ու ցանկությունների տեր անձանց հետ, ամենամեծ դասը, որ քաղել եմ՝ նրանց հետ ճիշտ շփվելու կարողությունն է՝ ճիշտ հասկանալու ու խնդիրներին հնարավորինս արագ լուծում տալու միջոցով»։


Հայաստանում «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից իրականացվող օգնության եղանակներից մեկը Սյունիքի մարզում մանկական զարգացման յոթ կենտրոնների ստեղծումն է։ Այս կենտրոնները հոգեբանական և կրթական ծառայություններ և ժամանց են տրամադրում 450 տեղացի և տեղահանված երեխաներին ու նրանց ծնողներին: Մանկական զարգացման կենտրոններն օգնում են ինչպես երեխաներին, այնպես էլ նրանց ծնողներին, քանի որ ապահովում են անվտանգ տարածք, որտեղ երեխաները կարող են հաղթահարել սթրեսը, խաղալ իրենց հասակակիցների հետ և սովորել ու կիսվել հմտություններով:

Մարդասիրական ոլորտում աշխատելն օգնել է Անիին իրեն ավելի ուժեղ և կայուն զգալ: «Դա միանշանակ փոխել է ինձ: Երբ շփվում ես տեղահանված մարդկանց հետ և քեզ պատկերացնում նրանց տեղում, քո ամենօրյա հոգսերն այնքան փոքր են թվում: Այն քեզ ստիպում է իրերին ու երևույթներին այլ տեսանկյունից նայել: Ժամանակի ընթացքում դու ավելի դիմացկուն ես դառնում խնդիրների նկատմամբ»:

Ամեն տարի, օգոստոսի 19-ին՝ Մարդասիրության համաշխարհային օրվա կապակցությամբ  «Մարդը կարիքի մեջ» միջազգային կազմակերպությունն առանձնահատուկ ուշադրության է արժանացնում ու պատվում աշխարհում բոլոր հումանիտար աշխատողներին, ովքեր իրենց կյանքը վտանգում են հակամարտություններից, բնական աղետներից կամ կլիմայի փոփոխության հետևանքներից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար: Հումանիտար աշխատողի աշխատանքը երբեք ավելի վտանգավոր չի եղել: Անցյալ տարի  հումանիտար աշխատակիցների նկատմամբ գրանցված միջադեպերից` բռնության զոհերի 95 տոկոսը տեղացի աշխատակիցներ են եղել։


Autor: People in Need, Shushanik Nersesyan