Օգնում ենք վերաինտեգրվել կամավոր հայրենիք վերադարձածներին
Հրապարակվել է 19 ապր, 2022 թ. կարդալու ժամանակը՝ 3 րոպեՀայրենադարձությունը հանգեցնում է հասարակության մեջ վերաինտեգրման և կենսակերպին հարմարվելու անհրաժեշտությանը։ Սա նշանակում է, որ մարդիկ նոր ուղիներ են փնտրում ամուր կանգնելու և սոցիալապես ու հոգեբանորեն այդ ամենը հաղթահարելու համար։ Հայաստանում վերաինտեգրվելու ցանկությամբ՝ Ֆրանսիայից և Գերմանիայից կամավոր վերադարձած բազմաթիվ ընտանիքներ օգտվում են Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակի (OFII) ֆինանսավորմամբ ընթացող «Աջակցություն կամավոր վերադարձող միգրանտների վերաինտեգրմանը` աշխատանք գտնելու, սոցիալական աջակցության և բիզնես դրամաշնորհի միջոցով» ծրագրից, որը «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն իրականացնում է 2016 թվականից մինչ այսօր։
Մինչ այսօր Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում միգրանտներից շուրջ 365-ը տարբեր տեսակի աջակցություն է ստացել Ֆրանսիայի և Գերմանիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակների կողմից․ 86 նոր բիզնես է ստեղծվել, 64 հայրենադարձ մասնակցել է մասնագիտական դասընթացների և 215 ընտանիք ստացել է սոցիալական և բժշկական աջակցություն։
Այս ամենը հաշվի առնելով՝ հայրենադարձված քաղաքացիները հավատարիմ մնացին իրենց բիզնես հետաքրքրություններին ու ցանկություններին և սկսեցին փնտրել ֆինանսական հնարավորություններ՝ վերադառնալուց հետո Հայաստանում սեփական բիզնեսը հիմնելու համար։
Նորայրը մի քանի տարի Գերմանիայում ապրելուց հետո որոշեց Հայաստան վերադառնալ և մասնակցել OFII-ի և Գերմանիայի ներգաղթի և փախստականների դաշնային գրասենյակի համագործակցությամբ իրականացվող CAROB ծրագրին։ Նա ինտերիեր ձևավորումների իր սեփական բիզնեսը հիմնեց հայրենիքում և այժմ Գյումրիում ինտերիեր դեկորներ է պատրաստում փայտից, էպոքսիդիային խեժից և օբսիդիանից:
Մասնագիտությամբ հնագետ և բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ Նորայրը Գերմանիայում գտնվելու ժամանակ մի շարք անհատական ցուցադրություններ է ունեցել և մասնակցել նաև միջազգային ցուցահանդեսի։
Այնուամենայնիվ, ոչինչ նրան հետ չպահեց հայրենիք վերադառնալուց, քանի որ ինչպես ինքն է նշում, «Ես երազում եմ, որ իմ միակ որդին հայ մնա և հայերեն խոսի։ Հիմա ես շատ երջանիկ եմ, որ վերադարձանք։ Նա շատ է սիրում Հայաստանը»։
Այսպիսով, Նորայրի հայրենիք վերադառնալու ընտրությունը հանգեցրեց մի շարք կազմակերպությունների հետ համագործակցությանը և վաճառքի նպատակով իր պատրաստած ապրանքների արտահանմանը։ Այժմ նա գոհ է արդյունքներից, քանի որ այդ արտադրության շնորհիվ որոշ մարդիկ աշխատանք ունեն և կարող են հոգ տանել իրենց ընտանիքների մասին։
OFII ծրագրի շահառուներից Տաթևիկն ու իր ամուսինն աջակցություն ստացան միրգ-բանջարեղենի խանութ հիմնելու համար, որը նրանց ապրուստի միջոցներ և մի փոքր հարմարավետություն տվեց։
Նրանք բարեկեցիկ կյանք էին փնտրում արտերկրում։ Սակայն, մեկ տարի անց փոխեցին իրենց միտքը և որոշեցին վերադառնալ և կառուցել իրենց ապագան հայրենիքում։
OFII-ի կողմից ստացված օգնությունը մեծ աջակցություն էր բիզնեսը սկսելու առաջին փուլում, և նրանք կարողացան օգուտ ստանալ դրանից՝ հիմնվելով նախկինում ունեցած նմանատիպ աշխատանքային փորձի վրա։ Այժմ նրանք ուզում են ընդլայնել իրենց բիզնեսը՝ վաճառելով ոչ միայն միրգ ու բանջարեղեն, այլ նաև այլ ապրանքներ։ «Մեր խանութի վայրը շահեկան է․ մոտ է կանգառին, իսկ մարդիկ հաճախ են ցանկանում գնել կրուասաններ և սուրճ», նշում է Տաթևիկը։
OFII ծրագրի մյուս շահառուի՝ Սիրանուշի Հայաստան վերադառնալու հիմնական պատճառը կարոտն էր։ 7 ամիս Ֆրանսիայում մնալուց հետո՝ Սիրանուշը չկարողացավ ադապտացվել ֆրանսիական միջավայրին և կարոտում էր Հայաստանը։ Երբ վերադարձավ, նա նպատակ ուներ բացել գեղեցկության սրահ, սակայն հետո մտածեց ELOS մազահեռացման սարքավորում ձեռք բերելու մասին։ Այդ ժամանակվանից սկսած՝ նա սովորեց և սկսեց աշխատել։ Այժմ նա շատ որակյալ աշխատանք է անում, որի արդյուքնում ձեռք է բերել շատ հաճախորդներ։ Սիրանուշը սիրում է իր աշխատանքը և շնորհակալ է այս աջակցության համար։
CAROB ծրագրի շահառուի ծանր պատմությունը տարբերվում է մյուսներից։ Արմինեն իր ամուսնու՝ Դավիթի հետ Գերմանիա էր գնացել Դավիթի անբուժելի հիվանդության համար բուժում գտնելու հույսով։ Սակայն ապարդյուն։ Ինն ամիս Գերմանիայում մնալուց հետո՝ նրանք վերադարձան, և ամուսինը վերադառնալուց մեկ օր հետո մահացավ։ Արմինեն բավականին ուժեղ էր, որ կարողացավ միայնակ նոր բան նախաձեռնել։ Նա բիզնես առաջարկ գրեց իր «ԼուսեԹև» ձեռագործ աքսեսուարների խանութի և «Դավթի տուն» հյուրատան համար և աջակցություն ստացավ OFII-ի կողմից, որպեսզի իրականություն դարձնի իր և Դավիթի ունեցած համատեղ նպատակները։
Մասնագիտությամբ նկարիչ և էքսկուրսավարի որակավորում ունեցող Արմինեն այժմ խանութ ունի Սիսիանում և վաճառում է ձեռագործ շարֆեր, հայկական ազգային տարազներ, խաղալիքներ և տիկնիկներ, ինչպես նաև ղեկավարում է հյուրատունը, որը վերանորոգվել և դարձել է տուրիստական ուղղություն նրանց համար, որոնք այցելում են Սիսիան։
OFII-ի կողմից տրամադրված օգնությունը կարևոր էր՝ հասկանալու համար այն մարդկանց պոտենցիալը, որոնք նպատակ ունեին վերաինտեգրվել իրենց հայրենիքում և հաջողել իրենց ձեռնարկած գործերում։