Վերադարձ դեպի սիրելի աշխատանքը․ Բազիդի ընտանիքը վերականգնում է իր տնտեսությունը Հայաստանում

Հրապարակվել է 28 հոկ, 2026 թ. Կարդալու ժամանակը՝ 2 րոպե

Արագածոտնի մարզի Կանչ եզդիական փոքրիկ գյուղ մտնելիս անմիջապես երևում է գյուղացիների աշխատասիրությունը։ Հողերը խնամված են, դեզերը՝ կոկիկ դասավորված, անասունները՝ մաքուր ու լավ խնամված։ Գյուղացիների մեծ մասի ապրուստի հիմնական միջոցը անասնապահությունն է։

Բազիդի ու իր կնոջ ընտանիքների մի քանի սերունդ ապրում է Հայաստանում։ Երեք տարի առաջ նրանք որոշեցին մեկնել Ֆրանսիա՝ իրենց ունեցվածքը՝ անասուններն ու մեքենաները, վաճառելուց հետո։ Հայրական տանը թողեցին երկու դատարկ գոմ, որտեղ ժամանակին մինչև 60–65 գլուխ անասուն էին պահում։

Վերադարձ դեպի սիրելի աշխատանքը․ Բազիդի ընտանիքը վերականգնում է իր տնտեսությունը Հայաստանում
© Foto: Շուշանիկ Ներսեսյան

Թե ինչու՞ որոշեցին հեռանալ Հայաստանից ու գնալ Ֆրանսիա, ամուսինները պատասխանում են՝ «երկու երեխաների ու թոռների կարոտից»։ Սակայն կարոտը բավարար չէր նոր միջավայրում ապրելու համար։ «Մենք հող ու ջրի մարդ ենք, իսկ այնտեղ դա չկար», ասում է Բազիդը։ Խոնավ կլիման նույնպես անհարմար էր, ոսկրացավերը չէին թողնում։ «Մեր տեղը չէր»։

«Մենք ծանոթ էինք սոցիալական աշխատողին և անձամբ դիմեցինք OFII-ին՝ Ֆրանսիայի Միգրացիայի և ինտեգրման գրասենյակին, կամավոր Հայաստան վերադարձի համար», պատմում է նա։

2026-ին, արդեն երեք տարի անց տուն վերադառնալիս պարզվեց, որ գյուղի շինարարական աշխատանքների արդյունքում ջուրը լցվել էր իրենց տուն։ Երկար բացակայության պատճառով վնասը ժամանակին չէր նկատվել։ Սակայն դա չկոտրեց նրանց. ուրախ են, որ արդեն իրենց տանն են և կնոջ հետ վերսկսել են անասնապահությունը։

Ֆրանսիայի Միգրացիայի և ինտեգրման գրասենյակի ֆինանսավորմամբ և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի համակարգմամբ ընտանիքը չորս կով է ձեռք բերել։ Շուտով կովերը կծնեն, և գլխաքանակը կավելանա։ Բազիդն արդեն հստակ պատկերացնում իրացումը։ Հողատարածք ևս ունեն՝ գարու սերմն առել են, գարնանը կցանեն։


Բազիդի խոսքով՝ ամենադժվարն արդեն անցյալում է. դա ամեն ինչ վաճառելու և գնալու որոշումն էր։ Բազիդը նաև ափսոսում է, որ մեկնելուց առաջ վաճառել էր իր անասունները․ այսօր դրանց գները գրեթե կրկնակի բարձր են։

«Մենք աշխատող մարդիկ ենք։ Արդեն ոտքի ենք կանգնում։ Եվս մեկ-երկու տարի, և մեր տնտեսությունը լիովին կվերականգնվի»,– ասում է Բազիդը։

Բազիդի համար ամենադժվար փուլն արդեն անցյալում է։ Այսօր նա և իր կինը կրկին աշխատում են իրենց հողում՝ նպատակ ունենալով վերականգնել տարիներ շարունակ ստեղծած տնտեսությունը։ Չորս կովը նրանց համար պարզապես աջակցություն չէ, այլ սեփական աշխատանքով կայուն ապագա կառուցելու նոր հնարավորություն։

2016 թվականից ի վեր «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակի ֆինանսավորմամբ իրականացնում է «Աջակցություն կամավոր վերադարձող միգրանտների վերաինտեգրմանը՝ աշխատանքի, սոցիալական աջակցության և բիզնես դրամաշնորհների միջոցով» ծրագիրը՝ Հայաստանում աջակցելով Ֆրանսիայից կամավոր վերադարձած ընտանիքներին։

Ծրագրի շրջանակում ընտանիքներին տրամադրվում են՝ սոցիալական և բժշկական աջակցություն, մասնագիտական դասընթացների մասնակցության հնարավորություն, կամ բիզնես դրամաշնորհներ՝ տնտեսական գործունեությունը սկսելու կամ զարգացնելու համար։

Վերջին տասը տարիների ընթացքում ծրագրի աջակցությունից օգտվել է ավելի քան 500 ընտանիք։ Միայն 2026 թվականին տարբեր տեսակի աջակցություն է ստացել արդեն 52 ընտանիք։

Հեղինակ՝ Շուշանիկ Ներսեսյան