«Վախը սրտներումս ա․ մի թիքա անձրեւ ա գալիս, թե չէ դուրս ենք գալիս՝ լա նայենք հո չի՞ վարարել»
Հրապարակվել է 18 սեպ, 2024 թ. կարդալու ժամանակը՝ 3 րոպեԲնական աղետներն անկանխատեսելի և, շատ դեպքերում, անկառավարելի իրադարձություններ են, որոնք կարող են հանգեցնել լայնամասշտաբ ավերածությունների և մարդկային կյանքերի կորստի՝ ի տարբերություն պատերազմների, որոնց գոյության ու կառավարման հիմքում մարդկային գործոնն է։ Այս տարի գարնան վարարումներն անհետևանք չեն թողել Հայաստանի հյուսիսը․ մայիսի 25-26-ը Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով տուժել են Լոռու և Տավուշի մարզերի մի շարք բնակավայրեր և կրել ավերածություններ։
Այդ օրերին արագ արձագանքելով տեղի ունեցածին և գնահատելով ջրհեղեղից տուժած մարդկանց նյութական կարիքները՝ Start Network բրիտանական հիմնադրամի աջակցությամբ՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն, ACTED-ի և Լոռէ փրկարար ջոկատի հետ միասին, նախաձեռնել էր աջակցության ծրագիր՝ Լոռու և Տավուշի մարզերի հեղեղներից տուժած մարդկանց օգնելու և համայնքների անմիջական ու կարիքների լուծման նպատակով։ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից տրամադրված աջակցությունը կազմում է ընդհանուր թվով 52 միլիոն ՀՀ դրամ, որը ներառում էր երկու տեսակ դրամական կտրոնների աջակցություն․ 200 հազար դրամ արժողությամբ 200 դրամական կտրոն կենցաղային տեխնիկայի և 40 հազար դրամ արժողությամբ ևս 300 դրամական կտրոն հիգիենայի և կենցաղային պարագաների ձեռքբերման համար։
Ալավերդի համայնքի Սանահին կայարանը ջրհեղեղից մեծապես տուժած բնակավայրերից է։ ՀՀ Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ Լոռու և Տավուշի մարզերից 445 տարհանված մարդկանից միայն 137-ը Սանահին կայարանից են։ Սիրուշը և Հասմիկը Սանահին կայարանի տեղահանված բնակիչներից են։ Նրանց հետ զրուցելիս կարծես թե պատմությունները կրկնվում էին․ երկուսն էլ ապրում էին առաջին հարկերում և ջրհեղեղի ժամանակ տանն էին եղել։ Իրենց իսկ խոսքով՝ այդքան տարի նման բան չէին տեսել։
66-ամյա Սիրուշը, ով արդեն 39 տարի է, ինչ ապրում է Ալավերդիում, չէր հավատում աչքի տեսածին։
Ջրհեղեղից ամբողջ տունը վնասվել է, տեխնիկայից էլ միայն սառնարանն է սարքին մնացել։ Երկար տարիների աշխատանքային փորձը Ալավերդիի կանխարգելիչ ախտահանման բաժնում՝ թույլ է տվել Սիրուշին առաջին իսկ օրերից սկսել տան ախտահանման ու մաքրման
աշխատանքներն ինքնուրույն և հիմա էլ, երբ շատերը նոր էին սկսում աշխատանքները՝ իր տունն արդեն անցել էր այդ փուլը և ինչպես ինքը նշեց՝«տնից էլ խոնավության հոտ չէր գալիս»։
Տրամադրված աջակցության շնորհիվ, Սիրուշը որոշ տեխնիկա է ձեռք բերել՝ գազօջախ, փոշեկուլ, արդուկ, ինչպես նաև կենցաղային պարագաներ՝ վարագույր, անկողին, ծածկոց, որոնք փոքր ինչ կնվազեցնեն պատճառած վնասները։
Հասմիկի պատմությունն էլ գրեթե նույնն է, միայն մեկ տարբերությամբ՝ 11-ամյա դուստրը նոր էր քնել, երբ նկատել էին, որ ջուրը տունն է լցվում։
Ոչինչ չէին կարողացել փրկել։ «Ամենքս մեր հեռախոսներն էինք հասցրել վերցնել», - ժպտալով ու կատակով ասում է Հասմիկը։ Առաջին մեկ ամիսը ապրել են սկեսուրի տանը, հետո՝ հյուրանոցում, մինչև վարձակալել են նույն շենքի վերևի հարկը․ այժմ փորձում են վերանորոգել տունը, որ հնարավորություն ունենան շուտ տեղափոխվել։ Դեբեդն անցնում է հենց շենքի դիմացով։ «Վախը սրտներումս ա․ մի թիքա անձրև ա գալիս, թե չէ դուրս ենք գալիս՝ լա նայենք հո չի՞ վարարել», - նշում է Հասմիկը։
Տրամադրված դրամական կտրոնների շնորհիվ գնել են լվացքի մեքենա և հիգիենայի պարագաներ։ Այս պահին ցանկացած օգնությունն էլ կարևոր է, քանի որ մեկ օրում կորցրել են ամեն ինչ։
Start Network բրիտանական հիմնադրամի և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից իրականացված «Վերակառուցելով կյանքը. մարդասիրական աջակցություն ջրհեղեղից տուժած Տավուշի և Լոռու մարզերին» կարճաժամկետ ծրագրի շրջանակում աջակցություն են ստացել 399 ընտանիք։ Աջակցությունը ներառում էր կենցաղային տեխնիկայի, հիգիենայի և կենցաղային պարագաների դրամական կտրոններ, որոնք հնարավորոություն են տվել տուժած բնակիչներին ձեռք բերել առաջին անհրաժեշտության տեխնիկա և պարագաներ։