Օգնում ենք հաղթահարել հայաստանյան սաստիկ ցուրտը

Հրապարակվել է 25 փտվ, 2022 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպե
Օգնում ենք հաղթահարել հայաստանյան սաստիկ ցուրտը
© Foto: PIN

Հակամարտությունից տուժած քաղաքացիները փորձում են հաղթահարել կյանքի մի շարք դժվարություններ, ոտքի կանգնել և առաջ շարժվել։

Բազմաթիվ հոգսերին զուգահեռ՝ նրանք բախվում են նաև հայաստանյան ցուրտ պայմաններում տունը ջեռուցելու խնդիրներին։

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ, արձագանքելով հակամարտությունից տուժած անձանց կարիքներին, 2020 թվականից շարունակում է հումանիտար աջակցություն տրամադրել։ Շուրջ 500 ընտանիքի շրջակա միջավայրի համար անվնաս վառելանյութ է տրամադրվում, և ևս 200 ամենախոցելի ընտանիքներ տան ջերմակայության համար նախատեսված պարագաներ են ստանում՝ որոշ չափով նվազեցնելով առկա խնդիրները։

Շահառուներից 2000 ընտանիք էլ կոմունալ վճարումների  փոխհատուցում կստանա։

Արարատի մարզի Խարբերդ համայնքում բնակություն հաստատած Լուսինեն Հայաստան է տեղափոխվել Լաչինի Գողթանիկ գյուղից։ Փորձում են հարմարվել նոր միջավայրին։ 

Երեխաները, գալուց մեկ շաբաթ հետո, սկսել են դպրոց հաճախել։ Ամուսինն ու մեծ տղան` Վիգենը, աշխատում են, և ապրում են համատեղ ջանքերով՝ լավ կյանքի ակնկալիքով։ «Ամենաշատը տուն եմ ուզում։ Տուն լինի՝ կտեղափոխվենք։ Մնացածը խնդիր չէ», - նշում է Լուսինեն։

Սաստիկ ցուրտն այս տանը իսկապես դժվար է հաղթահարել։ Նրա խոսքով՝ «անցած տարի մոտ 500 հազար դրամի վառելափայտ են առել։ Բրիկետները լավ աջակցություն են։ Լավ տաքացնում են»։

Հայկուհին «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի մյուս շահառուներից է։ Հայաստան են տեղափոխվել Քաշաթաղի շրջանի Սուզ գյուղից։ Թողնելով նորակառույց տունը՝ տեղափոխվել են Հայաստան, քանի որ նրա խոսքերով՝ «Ղարաբաղում այլևս անելիք չկա»։

Չնայած տան պայմանների վատ լինելուն՝ երեխաների դպրոցի համար մնում են այստեղ, որպեսզի այստեղից այնտեղ չտեղափոխվեն, և երեխաները կարողանան մի փոքր հարմարվել։

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից տրամադրված բրիկետները մեծ օգնություն են 5 երեխա ունեցող ընտանիքին՝ թոթափելու առանց այն էլ դժվար պայմանները։ 


Autor: Էլմա Վարդանյան