Տեղահանված անձանց տրամադրված սոցիալական ծառայությունների արդյունավետության գնահատում

«Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ

2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա պատերազմի ու դրան հաջորդած իրադարձությունների հետևանքով Արցախում բնակվող ավելի քան 100.000 քաղաքացիներ բռնի տեղահանվեցին իրենց բնակավայրերից։ Նրանց մեծամասնությունը, ըստ վիճակագրական տվյալների, բնակություն հաստատեց Հայաստանի Հանրապետությունում, իսկ փոքր տոկոսը մեկնեց այլ երկրներ։

Այս ցավալի իրողությունն, անշուշտ, մեծ մարտահրավեր էր ոչ միայն բռնի տեղահանված անձանց, այլև Հայաստանի Հանրապետության պետական կառույցների, Տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կառույցների համար՝ սոցիալական, տնտեսական, հոգեբանական և հասարակության ներդաշնակ ինտեգրացիայի տեսանկյունից։

Կարելի է փաստել, որ, չնայած մեծ դժվարություններին, հաջողվեց օպերատիվորեն կազմակերպել բռնի տեղահանված անձանց բնակապահովման և առաջին անհրաժեշտության աջակցության տրամադրման աշխատանքները՝ պետական կառույցների, ՏԻՄ-երի, միջազգային կազմակերպությունների և տեղական հասարակական կազմակերպությունների արդյունավետ աշխատանքի և համոգործակցության շնորհիվ։ Այնուհետև, ՀՀ կառավարության կողմից ներդրվեցին բռնի տեղահանված անձանց ուղղված մի քանի ծրագրեր (օրինակ՝ միանվագ 100.000 դրամ աջակցություն, բնակապահովման, բնակության ծախսերի փոխհատուցման 40.000+10.000 դրամ ծրագրերը և այլն)։ Զուգահեռաբար, ՏԻՄ-երի, միջազգային և տեղական կազմակերպությունների կողմից շարունակվում էին/են տրամադրվել տարատեսակ օգնություններ։

Ուսումնասիրելով, սակայն, բռնի տեղահանված անձանց տրամադրված սոցիալական ծառայությունների դինամիկան, կարող ենք փաստել, որ ժամանակի ընթացքում դրանց մի մասը դադարեցվել են կամ կարգի փոփոխությամբ պայմանավորված՝ թիրախավորել շահառուների ավելի նեղ շրջանակի։

Այս հետազոտության նպատակն է՝ բացահայտել Արցախից բռնի տեսահանված անձանց պետական և ՏԻՄ մակարդակում տրամադրված սոցիալական ծառայությունների արդյունավետությունը, գնահատել, թե դրանք որքանով են լուծել շահառուների կարիքները, բացահայտել առկա հիմնախնդիրներն ու ներկայացնել ծառայությունների բարելավման առաջարկություններ։ Հետազոտության ընտրանքն ընդգրկել է Տավուշի մարզի Նոյեմբերյան և Կոտայքի մարզի Աբովյան համայնքներում բնակվող բռնի տեղահանված 151 անձանց, որոնց հետ իրականացվել են ձևայնացված (ստանդարտացված) հարցումներ։

Հետազոտությունն իրականացվել է «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ կողմից՝ «Իրազեկ հանրություն, արդյունավետ սոցիալական ծառայություններ» ծրագրի համատեքստում՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի «Միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի շրջանակում: Այն համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից՝ Միգրացիոն գործընկերության գործիքի (MPF) շրջանակում և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) միջոցով։

Ուսումնասիրության բովանդակության համար պատասխանատու է «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, և այն պարտադիր չէ, որ արտացոլի Եվրոպական միության կամ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի տեսակետները:

Download